«Մեկ ամիս է անցել արյունոտ ուրբաթից, որտե՞ղ մնացին այն 600 ընտանիքները». Հրանուշ Հակոբյան
Սիրիայում իրավիճակը շարունակում է ծայրահեղ ծանր մնալ, այդ թվում` օրհասական սիրիահայության համար: Դեռեւս սեպտեմբերի 30-ին ահաբեկիչները հրթիռակոծեցին Հալեպի հայաշատ Նոր Գյուղ եւ Վիլլաներ թաղամասերը, ինչի հետեւանքով զոհվեցին եւ վիրավորվեցին հայեր: Արյունոտ ուրբաթին հաջորդեց մեծ խուճապ, եւ կրկին կանգնեցինք սիրիահայերին օր առաջ օգնելու անհրաժեշտության առաջ: Իսկ այդ ընթացքում «Հալեպ» հայրենակցական միությունը հանդես եկավ հայտարարությամբ, թե 600 հայ ընտանիք ցանկանում են տեղափոխվել Հայաստան, սակայն միջոցներ չունեն: Սակայն պարզվեց, որ իրականությունը բոլորովին այլ է, ինչի մասին էլ ծավալվեց «Իրավունքի» զրույցը ՀՀ սփյուռքի նախարար ՀՐԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆԻ հետ:
«ԵԿԵՔ ԽՈՍԵԼՈՒ ՓՈԽԱՐԵՆ, ՕԳՆԵՆՔ ՄԵՐ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐԻՆ»
– Այսօր ուզում եմ ուղիղ նայել բոլոր այն լրատվամիջոցների, բոլոր այն մարդկանց աչքերին, ովքեր խոսում էին այդ 600 հայ ընտանիքի մասին, եւ ասել` սիրելինե՛րս, դե հիմա ասեք` մոտ մեկ ամիս է անցել արյունոտ ուրբաթից, ընդամենը 14 ընտանիք է ժամանել Հայաստան, իսկ որտե՞ղ մնացին այն 600 ընտանիքները: Մենք աղմուկ ու խուճապ ստեղծելով, լարվածություն մտցնելով` հայրենիքի եւ սփյուռքի, Սիրիայի եւ Հայաստանի համար, չենք կարողանա լավ գործ անել: Եկեք խոսելու փոխարեն, օգնենք մեր հայրենակիցներին: Այսօր ունենք հայրենիք վերադարձած 20 հազար սիրիահայ, որը հավասար է մոտավորապես 10 գյուղի կամ երկու խոշոր քաղաքի բնակչության: Եկեք օգտակար լինենք նրանց` ամեն մեկս մի հարց բարձրացնելով, ամեն մեկս օգտակար լինելով` փորձենք ամրացնել մեր հայրենակիցներին հայրենիքում:
– Տիկին նախարար, ի վերջո, այսօր կա՞ն Սիրիայում մնացած մեր հայրենակիցներից մարդիկ, որոնք ցանկանում են գալ Հայաստան, բայց ինչ–ինչ խոչընդոտներ կան: Մինչդեռ նրանց այնտեղ վտանգ է սպառնում…
– Մենք ամեն օր աշխատում ենք սիրիահայերի հետ ե՛ւ Հայաստանում, ե՛ւ Սիրիայում: Սիրիայում այսօր ամենավտանգավոր իրավիճակն է, եւ ոչ ոք չի կարող ասել, թե հաջորդ րոպեին, հաջորդ վայրկյանին ինչ կարող է տեղի ունենալ: Սակայն, մեր հայրենակիցները պատերազմական այս հինգ տարիների ընթացքում ունեին գալու հնարավորություն, այսինքն` այնտեղ յուրաքանչյուրը մնացել է իր որոշմամբ: Շատ տարբեր են պատճառները, հիմա չվերլուծենք այդ ամենը, բայց բոլոր դեպքերում, նրանք եթե ուզում են այսօր գալ, ապա այս սխեման կրկին գործում է: Իհարկե, առանց հյուպատոսության նրանք այնտեղից դուրս գալ չեն կարող, հետեւաբար նրանք պետք է նախ դիմեն մեր հյուպատոսություն եւ վիզայի հարցը լուծեն: Ընդ որում` եթե ֆինանսական խնդիրներ ունեն, այս հարցը եւս լուծված է: Որեւէ առումով հնարավոր չէ ասել, որ կա մարդ, որը ֆինանսի պատճառով չի հասնում Երեւան: Նրանք պետք է կարողանան նախ Հալեպի ճանապարհով դուրս գալ, հասնել Լիբանան, ապա նոր Երեւան: Այս խնդիրը նույնպես ազգային իշխանությունների, շտապօգնության հետ կարգավորված է: Եվ ես ցավ եմ ապրում, որ մենք այս աղետի, ցավի ծանր պահին ոչ թե փորձում ենք համախմբել մեր ուժերը եւ թեկուզ մեկ մարդու օգնել, որ տեղավորվի աշխատանքի, սովորի կամ այլ հարցեր լուծի, այլ փորձում ենք իրար մրոտելով ման գալ:
«ԵՍ ԸՆԴԱՄԵՆԸ ԽՆԴՐՈՒՄ ԵՄ…»
– Բայց գաղտնիք չէ, որ հայրենիք վերադառնալով` սիրիահայերի խնդիրները չեն ավարտվում: Նրանց խնդիրների լուծման առաջնահերթություններից որո՞նք կառանձնացնեք:
– Ունենք հստակ մեխանիզմներ, որոնք գործում են սիրիահայերի համար` ե՛ւ բնակարանների տեղավորման, ե՛ւ առողջապահական հարցերի առումով: Բայց նրանց համար հատկապես կարեւոր են աշխատանքի տեղավորման հարցերը: Եթե մարդն աշխատանք ունեցավ, իրեն վստահ կզգա: Իսկ եթե աշխատանք չունեցավ, իհարկե, նրա համար դժվար կլինի, եւ նա անընդհատ կմտածի այլ ուղիներ գտնելու, այլ երկրներ տեղափոխվելու մասին: Ուրեմն` լավ կլինի, որ մեր լրագրողները եւ բոլոր սրտացավ մարդիկ, յուրաքանչյուրն ամեն մի սիրիահայի խնդրին հետեւողականություն ցուցաբերի: Գնա, փորձի մի գործարարի, մի բիզնեսմենի, մի հաստատության ղեկավարի համոզել, որ նրանց աշխատանքի վերցնեն, եւ կարծում եմ` այդ դեպքում սիրիահայերը հայրենիքում շատ մեծ հաջողություն կունենան: Իսկ մեր հայրենակիցների առողջական խնդիրները լուծելու համար մենք առողջապահության նախարարի հետ մեծ ծրագիր ենք իրականացնում: Օրինակ, ընդամենը տարիուկես առաջ գնդակը մտել էր մի երիտասարդի դաստակի մեջ, եւ նա տարիուկես չէր կարողանում թեւը շարժել, իսկ այսօր մեր բժիշկների միջամտության արդյունքում` երիտասարդը վերագտել է իր ֆիզիկական առողջությունը: Այնպես որ, սիրիահայերից ամեն մեկն ունի մեր օգնության կարիքը:
– Այս դեպքում, ինչո՞վ է պայմանավորված, որ ժամանելով Երեւան` տասնյակ սիրիահայեր չեն ցանկանում այստեղ մնալ եւ տեղափոխվում են մեկ այլ երկիր:
– Եթե ամեն մեկս ջերմությամբ շրջապատենք նրանց, լրջորեն փորձենք օգտակար լինել, հաստատ չեն գնա: Ընդհանրապես, նրանց մի մասը գալիս է ու հարմարվում, բայց կան մարդիկ, որ չեն հարմարվում: Եվ կան նաեւ մարդիկ, որ Եվրոպայում, ԱՄՆ-ում ընտանիք ունեն կամ հարազատներ, հետեւաբար ուզում են նրանց մոտ գնալ: Սա ընդհանուր իրավիճակի հետ է կապված եւ միայն հայկական երեւույթ չէ: Կուզենայի, որ մեր լրագրողական աշխարհն էլ օգներ` նրանց հարցերը տեղում լուծել եւ ոչ թե դրանք բարձրացնել Սփյուռքի նախարարության առաջ: Վերջիվերջո, Սփյուռքի նախարարությունը այնպիսի համակարգ չունի, որ իր հիմնարկներում, ձեռնարկություններում, կառույցներում նրանց աշխատանքի տեղավորի: Ես ընդամենը խնդրում եմ, բարձրաձայնում, առաջարկում, դիմում… Այս ձեւով մենք պետք է միանանք իրար եւ օգնենք սիրիահայերին:
«ԵԹԵ ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ ԼԻՆԻ, ՆԵՐԴՐՈՂՆԵՐՆ ԷԼ ԱՎԵԼԻ ԱԿՏԻՎ ԿԼԻՆԵՆ»
– Ի դեպ, միավորվելու մասին. կառավարության փոփոխությունից հետո, շատ խոսվեց այն մասին, որ սփյուռքի ներուժը պետք է ուղղել ոչ միայն Ցեղասպանության ճանաչման, այլ նաեւ հայրենիքում ներդրումներ կատարելու վրա, ինչը տարիներ շարունակ չի իրականացվել անվստահության մթնոլորտի պատճառով: Ի՞նչ կասեք այս մասին:
– Կարծում եմ` շատ ճիշտ հարցադրում է: Այո՛, սփյուռքի ներուժը լավ չի օգտագործվում, եւ այդ ներուժի վատ օգտագործման գլխավոր դժվարությունն այն է, որ կա անվստահություն: Եթե վստահություն լինի, ապա ներդրողներն ավելի ակտիվ կլինեն, անկախ նրանից, որ մեզ մոտ նաեւ ռիսկային իրավիճակներ կան` պայմանավորված պատերազմական խնդիրներով, սահմանների փակ լինելով եւ այլն: Բայց բոլոր դեպքերում նոր վարչապետի պահանջները, հարցադրումները, կարծես, մեծ ակտիվություն են առաջացրել սփյուռքում, հուսանք` կլինեն մարդիկ, որոնք նաեւ հայրենասիրությունից դրդված ներդրումներ կկատարեն: Իհարկե, բիզնեսն իրատեսություն է սիրում, բայց հայաստանյան բիզնեսը զարգացնելու համար պետք է նաեւ հայրենասեր լինել:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ