Հայաստանյան բանկերում գումար ներդնելու ՀՀ սփյուռքի նախարարի կոչին բազմաթիվ սփյուռքահայեր են արձագանքել

Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանից այսօր խորհրդարանում լրագրողները հետաքրքրվեցին, թե ՀՀ բանկերում 1000-ական դոլար ավանդ դնելու առթիվ սփյուռքահայերին ուղղված իր կոչին արձագանք եղե՞լ է:
«Օ, այո՜: Երեկ այնպիսի մի մեծ գումարի մասին լսեցի, որ հաճույք ստացա: Մեկն օրինակ ինձ ասաց, որ 1.5 մլն բերեցինք, ներդրեցինք հայկական բանկերում: Դա հաճույք էր: Եվ կարող եմ Ձեզ ցույց տալ այն նամակները, այն հարցադրումները, այն վերաբերմունքը, որ սփյուռքահայերն արեցին: Օրեր առաջ մի կին եկավ Լիբանանից, 200 հազար դոլար էր բերել և խնդրում էր, որ ես օգնեմ, բայց ես ասացի՝ դուք կարող եք ցանկացած բանկում էլ դնել: Ինձ համար նշանակություն չունի որ բանկում, ինձ համար կարևորը, որ գումարը մեր բանկերում լինի, և բանկի տոկոսները ցածրանան»,- ասաց Հրանուշ Հակոբյանը:
Ավելին, ըստ Հրանուշ Հակոբյանի` իր կոչից հետո գումարների հոսք եղել է, բայց քանի որ երևույթն ինքնին գաղտնի է, չեն կարող հրապարակայնացնել:
Հրանուշ Հակոբյանը նշեց նաև, որ Կանադայից մի սփյուռքահայ յուրաքանչյուր դստեր համար 3000-ական դոլար է դրել բանկերում: «Աղմուկը տարածվեց սփյուռքում, իմացան և սկսեցին դնել»,- ասաց նա:
«Մենք սփյուռքին դիտարկում ենք և՛ ֆինանսական ռեսուրս, և՛ մտավոր ռեսուրս, և՛ մշակութային ռեսուրս, և ընդհանրապես կապեր, կարողություններ, հարաբերութուններ, մոտեցումներ»,-հայտարարեց Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը՝ մեկնաբանելով Սերժ Թանկյանի, Արսինե Խանջյանի և այլ հայտնի սփյուռքահայերի հայտարարությունը, որ սփյուռքն օգտագործվում է միայն ֆինանսական, շահադիտական նպատակներով:
Նա բերեց Հրայր Հովակիմյանի օրինակը, ով 1992 թ-ին Հայաստան գալով՝ ոչինչ չբերեց, բացի իր խելքից, փորձից, իր վիրահատելու տեխնիկայից և Հայաստանում ստեղծեց սրտի վիրահատության դպրոց ու համակարգ:
Հրանուշ Հակոբյանի խոսքով՝ մամոգրաֆիայի կենտրոնը նույնպես լավ օրինակ է, որտեղ ամեն տարի ստուգման գնալը մշակույթ է դարձել, և այդ գիտելիքն ու փորձը բերվել է սփյուռքից:
«Սփյուռքը հզորագույն պոտենցիալ է, որ պետք է օգտագործել»,- ասաց Հրանուշ Հակոբյանը:
Ըստ նրա՝ անցնող 8 տարիներին 96 մասնագիտական համաժողովներ են կազմակերպվել, որոնց ժամանակ սփյուռքի մասնագետները հանդիպել են հայաստանյան մասնագետների հետ՝ քննարկումներ և ծրագրեր իրականացնելու և փորձի փոխանակման համար։
Հրանուշ Հակոբյանը կոչ արեց լրագրողներին հաշվի առնել, որ նախարարության 90 աշխատակիցներն աշխատում են 7 մլն մարդու հետ, իսկ մյուս նախարարությունները` 3 մլն-ի:
Հրանուշ Հակոբյանի կարծիքով` բնական է, որ սփյուռքահայերի կարծիքները պետք է տարբեր լինեն, քանի որ նրանք բազմաշերտ են, տարբեր երկրների քաղաքական ու տնտեսական ռեժիմների ազդեցության ներքո են և մեծ պատմություն դարձնել պետք չէ: