«Փորձենք հայրենդարձել նաև սփյուռքահայ մամուլը». Սևակ Հակոբյան

ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնած «Հայոց պետականությունը՝ միասնության առանցք» խորագրով Լրագրողների 8-րդ համահայկական համաժողովի ժամանակ հնչեցին բազմաթիվ ելույթներ, մասնակիցներից շատերն էլ հանդես եկան առաջարկություններով:

«Հայերն այսօր»-ը ներկայացնում է համաժողովի ժամանակ Լիբանանի «Զարթոնք» օրաթերթի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանի հնչեցրած կարծիքը:

«Հայոց պետականությունը՝ միասնության առանք» խորագրին ես կավելացնեի նաև՝ հայրենադարձության նպատակակետ: Եթե հայրենադարձությունը կիրառվում է սփյուռքահայերի պարագայում, ինչո՞ւ չփորձել կիրառել սփյուռքահայ մամուլի պարագայում: Մեր խնդիրը Սփյուռքում միայն համայնքի ուծացումը չէ, սփյուռքահայ մամուլը ևս ունի իր խնդիրները: Գաղտնիք չէ, որ տպագիր մամուլն այսօր հոգեվարք է ապրում, մեծ ծախսեր է պահանջում, ունի մարդուժի պակաս և այլն: Ինչո՞ւ մեր մամուլի գործերը կամ մի շարք աշխատանքներ «չհայրենադարձենք» կամ չփոխադրենք հայրենիք: Եկեք այն աշխատանքները, որոնք կարող ենք հայրենիքում իրականացնել, փոխադրենք հայրենիք: Միաժամանակ ունենանք Սփյուռքի մամուլի միասնական գրասենյակ հայրենիքում: Եթե մենք երկու տարին մեկ հավաքվում ենք մասնակցելու նմանօրինակ համաժողովների, ինչու հայրենիքում ամեն օր չհավաքվենք մեր ամենօրյա աշխատանքներով:

Այս հարցը շատ կարևոր է: Նախ՝ հայրենիքում աշխատելը տարբեր իրավիճակ է ներկայացնում, և երկրորդ՝ հայրենիքում մամուլի հետ կապված աշխատանքներ իրականացնելն ավելի նվազ ներդրում է պահանջում մեզանից, քան Սփյուռքում:

Ինչպե՞ս իրականացնենք Սփյուռքի մամուլի «հայրենադարձումը»՝ միացյալ գրասենյակ ստեղծելով: Սփյուռքի լրատվամիջոցները կարող են իրենց գրասենյակները բացել հայրենիքում: «Զարթոնք»-ի պարագայում ես հպարտությամբ կարող եմ ասել, որ արդեն պարբերականի մի շարք աշխատաքներ՝ մեքենագրություն, տպագրություն, դիզայն, խմբագրական որոշ աշխատանքներ և այլն, այստեղ ենք իրականացնում:

Եթե առանձին լրատվամիջոցներ իրենց գրասենյակները Հայաստանում բացելու դժվարություններ ունեն, ապա միացյալ գրասենյակը կօգնի աշխատանքները միասին կատարել: Այլևս չկան անցյալի բարդույթները և կարելի է միասին գործակցել: Միասին հայրենիքում շատ բաներ կարող ենք անել»:

Scroll Up