Բրյուսելում կայանալիք «Արցախյան օրեր»-ին կմասնակցի նաև Բակո Սահակյանը
Նոյեմբերի 16-ից 19-ը «Արցախյան օրեր 2016»-ի շրջանակում Բրյուսելում նախատեսված են զանազան ձեռնարկներ: Այս մասին «Հայերն այսօր»-ին հայտնում է ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի հաղորդակցության պատասխանատու Պետո Դեմիրճյանը:
Չորս օրերի ընթացքում տեղի կունենան քաղաքական և մշակութային մի շարք միջոցառումներ: Տեղի կունենա նաև եռօրյա ցուցահանդես, որի նպատակն է Բելգիայի և Եվրամիության հասարակությանը ներկայացնել Արցախի զբոսաշրջային հնարավորությունները, ցույց տալ և իրազեկել ճամփորդական գրասենյակներին՝ Ղարաբաղը այլընտրանքային զբոսաշրջության վայր լինելու իրականությունը` իր խոհանոցով, բազմադարյա ավանդույթներով ու մշակութային ժառանգությամբ: Կցուցադրվեն նաև Արցախի արտադրության նմուշներ և ուտելիքների տեսականի:
Նշենք նաև, որ Արցախից մեծ թվով պատվիրակություն է սպասվում` Արցախի նախագահ Բակո Սահակյանի գլխավորությամբ, ով այդ օրերին հանդիպումներ կունենա քաղաքական դեմքերի հետ:
Արցախյան օրերը կփակվեն հայ մշակութային տանը կայանալիք տոնական համերգ-խնջույքով որտեղ կներկայանան «Արցախի ձայներ» խմբի մեներգիչները:
Արցախյան օրերի նպատակն է Եվրոպային ցույց տալ Ղարաբաղի իրականությունը, որ Ղարաբաղը միայն հակամարտություն չէ, այլ՝ դարերի խորքից եկած ժառանգությամբ երիտասարդ հանրապետություն, որն այսօր կառուցում է իր ժողովրրդավար երկիրն ու ապագան: