Դրամական օգնություն` ապրիլյան պատերազմի վիրավորներին եվ զոհվածների ընտանիքներին

Հուլիսի 6-ին` երեկոյան, ԱՄՆ Լոս Անջելես քաղաքից Մարտակերտ է այցելել Անժելա Դավթյանն իր ընկերներով: Նրանք հանդիպեցին շրջվարչակազմի ղեկավար Վլադիկ Խաչատրյանի հետ:
Այցի նպատակն էր դրամական օգնություն ցուցաբերել ապրիլյան պատերազմում մարտակերտցի 8 վիրավորների եւ 2 զոհվածների ընտանիքների: Այս մասին «Հայերն այսօրը» տեղեկանում է Մարտակերտի շրջանի «Ջրաբերդ» պաշտոնաթերթի ֆեյսբուքյան էջից:
դրամական օգնությունը եղավ շրջվարչակազմի ղեկավարի մասնակցությամբ: Ներկա էին նաեւ Մարտակերտի քաղաքային համայնքի ղեկավար Միշա Գյուրջյանը եւ շրջվարչակազմի աշխարակազմի ՍԾՏԳ պետ Գարիկ Անտոնյանը:
Ապրիլյան պատերազմում վիրավորված անձանց տվեցին 40.000- ական ՀՀ դրամ , իսկ զոհվածների ընտանիքներին 100.000 -ական ՀՀ դրամ:
Անժելա Դավթյանը այս ողջունելի քայլը կատարել է Լոս Անջելեսի իր ընկերների հետ միասին` «Գոֆանդ»-ի աջակցությամբ, որի համար իր շնորհակալական խոսքն ասաց շրջվարչակազմի ղեկավարը:
Անժելա Դավթյանն իր հերթին մաղթանքեր հղեց մարտակերտցիներին եւ հայոց բանակին, իսկ վիրավորներին մաղթեց առողջություն, զոհված զինծառայողների այրիներ Անուշ Հյուսնունցին եւ Էլլադա Առուշանյանին համբերություն` նշելով, որ իրենք միշտ կանգնած են նրանց կողքին:
Նշենք, որ նրանց կողմից նման օգնություն կատարվել է նաեւ Ստեփանակերտ քաղաքում:
Հիրավի ողջունելի է մեր հայրենակիցների նման քայլը` նման մարդկանց ուշադրության կենտրոնում պահելը, որի համար շնորհակալություն ենք հայտնում Անժելա Դավթյանին եւ Լոս Անջելեսի նրա ընկերներին: