«Մէկ Ամիս Անցած Է Արիւնոտ Ուրբաթէն, Ո՞ւր Մնացին Այն 600 Ընտանիքները». Հրանոյշ Յակոբեան
Սուրիոյ մէջ իրավիճակը կը շարունակէ ծայրայեղ ծանր մնալ, ինչպէս նաեւ` օրհասական սուրիահայութեան համար: Դեռեւս Սեպտեմբեր 30-ին ահաբեկիչները հրթիռակոծեցին Հալէպի հայաշատ նոր գիւղ եւ Վիլլաներ թաղամասերը, որուն հետեւանքով զոհուեցան եւ վիրաւորուեցան հայեր: Արիւնոտ ուրբաթին յաջորդեց մեծ խուճապ, եւ կրկին կանգնեցանք սուրիահայերուն օր առաջ օգնելու անհրաժեշտութեան առջեւ: Իսկ այդ ընթացքին «Հալէպ» հայրենակցական միութիւնը հանդէս եկաւ յայտարարութեամբ, թէ 600 հայ ընտանիք կը ցանկան տեղափոխուիլ Հայաստան, սակայն միջոցներ չունին: Սակայն պարզուեցաւ, որ իրականութիւնը բոլորովին այլ է, որուն մասին ալ ծաւալեցաւ «Իրաւունք»-ի զրոյցը ՀՀ սփիւռքի նախարար Հրանոյշ Յակոբեանի հետ:
«Եկէք խօսելու փոխարէն, օգնենք մեր հայրենակիցներուն»
– Այսօր ուզում եմ ուղիղ նայել բոլոր այն լրատուամիջոցների, բոլոր այն մարդկանց աչքերին, ովքեր խօսում էին այդ 600 հայ ընտանիքի մասին, եւ ասել` սիրելինե՛րս, դէ հիմա ասէք` մօտ մէկ ամիս է անցել արիւնոտ ուրբաթից, ընդամէնը 14 ընտանիք է ժամանել Հայաստան, իսկ որտե՞ղ մնացին այն 600 ընտանիքները: Մենք աղմուկ ու խուճապ ստեղծելով, լարուածութիւն մտցնելով` հայրենիքի եւ սփիւռքի, Սիրիայի եւ Հայաստանի համար, չենք կարողանայ լաւ գործ անել: Եկէք խօսելու փոխարէն, օգնենք մեր հայրենակիցներին: Այսօր ունենք հայրենիք վերադարձած 20 հազար սիրիահայ, որը հաւասար է մօտաւորապէս 10 գիւղի կամ երկու խոշոր քաղաքի բնակչութեան: Եկէք օգտակար լինենք նրանց` ամէն մէկս մի հարց բարձրացնելով, ամէն մէկս օգտակար լինելով` փորձենք ամրացնել մեր հայրենակիցներին հայրենիքում:
– Տիկին նախարար, ի վերջոյ, այսօր կան Սուրիոյ մէջ մնացած մեր հայրենակիցներէն մարդի՞կ, որոնք կը ցանկան գալ Հայաստան, բայց ինչ-ինչ խոչընդոտներ կան: Մինչդեռ անոնց այնտեղ վտանգ կը սպառնայ…
– Մենք ամէն օր աշխատում ենք սիրիահայերի հետ եւ՛ Հայաստանում, եւ՛ Սիրիայում: Սիրիայում այսօր ամենավտանգաւոր իրավիճակն է, եւ ոչ ոք չի կարող ասել, թէ յաջորդ րոպէին, յաջորդ վայրկեանին ինչ կարող է տեղի ունենալ: Սակայն, մեր հայրենակիցները պատերազմական այս հինգ տարիների ընթացքում ունէին գալու հնարաւորութիւն, այսինքն` այնտեղ իւրաքանչիւրը մնացել է իր որոշմամբ: Շատ տարբեր են պատճառները, հիմա չվերլուծենք այդ ամէնը, բայց բոլոր դէպքերում, նրանք եթէ ուզում են այսօր գալ, ապա այս սխեման կրկին գործում է: Ի հարկէ, առանց հիւպատոսութեան նրանք այնտեղից դուրս գալ չեն կարող, հետեւաբար նրանք պէտք է նախ դիմեն մեր հիւպատոսութիւն եւ վիզայի հարցը լուծեն: Ընդ որում` եթէ ֆինանսական խնդիրներ ունեն, այս հարցը եւս լուծուած է: Որեւէ առումով հնարաւոր չէ ասել, որ կայ մարդ, որը ֆինանսի պատճառով չի հասնում Երեւան: Նրանք պէտք է կարողանան նախ Հալէպի ճանապարհով դուրս գալ, հասնել Լիբանան, ապա նոր Երեւան: Այս խնդիրը նոյնպէս ազգային իշխանութիւնների, շտապօգնութեան հետ կարգաւորուած է: Եւ ես ցաւ եմ ապրում, որ մենք այս աղէտի, ցաւի ծանր պահին ոչ թէ փորձում ենք համախմբել մեր ուժերը եւ թէկուզ մէկ մարդու օգնել, որ տեղաւորուի աշխատանքի, սովորի կամ այլ հարցեր լուծի, այլ փորձում ենք իրար մրոտելով ման գալ:
«Ես ընդամենը խնդրում եմ…»
– Բայց գաղտնիք չէ, որ հայրենիք վերադառնալով` սուրիահայերուն խնդիրները չեն աւարտեր: Անոնց խնդիրներուն լուծման առաջնահերթութիւններէն որո՞նք կ’առանձնացնէք:
– Ունենք յստակ մեխանիզմներ, որոնք գործում են սիրիահայերի համար` եւ՛ բնակարանների տեղաւորման, եւ՛ առողջապահական հարցերի առումով: Բայց նրանց համար յատկապէս կարեւոր են աշխատանքի տեղաւորման հարցերը: Եթէ մարդն աշխատանք ունեցաւ, իրեն վստահ կը զգայ: Իսկ եթէ աշխատանք չունեցաւ, ի հարկէ, նրա համար դժուար կը լինի, եւ նա անընդհատ կը մտածի այլ ուղիներ գտնելու, այլ երկրներ տեղափոխուելու մասին: Ուրեմն` լաւ կը լինի, որ մեր լրագրողները եւ բոլոր սրտացաւ մարդիկ, իւրաքանչիւրն ամէն մի սիրիահայի խնդրին հետեւողականութիւն ցուցաբերի: Գնա, փորձի մի գործարարի, մի բիզնեսմենի, մի հաստատութեան ղեկավարի համոզել, որ նրանց աշխատանքի վերցնեն, եւ կարծում եմ` այդ դէպքում սիրիահայերը հայրենիքում շատ մեծ յաջողութիւն կ’ունենան: Իսկ մեր հայրենակիցների առողջական խնդիրները լուծելու համար մենք առողջապահութեան նախարարի հետ մեծ ծրագիր ենք իրականացնում: Օրինակ, ընդամէնը տարիուկէս առաջ գնդակը մտել էր մի երիտասարդի դաստակի մէջ, եւ նա տարիուկէս չէր կարողանում թեւը շարժէլ, իսկ այսօր մեր բժիշկների միջամտութեան արդիւնքում` երիտասարդը վերագտել է իր ֆիզիկական առողջութիւնը: Այնպէս որ, սիրիահայերից ամէն մէկն ունի մեր օգնութեան կարիքը:
– Այս պարագային, ինչով պայմանաւորուա՞ծ է, որ ժամանելով Երեւան` տասնեակ սուրիահայեր չեն ցանկար այստեղ մնալ եւ կը տեղափոխուին մէկ այլ երկիր:
– Եթէ ամէն մէկս ջերմութեամբ շրջապատենք նրանց, լրջօրէն փորձենք օգտակար լինել, հաստատ չեն գնայ: Ընդհանրապէս, նրանց մի մասը գալիս է ու յարմարւում, բայց կան մարդիկ, որ չեն յարմարւում: Եւ կան նաեւ մարդիկ, որ Եւրոպայում, ԱՄՆ-ում ընտանիք ունեն կամ հարազատներ, հետեւաբար ուզում են նրանց մօտ գնալ: Սա ընդհանուր իրավիճակի հետ է կապուած եւ միայն հայկական երեւոյթ չէ: Կ’ուզենայի, որ մեր լրագրողական աշխարհն էլ օգնէր` նրանց հարցերը տեղում լուծել եւ ոչ թէ դրանք բարձրացնել Սփիւռքի նախարարութեան առաջ: Վերջի վերջոյ, Սփիւռքի նախարարութիւնը այնպիսի համակարգ չունի, որ իր հիմնարկներում, ձեռնարկութիւններում, կառոյցներում նրանց աշխատանքի տեղաւորի: Ես ընդամէնը խնդրում եմ, բարձրաձայնում, առաջարկում, դիմում… Այս ձեւով մենք պէտք է միանանք իրար եւ օգնենք սիրիահայերին:
«Եթէ վստահութիւն լինի, ներդրողներն էլ աւելի ակտիւ կը լինեն»
–Ի դէպ, միաւորուելու մասին. կառավարութեան փոփոխութենէն յետոյ, շատ խօսուեցաւ այն մասին, որ սփիւռքի ներուժը պէտք է ուղղել ոչ միայն ցեղասպանութեան ճանաչման, այլ նաեւ հայրենիքի մէջ ներդրումներ կատարելու վրայ, ինչ որ տարիներ շարունակ չէ իրականացուած անվստահութեան մթնոլորտի պատճառով: Ինչ կ’ըսէք այս մասի՞ն:
– Կարծում եմ` շատ ճիշտ հարցադրում է: Այո՛, սփիւռքի ներուժը լաւ չի օգտագործւում, եւ այդ ներուժի վատ օգտագործման գլխաւոր դժուարութիւնն այն է, որ կայ անվստահութիւն: Եթէ վստահութիւն լինի, ապա ներդրողներն աւելի ակտիւ կը լինեն, անկախ նրանից, որ մեզ մօտ նաեւ ռիսկային իրավիճակներ կան` պայմանաւորուած պատերազմական խնդիրներով, սահմանների փակ լինելով եւ այլն: Բայց բոլոր դէպքերում նոր վարչապետի պահանջները, հարցադրումները, կարծես, մեծ ակտիւութիւն են առաջացրել սփիւռքում, յուսանք` կը լինեն մարդիկ, որոնք նաեւ հայրենասիրութիւնից դրդուած ներդրումներ կը կատարեն: Ի հարկէ, բիզնեսն իրատեսութիւն է սիրում, բայց հայաստանեան բիզնեսը զարգացնելու համար պէտք է նաեւ հայրենասէր լինել:
Հրանդ Սարաֆեան