Մոնթեի զինվորը պատրաստ է իր հայրական տունը տրամադրել սիրիահայ ընտանիքի

Սիրիայում ծավալված վերջին իրադարձություններն անհանգստության կոչնակ հնչեցրին ողջ հայության համար: Հայրենասեր հայն, ինչպես միշտ, կանգնեց դժվար իրավիճակում հայտնված իր հայրենակցի կողքին: Դրա ապացույցն են ՀՀ սփյուռքի նախարարություն դիմած բազմաթիվ մարդիկ, ովքեր պատաստակամություն են հայտնել իրենց հարկի տակ ընդունելու Հայաստան եկող սիրիահայերին:

Լեռնային Ղարաբաղի Մարտունու շրջանի  Ճարտար գյուղից մայոր Արթուր Հովսեփյանը մեկն է այն քաղաքացիներից, ով դիմել է Սփյուռքի նախարարություն՝ այս խնդրանքով: Երբ զանգեցինք Արցախի N զորամասի հրամանատարի տեղակալին՝ զրուցելու համար, նա առաջինը հետաքրքրվեց, թե արդյոք կա ընտանիք, ով ուզում է ապրել իրենց տանը, ու երբ իմացավ մեր զանգի նպատակը, փոքր-ինչ տխրեց… «Թող գա´ն, սպասում ենք: Գործ կգտնենք, տունն էլ կա, մեր հողն էլ շեն է: Ինձանից էլ լավ կապրեն, հավատացնում եմ»,- «Հայերն այսօր»ի հետ զրույցում ասում է Արթուր Հովսեփյանը:

Arthur Hovsepyan

Արցախյան երկու պատերազմների մասնակից մայոր Արթուր Հովսեփյանը տանկիստ է, պատերազմի ընթացքում ցուցաբերած որակների համար նա 2 անգամ պարգևատրվել է Մարտական խաչ շքանշանով: Փորձառու զինվորականը հպարտությամբ է նշում, որ Մոնթեի զինվորն է եղել, Արցախյան գոյամարտի ընթացքում կռվել է Արցախ աշխարհի բազմաթիվ շրջաններում: Անձնական օրինակով ոգևորելով կրտսեր զինակիցներին՝ քառօրյա պատերազմի օրերին էլ նա փայլուն  օգտագործել է այն գիտելիքներն ու հմտությունները, որոնք կուտակվել էին 20-րդ դարավերջի մեր ազգային-ազատագրական պայքարի ժամանակ, ինչի համար 2016 թվականի ապրիլի 19-ին Արթուր Հովսեփյանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի  կողմից պարգևատրվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի  շքանշանով:

17177_b

Մերօրյա հերոսն այսօր իր մանկավարժ կնոջ, երեք երեխաների հետ միասին ապրում է Ներքին ճարտարում: Իսկ Ճարտարում գտնվող երկհարկանի հայրական տունը պատրաստ է տրամադրել Արցախում բնակություն հաստատելու ցանկություն հայտնած ցանկացած սիրիահայ ընտանիքի: «Մի մեծ ընտանիք կարող ենք ընդունել: Եթե երեխաներ էլ լինեն, ավելի լավ: Կշփվեն տղաներիս ու աղջկաս հետ (Արթուրը 14 տարեկան զույգ տղաներ ունի և 15 տարեկան մի աղջիկ), ամեն ինչով էլ կօգնենք»,-ասում է «Հայերն այսօր»ի զրուցակիցը:

14658192_844816805655426_1824669921_n (1)

Արթուրի խոսքով՝ կինն ու երեխաներն իր որոշումը մեծ սիրով են ընդունել. «Դե, տղաներս, կարող եմ ասել, արդեն  պարրաստի զինվորներ են ու լավ գիտեն՝ ինչ է պատերազմը, դրա հետևանքները, իսկ կինս Հայոց լեզվի ուսուցչուհի է մեզ մոտ, կարող է նաև դպրոցի հետ կապված հարցերում օգնել: Իմ շրջապատում էլի մարդիկ կան, ընկերներ, ովքեր նույնպես պատրաստ են իրենց տանը հյուրընկալելու սիրիահայերի: Բոլորս էլ ոգևորված ենք ու  գրկաբաց սպասում ենք»,-ասում է փորձառու զինվորականն ու նշում, որ ինքն այս տարիների ընթացքում միշտ էլ հետևել է Սիրայում ծավալվող իրադարձություններին, արձագանքել օգնության կոչերին ու ինքն էլ հանդես եկել առաջարկով: «Ժամանակին ես նույնիսկ ցանկություն եմ հայտնել մեկնելու Քեսաբ ու այնտեղ կռվելու մեր հայրենակիցների անվտանգության համար: Այս պահին բոլորիս ուշադրությունը՝ հայաստանցի թե սփյուռքահայ, պիտի ուղղված լինի Հալեպին»,-իր խոսքն այսպես է եզրափակում մերօրյա հերոս Արթուր Հովսեփյանը:

Ջուլիետա Մաթևոսյան

Scroll Up