Խնդիրները լուծում ենք առանց գոռալու, եթե սիրիահայերին տեղափոխում ենք, դա որեւէ մեկը չպետք է իմանա. Հրանուշ Հակոբյան

Սփյուռքի նախարարությունն ամեն ինչ անում է Սիրիայում ապրող մեր հայրենակիցներին Հայաստան տեղափոխելու ուղղությամբ, եթե նրանք դիմում են։ Այս մասինNEWS.am-ի հետ զրույցում նշեց Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը՝ հավելելով, որ :ամեն օր աշխատում են վերջին 5 տարվա մեխանիզմով, թե ինչպես նրանց աջակցեն ու հայրենիք տեղափոխեն։

«Սիրիայում վիճակը ծանր է, երբեք էլ հեշտ չի եղել, ուղղակի մենք լուրեր ենք  ստանում ու ցավում ենք այն դեպքւոմ, երբ  մեր հայրենակիցները զոհվում են, իսկ ընդհանրապես այդ իրավիճակն արդեն Սիրիայում դարձել է կյանքի առօրյա․  ռումբեր գնդակոծություններ․․․ ցավոք սովորական երեւույթ է։  Մեր գործողությունները  հինգ տարի նույնն են․ մենք ամեն մեխանիզմ մշակել ենք ինչպես  Սիրիայից մարդկանց դուրս բերել, որոնք խնդրում են՝ ինչպես նրանց հասցնել Երեւան, ինչպես զբաղվել նրան սոցիալական ինտեգրման, աշխատանքի, կրթության ապահովման խնդիրներով։ Այդ սխեմաները ամեն օր ենք գծում»,-վստահեցրեց սփյուռքի նախարարը։

Նա նշեց, որ Սիրիայում Հայաստանի  հյուպատոսության հետ ամեն օր կապի մեջ եւ պատերազմի ճիրաններում մնացած հայրենակիցների խնդիրները լուծում են անաղմուկ. «Բոլոր խնդիրները լուծում ենք առանց աղմկելու եւ գոռալու։ Որովհետեւ եթե սիրիահայերին ինչ-որ ձեւով տեղափոխում ենք, դա որեւէ մեկը չպետք է իմանա,  որովհետեւ պետական ու ընդդիմադիր կողմը չի ընդունում, որ նրանք պետք է հեռանան։  Համարում ն, որ պիտի մնան ապրեն ու աշխատեն բոլոր սիրիացիների նման»։

Անդրադառնալով «Հալեպ» հայրենասիրական բարեգործական հասարակական կազմակերպության այն հայտարարությանը, որ 600 սիրիահայ դիմել է իրենց, որ   փոխադրվեն Հայաստան, նախարարն ասաց. «Հայտարարությունները, որ 600 հոգի այնտեղ հավաքված է ու ուզում է տեղափոխվել Հայաստան, դա  իրականության հետ աղերս չունի։ Ես ցավում եմ, որ սիրիական ճգնաժամի հետ կապված  որոշ կառույցներ կամ մարդիկ փորձում են դրամ հավաքել եւ որեւէ մեկին հաշվետվություն չտալ, թե այդ դրամը ինչ է եղել։ Այն կառույցը որ հայտարարում էր, որ 600 հոգանոց ցուցակ կա եւ նրանք ուզում են գալ, արդեն 10-րդ օրն է գրավոր եւ բանավոր խնդրում ենք այդ ցուցակները մեզ տալ, չեն տալիս»:

Հրանուշ Հակոբյանն հայտարարել է, որ  վերջին 15 օրվա ընթացքում 4 ընտանիք է ժամանել Հայաստան։

Սփյուռքի նախարարն ասաց նաեւ, որ Հայաստանում ապրող սիրիահայերին չպետք է առանձնացնել հայաստանցիներից  եւ չպահանջել նրանց համար սիրիահայերի համար առողջարանային պայմաններ ստեղծել։

«Ինչպես Հայաստանի բնակիչներն են, այնպես էլ սիրիահայերը, սիրիահայերի  համար շատ արտոնություններ սահմանվում են, բայց հո՞ առողջարանային պայմաններ չպետք է ստեղծեն։ Եկեք չառանձնացնենք ՀՀ քաղաքացուն այստեղ ապրող սիրիահայից, խնդիրները նույնն են։ Հայաստանում 5 տարի ապրողը էլ ինչ սիրիահայ, Հայաստանի քաղաքացի է»,-ասաց Հրանուշ Հակոբյանը:

Scroll Up