Գերմանիայի հայ համայնքը բնակարան է նվիրել գյումրեցի Սուքիասյան ընտանիքին

«Հայաստան» համահայկական հիմնադրամի Գերմանիայի տեղական մարմինը շարունակում է բնակարաններ նվիրաբերել Գյումրիի անօթեւան ընտանիքներին: Գերմանիայի հայերի համատեղ ջանքերով ձեռք բերված թվով չորրորդ բնակարանի բանալիները Հիմնադրամի աշխատակիցներն օրերս հանձնեցին 53-ամյա Անահիտ Սուքիասյանին, ով իր չորս զավակների հետ երկար տարիներ ապրում էր դոմիկ-տնակում: Այս մասին «Հայերն այսօր»-ը տեղեկանում է Հիմնադրամի պաշտոնական կայքից:
«Անձամբ եմ տեսել ինչ ծանր պայմաններում է ապրում այս ընտանիքը եւ առանց երկմտանքի որոշեցի օգնել Անահիտին, ում ուսերին է ծանրացած ողջ ընտանիքի հոգսը: Ուրախությամբ պետք է նշեմ, որ Գերմանիայի հայ համայնքն անմիջապես նեցուկ եղավ այս ծրագրին եւ մեզ հաջողվեց նրանց նվիրել երեք սենյականոց այս գեղեցիկ ու լուսավոր բնակարանը: Թող առողջ վայելեն»,- ասում է Հիմնադրամի Գերմանիայի տեղական մարմնի ատենապետ Ժիլբեր Մոմջյանը:
Անահիտն արդեն 16 տարի է միայնակ է խնամում իր զավակներին: Կենցաղային ծանր պայմաններում ապրելու հետեւանքով առողջական խնդիրներ է ձեռք բերել, սակայն այսօր էլ ցանկացած աշխատանք կատարում է երեխաներին ուսումից չկտրելու համար: Ավագ որդին էլ ծառայում է բանակում, ով մի քանի ամսից կվերադառնա: «Անդրանիկիս դոմիկից ճանապարհեցինք բանակ, բայց կդիմավորենք արդեն մեր տանը եւ ամեն ինչ կսկսենք նոր էջից»,- հուզմունքը հազիվ զսպելով ասում է Անահիտը: