«Անուշ» պարախումբը 2017 թվականի գործունեությունը նվիրելու է համահայկական շարժմանը

Գերմանիայի Մյունխեն քաղաքի Հայ հայրենակցական միության «Անուշ» պարախումբը միացել է «Դու ի՞նչ ես անում Ղարաբաղի համար» նախաձեռնությանը: Նոյեմբերի 26-ին  Մյունխենում կայացած «Երիտասարդ պարող» մրցույթից հետո, որտեղ պարախումբը գրավել է երկրորդ տեղը, դահլիճի միջանցքում շարժման ցուցապաստառով լուսանկարվել են՝ արժանանալով մարդկանց ուշադրությանը: Նույնիսկ մրցույթի ղեկավար Մաթթի Գոլդշմիթն է ցանկություն հայտնել լուսանկարվելու նրանց հետ:

«Տեղեկանալով, որ ՀՀ սփյուռքի նախարարությունը համահայկական նման շարժում է սկսել, շատ ոգևորվեցի և միանգամից որոշեցի պարախմբին անպայման մասնակից դարձնել: Մեզանից յուրաքանչյուրը տարբեր միջոցներով պետք է այս կարևոր գործում ներդրում ունենա»,-«Հայերն այսօր»-ի  հետ զրույցում ասաց պարախմբի հիմնադիր, պարուսույց և գեղարվեստական ղեկավար Անուշ Չախալյանը՝ հավելելով, որ 2017 թվականին պարախմբի ամբողջ գործունեությունը նվիրելու են «Դու ինչ ես անում Ղարաբաղի համար» համահայկական շարժմանը:

Պարուսույցը նշեց, որ նախաձեռնությունը Սփյուռքում հզոր ալիք է բարձրացել, ինչը փաստում է հայ ժողովրդի համախմբվածության մասին:

«Անուշ» պարախումբը հիմնադրվել է 2001 թվականին, երբ արդեն հաստատված կազմով ելույթ է ունեցել Վարդանանց տոնին: Պարախումբ է հաճախում 3-45 տարեկան շուրջ 70 մարդ:

«Անուշ» պարախումբը միշտ մասնակցում է Հայաստանից Մյունխեն ժամանած հայ էստրադային երգիչերգչուհիների համերգներին, ինչպես օրինակ՝ երգչուհի Նունե Եսայանի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Կա՛նք, պիտի՛ լինենք ու դեռ շատանանք» համերգարշավին, որի կազմակերպիչներից էր հանդիսանում նաև ՀՀ սփյուռքի նախարարությունը:

Անուշ Չախալյանը հոկտեմբերի 17-ին ներկա է գտնվել ՀՀ սփյուռքի նախարարության, Համաշխարհային հայկական կոնգրեսի և Ռուսաստանի հայերի միության կողմից իրականացվող «Հայապահպանության գործում նշանակալի ավանդի համար համահայկական մրցանակաբաշխություն-2015»-ին, որի ժամանակ  «Անուշ» պարախումբը «Լավագույն գեղարվեստական խումբ» անվանակարգում երկրորդ կարգի մրցանակի է արժանացել:

 Գևորգ Չիչյան

%d5%a1%d5%b6%d5%b8%d6%82%d5%b72%d5%a1%d5%b6%d5%b8%d6%82%d5%b7

Scroll Up