Եվս մի ծանր կորուստ

Կյանքից հեռացել է հայ թատրոնի ամենաինքնատիպ անհատականություններից մեկը՝ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի ավագագույն դերասանուհի, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Հեղինե Հովհաննիսյանը:

Հեղինե Հովհաննիսյանը  ծնվել էր 1926թ. օգոստոսի 4-ին, Երևանում: 1948թ. ավարտել էր Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական բաժինը և նույն տարում հրավիրվել Գ. Սունդուկյանի անվան թատրոն՝ դառնալով աճեմյանական փառահեղ «Նամուս» բեմադրության դերակատարներից մեկը: Հեղինե Հովհաննիսյանն ու նրա սերնդակիցներն ազգային թատրոնում դերասանական նոր որակների և սկզբունքների հաստատողները եղան, սկիզբ դրեցին մեծ հեղաբեկումներին, որոնք էլ ձևավորեցին 20-րդ դարավերջի դերասանական նորացումների ընթացքը: Ինչպես Հեղինե Հովհաննիսյանը, այնպես էլ նրա սերնդակիցներ Մետաքսյա Սիմոնյանը, Վարդուհի Վարդերեսյանը, Մարգո Մուրադյանը փոխեցին պատկերացումները հայ աղջկա ու հայ կնոջ բեմական մարմնավորումների մասին: Հեղինե Հովհաննիսյանն իր հերոսուհիների միջոցով բեմ բերեց ընդգծված արիստոկրատականություն և ինտելեկտուալիզմ, զգացմունքային խաղին զուգորդեց բանական խաղի դրույթներն ու սկզբունքները:

Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում դերասանուհու խաղացած դերերի թիվն անցնում է հինգ տասնյակից, որոնցից հիշարժան  են  Գոներիլը` Շեքսպիրի «Լիր արքա», Գլաֆիրան` Գորկու «Եգոր Բուլըչովը և ուրիշները», Վարյան` Չեխովի «Բալենու այգին», Լիզան` Տոլստոյի «Կենդանի դիակ», Չեբոկսարովան` Օստրովսկու «Կատաղի փողեր» և այլն: Դրամատիկական ընդգծված շեշտերի կողքին դերասանուհին հայտածում էր նաև ուշագրավ կատակերգական երանգներ, երբեմն հասնում նաև ողբերգականի մատույցները:

1968 թվականից Հեղինե Հովհաննիսյանը Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի «Բեմական խոսք» առարկայի դասախոսներից էր, նա իր հարուստ գիտելիքներն ու փորձն էր հաղորդում երիտասարդներին: Երկարամյա դասախոսական աշխատանքի համար նա ստացել էր պրոֆեսորի գիտական կոչում: Լինելով նշյալ բուհի առաջին շրջանավարտներից մեկը՝ Հեղինե Հովհաննիսյանն ուսանողներին էր փոխանցում նաև այն ավանդույթները, որոնք հիմնավորել էին այս բուհի հռչակավոր դասախոսները:

Հեղինե Հովհաննիսյանը նկարահանվել էր կինոյում` «Տղամարդիկ», «Սայաթ-Նովա» և այլն: Հեղինե Հովհաննիսյանը մասնակցել է ռադիո և հեռուստաբեմադրությունների: 2002թ. արժանացել էր «Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակի:

Լ.Մ.

Scroll Up