Լոնդոնահայ արվեստագետները հյուրընկալվեցին Սփյուռքի նախարարությունում
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2016/10/medal.jpg)
Հոկտեմբերի 10-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց «Լոնդոնի հայկական օպերա» խմբի գեղարվեստական ղեկավար Արիս Նադիրյանին, ՀՀ վաստակավոր արտիստ, ՀՀ ազգային ժողովի պատգամավոր Շուշան Պետրոսյանին, Լոնդոնի «Սուրբ Եղիշե» եկեղեցու երգչախմբի մեներգչուհի Հռիփսիմե Խասգալյանին և երաժիշտ Վահե Բեգոյանին:
Ջերմորեն ողջունելով հյուրերին՝ նախարարը նշեց. «Ուրախ եմ ձեզ հյուրընկալել սփյուռքի նախարարությունում: Այսօր մեզ հնարավորություն է ընձեռված հանդիպելու և շնորհակալություն հայտնելու արվեստագետ Արիս Նադիրյանին, ով ծնվել է հայկական մշակույթի ամենագեղեցիկ կենտրեններից մեկում՝ Սպահանում: Արիսը երաժշտական կրթություն ստացել է Լոնդոնում, բայց ոգին, սիրտը հայկական երաժշտությամբ և արվեստով է լցված: Լոնդոնում հիմնադրելով և ղեկավարելով «Լոնդոնի Հայկական օպերան», Արիս Նադիրյանը միավորել է հայ համայնքի երաժիշտներին ու արվեստագետներին՝ բրիտանական հասարակությանը ներկայացնելով հայկական դասական երաժշտությունը: Նա հավուր պատշաճի բեմադրել է Արմեն Տիգրանյանի «Անուշ» և Տիգրան Չուխաջյանի «Կարինե» օպերաները»:
Սփյուռքում հայկական արվեստը տարածելու և այդ ոլորտում ստեղծագործական և կատարողական բարձր վարպետություն ցուցաբերելու համար՝ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը Արիս Նադիրյանին պարգևատրեց «Կոմիտաս» մեդալով:
Շնորհակալություն հայտնելով նման բարձր պարգևի արժանացնելու համար՝ արվեստագետը նշեց, որ իր համար մեծ պատիվ է օպերային երաժշտության միջոցով օտարին ներկայացնել և ճանաչելի դարձնել հայ մեծերի ստեղծագործությունները:
Արժևորելով Լոնդոնի «Սուրբ Եղիշե» եկեղեցու երգչախմբի մեներգչուհի Հռիփսիմե Խասգալյանի հայապահպան գործունեությունը հայ մշակույթի պահպանման և տարածման գործում՝ նախարարը նրան հանձնեց ՀՀ սփյուռքի նախարարության պատվոգիր: