Սայաթ-Նովայի 300-ամյակին նվիրված երեկո Վրաստանում

Նոյեմբերի 5-ին Վրաստանի խորհրդարանի ազգային գրադարանի ցուցասրահների դահլիճում կայացավ ՍայաթՆովայի 300-ամյակին նվիրված երեկո:

Միջոցառմանը, որը կազմակերպել էր Վրաստանում ՀՀ դեսպանությունը՝ «Կովկասյան տուն» մշակութային կապերի կենտրոնի հետ համագործակցությամբ, ներկա էին «Վրաստան» թերթի խմբագիր Վան Բայբուրթյանը, Խորհրդարանի պատգամավորներ, Վիրահայոց թեմի հայ հոգեւոր դասի ներկայացուցիչներ, Թբիլիսիի հայազգի, հրեա, քուրդ, գերմանական, լատվիական, էստոնական եւ այլ համայնքների ներկայացուցիչներ, ինչպես նաեւ վրաց մտավորական եւ հասարակական գործիչներ: 

Միջոցառմանը հանդես եկան ՍայաթՆովայի ստեղծագործությունների թարգմանիչ, թբիլիսահայ ճանաչված գրող Գիվի Շահնազարին, անվանի հայագետ, թարգմանիչ Զեզվա Մեդուլաշվիլին, Վրաստանի հանրային հեռուստատեսության նախկին գլխավոր խմբագիր Էմին Մահմուդովը, ովքեր իրենց խոսքում անդրադարձան տարածաշրջանի ժողովուրդների գրականության մեջ անպարտելի երգասացի կոչմանն արժանացած եռալեզու եւ քառալեզու բանաստեղծաշուղի ստեղծագործական հմտություններին, իսկ պատմաբան Ենոք Թադևոսյանը ուշագրավ տեղեկություններ ներկայացրեց ՍայաթՆովայի կենսագրական տվյալների մասին

 Շնորհիվ Հայաստանի հետ հաստատված տեսակամուրջի` միջոցառման մասնակիցները հնարավորություն ունեցան հաղորդակցվելու «ՍայաթՆովա» համույթի գեղարվեստական ղեկավար, ՀՀ վաստակավոր արտիստ, պրոֆեսոր Թովմաս Պողոսյանի հետ

Միջոցառման համերգային մասում հանդես եկան «Հայարտուն» մշակութային կենտրոնի «Ջեյրան» պարային համույթի գեղարվեստական ղեկավար Սվետլանա Երիցյանը եւ իր սաները, երիտասարդ վրացի կատարողների լարային քառյակը, ինչպես նաեւ միջազգային մրցույթների հաղթող ճանաչված երաժիշտ եւ երգչուհիներ Եսայի Աբովյանը, Նադյա Զախարյանը, Էմմա եւ Աննա Պողոսովաները: Երեկոյին ցուցադրված էին նկարիչ Ալլա Անտոնյանի թեմատիկ ստեղծագործությունները: Ասմունքեցին Լիզա Թորոսյանը եւ արեւելագետ Քերիմ Անկոսին

Scroll Up