Կայացավ սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը

Նոյեմբերի 1-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի գլխավորությամբ տեղի ունեցավ սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը:

Մինչ հանձնաժողովի նիստի սկսվելը ,  ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը   ԱՄՆ-ի հայ ոսկերիչների միության հիմնադիր Սարկիս Կրիկոր Նուրյանին հանձնեց ՀՀ Նախագահի հրամանագրով շնորհված ՀՀ քաղաքացիության անձնագիրը:

Սիրիահայերի աջակցության ծրագրերի մասին զեկույցով հանդես եկավ Հայաստանում ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի ղեկավար Քրիստոֆ  Բիերվիրթը:

Սիրիահայերի մասնագիտական վերապատրաստման և նրանց աշխատանքի տեղավորման գործընթացի մասին  ներկայացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության պետի տեղակալ Գարիկ Սահակյանը:

ՀՀ ԿԱ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետի տեղակալ Արսեն Համբարձումյանը ներկայացրեց   ՀՀ քաղաքացիության և կացության կարգավիճակ ստացած սիրիահայերի համար իրականացված աշխատանքները:

«Նոր Հալեպ» բնակարանաշինության ծրագրի ընթացիկ աշխատանքների մասին զեկույցով հանդես եկավ Երևանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանը:

6 (1)

Տեղեկացվեց, որ ավարտվել են տեղանքի երկրաբանա-հետախուզական գործընթացները  և  շուտով  ավարտին կհասցվեն  թաղամասի նախագծման  անհրաժեշտ  աշխատանքները: Ամփոփելով նիստը՝ ՀՀ սփյուռքի նախարարը նշեց,  որ սիրիահայերին  կացարանով  և   աշխատանքով  ապահովելն առաջնային խնդիրներից են, ինչի մասին պետք է մտածեն եւ իրենց ներդրումն ունենան ինչպես Հայաստանի քաղաքացիները և գերատեսչական կառույցները, այնպես էլ Սփյուռքի մեր հայրենակիցները և կազմակերպությունները:

Scroll Up