ՀՀ սփյուռքի նախարարությունն անկարելին կարելի դարձրեց՝ սիրիահայերին օգնելու համար. Սագօ Արեան
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2016/10/Սագօ-Արեան.jpg)
Երևանում և Ստեփանակերտում ավարտվեցին ՀՀ սփյուռքի նախարարության կազմակերպած «Հայոց պետականությունը՝ միասնության առանցք» խորագրով Լրագրողների համահայկական 8-րդ համաժողովի աշխատանքները:
«Հայերն այսօր»-ի հետ զրույցում «Արևելք» կայքի գլխավոր խմբագիր Սագօ Արեանը ներկայացրեց հայկական մամուլի դերի և նշանակության մասին իր մտորումները, ինչպես նաև տեղեկացրեց, թե համաժողովի ընթացքում ինչ ելույթով է հանդես եկել:
– Հայկական մամուլն այսօր հայ զինվորի կողքին է՝ հայ ժողովրդի շահերն ու անվտանգությունը պաշտպանելու, Հայաստանի դերը Կովկասում կայունության ապահովման ուղղությամբ պաշտպանելու և աշխարհում հայերի իրական պատկերը ցույց տալու նպատակով: Պետք է հատկապես ուշադրություն դարձվի այն հայ լրագրողներին, ովքեր հեղինակավոր, միջազգային ճանաչում ունեցող լրատվամիջոցներում են աշխատում: Նրանց գործունեությունը շատ եմ կարևորում, քանի որ նրանք մեր խոնարհ հերոսներն են: Ապրիլյան պատերազմի օրերին էլ տեսանք, թե ինչպես հայ լրագրողները օտար կամ հայկական ամբիոններում մեր դիրքերն ու շահերը պաշտպանելու համար ինչպիսի անվտանգության գոտի ստեղծեցին: Ես երազում եմ, որ այս համաժողովներին մասնակցեն նաև օտարախոս հայ լրագրողներն ու ֆոտոլրագրողները. նրանք պետք է մեր կողքին գտնվեն, քանի որ կարևոր ներուժ են մեզ համար: Լրագրության մեջ հասած իրենց դիրքերի շնորհիվ՝ նրանք կարևոր և օգտակար գործ կարող են անել:
Հայկական մամուլն այսօր իր ծավալած գործունեությամբ Հայաստանն ավելի ազդեցիկ և հրապուրիչ երկիր է դարձնում, մանավանդ՝ աշխարհի հայկական այն հատվածներում, որոնք Հայաստանի մասին գրեթե ոչինչ չգիտեն:
Հայաստանյան և սփյուռքյան մամուլն իր աշխատանքով արտաքին աշխարհի հետ պետք է կամուրջ ստեղծի՝ ցույց տալու համար, թե Արցախում ռազմական գործողություններն սկսելուն որ կողմն է նախահարձակ լինում:
Միայն խմբագրականներ գրելով և հրապարակախոսությամբ սահմանափակվել պետք չէ. պետք է խոսենք աշխարհի լեզվով և հենց աշխարհին ասելիք ունենանք: Այսօր ամենահզոր զենքն աշխարհում մամուլն է՝ լինի մեկ լուսանկարի, մեկ հոդվածի կամ ռեպորտաժի տեսքով:
Օրինակ, երբ ադրբեջանցիները ապրիլյան պատերազմի օրերին մտան Թալիշ և ականջները կտրելով՝ խաղաղ բնակիչներ սպանեցին, մենք հինգ լեզվով այդ մասին լրատվություն սփռեցինք՝ լուսաբանելով ադրբեջանական վայրագությունները և այն, որ ԻԼԻՊ-ը միայն Սիրիայում չէ:
Իսկ այս համաժողովին հանդես եկա «Արևելք» կայքի լրատվական փորձը հալեպահայերի դիմագրաված տագնապների մասին» զեկույցով՝ ներկայացնելով սիրիահայերի հիմնախնդիրների ճշմարիտ լուսաբանման կարևորությունը լրատվամիջոցներում:
Զեկույցիս մեջ, ի թիվս այլ հարցերի, անդրադարձա նաև ՀՀ սփյուռքի նախարարության՝ Հայաստանում հաստատված սիրիահայերին ցուցաբերած օգնության պատրաստակամության մասին՝ նշելով, որ սիրիական տագնապի առաջին օրերից, երբ Հայաստան եկող սիրիահայերի թիվն այդքան մեծ, չէր, ՀՀ սփյուռքի նախարարությունն ու Հալեպի հայ համայնքի դերին ու կարևորությանը քաջածանոթ նախարար Հրանուշ Հակոբյանը անկարելին կարելի դարձրեցին՝ սիրիահայերին օգնելու համար:
Պատրաստեց Գևորգ Չիչյանը