«Հայրենիքը բառերով չմեկնաբանվող զգացում է».Պյոտր Ակոպով

ՀՀ սփյուռքի նախարարությունում Հյուսիսային Օսիա-Ալանիայի Հանրապետության Վլադիկավկազ քաղաքից հյուրընկալված «Էրեբունի» հայկական ազգամշակութային համայնքի նախագահի տեղակալներ, գործարարներ Պյոտր Ակոպովի և Վլադիմիր Մանասյանի հետ զրուցել է «Հայերն այսօր»-ի թղթակիցը:

– Պարո՛ն  Ակոպով, գործնակա՞ն է Ձեր այցը Հայաստան:

-Այո՛, սակայն, բնականաբար, կա նաև Հայրենիքի հանդեպ տածած կարոտի զգացման գործոնը: Գործնական է մեր այցը՝ ի նպաստ համայնքային շահերի, որովհետև մենք ապրում ենք համայնքի կյանքով, համայնքի հոգսերով ու խնդիրներով և հնարավորինս փորձում ենք լուծել դրանք: Մեր այցի հիմնական նպատակը  հայկական դպրոցի շենքի վերադարձն է մեր համայնքին, որը համայնքի համար կծառայի իբրև մշակութային կենտրոն: Այդ կենտրոնում  կմիավորենք մեր համայնքային  մշակութային բոլոր կառույցները, միջոցառումներ կկազմակերպենք, հավաքներ կանցկացնենք, դրսից եկող հյուրերին, դերասաններին, երգիչներին կընդունենք, մեր համայնքային պարի համույթն ու երգչախումբը կկարողանան այնտեղ պարապել, ուստի եկել ենք խնդրելու նախարարությանը՝ այդ հարցով համագործակցել մեզ հետ, աջակցել օգնել: ՀՀ սփյուռքի նախարարության համապատասխան վարչության ներկայացուցչի՝ Սերգեյ Սարուխանյանի հետ, մշտապես կապի մեջ ենք, նախարարությունը մեզ օգնել է՝ հնարավոր ամեն ինչով: Մեր երեխաները մասնակցում են  շատ սիրված «Արի տուն» ծրագրին. դա շատ հաջողված ծրագիր է և ցանկալի է, որ միշտ շարունակվի:

-Դուք հայերենով չեք խոսում, մոռացե՞լ եք մայրենին…

-Չեմ մոռացել, հասկանում եմ, սակայն ես ծնված օրվանից ապրում եմ Վլադիկավկազում, ստացել եմ ոչ հայկական կրթություն: Ես ինքնուսույցով սովորել եմ խոսել, գրել ու կարդալ հայոց լեզվով (իհարկե, հիմա ամաչում եմ խոսել իմ իմացած հայերենով): Մեր տուն հարսս՝ տղայիս կինը բերեց հայերենը, ով Հայաստանից է, և իմ հիմա թոռնիկս խոսում է մայրենի լեզվով: Մենք չունենք հայկական թաղամասեր, թեև մեծ թվով հայություն է ապրում  մեր տարածքում: Շատ են խառնամուսնությունները: Չեմ կարող ասել, թե բոլորն ապրում են  լիարժեք հայեցի կյանքով: Ունենք Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի և եկեղեցուն կից՝ հայկական կիրակնօրյա դպրոց, ուր հաճախող երեխաները սովորում են մայրենին. դա ևս հնարավորություն է՝ լեզուն չմոռանալու այն ընտանիք տանելու, մեր համայնքն ունի նաև իր թերթը…այսինքն՝ հայապահպանության նախադրյալներ կա՛ն:

-Հարգելի հայրենակից՛, ասացեք, խնդրեմ, ինչպիսի՞ հարաբերություններ են ձևավորված մյուս համայնքների հետ, հատկապես՝ ադրբեջանական համայնքի հետ. խնդիրներ չեղա՞ն ապրիլյան քառօրյա պատերազմի հետ կապված:

-Կան տարբեր համայնքներ, դրանց թվում՝ ադրբեջանական, որի հետ մենք ունենք նորմալ հարաբերություններ. Հայաստանում դա չէր կարող նորմալ լինել, բնական է. չմոռանանաք, որ մենք բոլորովին ուրիշ հանրապետությունում ենք ապրում: Ասեմ, որ հայերը ադրբեջանցիներից թվով շատ են այնտեղ:

-Երբ ժամանում եք Երևան, օդանավի վայրէջքից հետո ի՞նչ զգացումներ եք ունենում, ու՞ր եք ձգտում գնալ ամենից առաջ:

-Ամեն անգամ տարբեր զգացումներ եմ ունենում և տարբեր վայրերում եմ ձգտում լինել, սակայն առաջինն զգում եմ Հայաստանի բույրը, հարազատ օդը…

-Ի՞նչ  Է Ձեզ համար Հայրենիքը:

– Հայրենիքը բառերով չմեկնաբանվող  զգացում է, դժվար է ասել:

Ես իմ զրույցը շարունակում եմ «էրեբունի» հայկական ազգամշակութային  ինքնավարության նախագահի տեղակալ, գործարար, մասնագիտությամբ շինարար Վլադիմիր Մանասյանի հետ, ով համեստորեն լռում է իր կատարած բարեգործությունների մասին, որոնց շարքում հիշատակելի են տարբեր տարիների  Լարսի ճանապարհին ձնաբուքի մեջ օրերով մնացած  ուղևորներով ու բեռներով լցված մեքենաներին նյութապես ու բարոյապես օգնելը, իր մարդասիրական գործողությունների համար ՀՀ սփյուռքի նախարարի կողմից «Նուբար Փաշա» մեդալով պարգևատրվելու մասին… Մեր երկու հայրենակիցներից դժվարությամբ կորզում եմ Արցախի քառօրյա պատերազմի օրերին օգնություն ցուցաբերելու նպատակով Թալիշ մեկնելու լուրը, երբ արդեն այնտեղ բնակիչներ չկային և նրանց տեղավորել էին Չարենցավանում, ա՛յն, որ այս պատվարժան հայորդիները համայնքի և սեփական միջոցներից հավաքված գումարն անուն առ անուն բաժանել են զոհեր, վիրավորներ ունեցած, իրենց ծննդավայրը ցավով ստիպված լքած թալիշցիներին… Իսկական բարեգործությունը, հիրավի, այն է, որ չի  փնտրում լսող ականջներ ու գովերգող շուրթեր, այլ՝ միայն կոտրված սրտեր ու տխուր աչքեր:

Կարինե Ավագյան

ալանիա1

Scroll Up