«Նոր հանգրվան հայկական լրատվական ցանցի ամրապնդման և զարգացման ճանապարհին». Վաղինակ Վարդանյան

Հայաստանի ժուռնալիստների միությունը, Լրատվամիջոցների համահայկական ընկերակցությունը, Լրագրողների համահայկական համաժողովները համակարգող խորհուրդը, ՀՀ սփյուռքի նախարարության աջակցությամբ՝ հոկտեմբերի 20-24-ն անցկացնելու են «Հայոց պետականությունը՝ միասնության առանցք» խորագրով Լրագրողների համահայկական 8-րդ համաժողովը:

Նախապատրաստական աշխատանքների և համաժողովին առնչվող այլևայլ հարցերի շուրջ է «Հայերն այսօրի» հարցազրույցը ՀՀ սփյուռքի նախարարության Տեղեկատվության և հեռահաղորդակցության վարչության պետ Վաղինակ Վարդանյանի հետ:

-Պարո՛ն Վարդանյան, Լրագրողների համահայկական համաժողովի կազմակերպումն, առհասարակ, ի՞նչ նպատակ ունի:

-Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման  հայեցակարգային դրույթներից է համահայկական միասնական տեղեկատվական դաշտի և Սփյուռքի մասնագիտական ցանցերի ստեղծումը:  ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ ձևավորված և արդյունավետ գործող մասնագիտական ցանցերից մեկն էլ՝ Լրագրողների համահայկական համաժողովների միջոցով ձևավորված և տարեցտարի ընդլայնվող  լրատվամիջոցների համահայկական ցանցն է:

Լրագրողների համահայկական համաժողովները հրավիրվում են երկու տարին մեկ անգամ պարբերականությամբ: Այն մինչև 2008 թվականն իրականացնում էր Լրագրողների համահայկական ընկերակցությունը: Երբ ստեղծվեց ՀՀ սփյուռքի նախարարությունը, արդեն չորս համաժողով գումարվել էր: Նախարարության ստեղծումից հետո էլ այս կարևոր նախաձեռնությունն իր տրամաբանական շարունակությունն ունեցավ:

Կարևորելով լրատվամիջոցների համահայկական ցանց ստեղծելու խնդիրը՝ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի նախաձեռնությամբ և անմիջական մասնակցությամբ Լրագրողների համահայկական համաժողովներն ավելի մասշտաբային և ընդգրկուն դարձան:

2010 թվականի աշնանը ՀՀ սփյուռքի նախարարության աջակցությամբ հրավիրվել է Լրագրողների համահայկական հինգերորդ համաժողովը, որի աշխատանքներն ընթացել են նախ՝ Հայաստանի Հանրապետությունում, ապա՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում:

Հինգերորդ համաժողովից սկսած՝ բոլոր համաժողովներն իրականացվում են ՀՀ սփյուռքի նախարարության անմիջական մասնակցությամբ և  օժանդակությամբ:

-Առաջիկա համաժողովը թեմատիկ ի՞նչ ուղղություններով է ընթանալու, ծրագիրն արդեն պատրա՞ստ է:

-Նախ ասեմ, որ համաժողովը նվիրված է մեր երկու հայկական պետությունների՝ Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության 25-ամյակներին: Բնականաբար, համաժողովի թեմատիկ ուղղվածությունը պետք է համահունչ լիներ Հայոց պետականության ամրապնդմանն ու հզորացմանն ուղղված գաղափարին:

Այդ հանգամանքը հաշվի առնելով՝ համակարգող մարմինը մի քանի տարբերակներ քննարկելուց հետո, որոշեց համաժողովն անցկացնել «Հայոց պետականությունը՝ միասնության առանցք» խորագրի ներքո:

Համաժողովի աշխատանքները տևելու են հոկտեմբերի 20-24-ը: Բացումը տեղի կունենա Երևանում, աշխատանքները կշարունակվեն հոկտեմբերի 20-22-ը՝ ՀՀ սփյուռքի նախարարության նիստերի դահլիճում (հասցե՝ Վազգեն Սարգսյան 3, 9-րդ հարկ), իսկ հոկտեմբերի 23-24-ը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի մշակույթի պալատում:

Հոկտեմբերի 24-ին Ստեփանակերտում տեղի կունենա ամփոփիչ նիստը, որից հետո համաժողովը կավարտի իր աշխատանքները:

Օգտվելով ընձեռված հնարավորութունից՝  շնորհակալություն ենք հայտնում նաև ԼՂՀ պատկան մարմիններին և Արցախի ժուռնալիստների միությանը` համագործակցության պատրաստակամության համար:

Ցանկացողները համաժողովի աշխատանքներին Հայաստանում և Արցախում կարող են հետևել համացանցի միջոցով` ուղիղ հեռարձակմամբ:

Իսկ բոլոր այն մասնակիցները, ովքեր տարբեր պատճառներով չեն կարողանա  ֆիզիկապես մասնակցել համաժողովին, հեռակապի միջոցով հնարավորություն ունեն միանալու և ներկայացնելու  իրենց ելույթը:

Նախատեսված է նաև Երևանում համաժողովի մասնակիցների այցելությունը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, «Եռաբլուր»  զինվորական պանթեոն:

ՀՀ սփյուռքի նախարարությունը համաժողովի օրերին հոգալու է մասնակիցների գիշերակացի և սննդի, ինչպես նաև` Երևան-Ստեփանակերտ-Երևան տրանսպորտային ծախսերը:

Վերադառնալով հարցին՝ ասեմ, որ Լրագրողների համահայկական համաժողովները համակարգող մարմնի նիստում, որը տեղի ունեցավ սեպտեմբերի 23-ին, որոշվեց համաժողովի թեմատիկ հետևյալ ուղղությունները.

  • Տեղեկատվական միացյալ համակարգի նախադրյալները և համապատասխան մեխանիզմները, տեղեկատվությունը ճգնաժամային պայմաններում
  • ՀՀ դիվանագիտությունը, սփյուռքյան կառույցները և համագործակցության ուղիները
  • Սփյուռքի ներուժի օգտագործումը ՀՀ պետականաշինության գործում
  • Հայկական սփյուռքը Հայաստանի Հանրապետության զորակից` Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման աշխատանքներում
  • Հայաստանի և Արցախի Հ
  • անրապետությունների պաշտպանության համակարգի հետ կապված խնդիրները
  • Հայաստան-Արցախ-Սփյուռք` 25-ամյա համագործակցության հանրագումարները և հետագա անելիքները:

Այժմ կազմվում է համաժողովի ծրագիրը, որն առաջիկա օրերին կառաքենք բոլոր մասնակիցներին:

Ե՞րբ է ստեղծվել  Լրագրողների համահայկական համաժողովները համակարգող մարմինը:

– Համակարգող մարմինը ստեղծվել է Լրագրողների համահայկական 6-րդ համաժողովի ժամանակ՝ հետագա համաժողովների հրավիրման օրակարգերը ճշգրտելու, ինչպես նաև համաժողովների ժամանակ բարձրացրած հարցերը, առաջարկությունները, ընդունված հայտարարությունները մինչև կայանալիք մյուս համաժողովը կյանքի կոչելու նպատակով:

Համակարգող մարմնի նիստերն անցկացվում են երեք ամիսը մեկ անգամ: Նիստերի հրավիրման և անցկացման բոլոր կազմակերպչական և տեխնիկական աշխատանքներն իրականացնում է ՀՀ սփյուռքի նախարարության Տեղեկատվության և հեռահաղորդակցության վարչությունը:

Նշեմ նաև, որ համակարգող մարմնի նիստերին սփյուռքյան լրատվամիջոցների ներկայացուցիչները մասնակցում են ուղիղ միացմամբ՝  տեսակապի միջոցով:

-Ովքե՞ր կարող են մասնակցել համաժողովին: Հատուկ չափորոշիչներ կա՞ն սահմանված:

– Մասնակիցների ընտրության հարցում միակ չափորոշիչն այն է, որ հրավերներն ուղարկվում են հիմնականում լրատվամիջոցների խմբագիրների անունով: Եթե նրանք չենք կարողանում մասնակցել համաժողովին, ապա ուղարկում են իրենց կողմից լիազորված ներկայացուցչին: Այստեղ որևէ ընտրության կամ խտրականության հարց լինել չի կարող: Հայկական բոլոր ԶԼՄ-ների խմբագիրները, ովքեր նախապես՝ մինչև ս/թ հոկտեմբերի 1-ը մասնակցության հայտ են ներկայացրել, կարող են մասնակցել համաժողովի աշխատանքներին: Համաժողովի հայտարարությունը այս տարվա ապրիլ ամսից հրապարակվել է ՀՀ սփյուռքի նախարարության պաշտոնական կայքում, նախարարության «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերականում , ինչպես նաև առաքվել է սփյուռքյան մամուլին:

-Արդեն ամփոփե՞լ եք վերջնական արդյունքները: Պատկերն ինչպիսի՞ն է, քանի՞ հոգի է մասնակցելու համաժողովին և աշխարհի ո՞ր երկրներից:

-Հայտադիմումների ընդունման վերջնաժամկետը մինչև հոկտեմբերի 1-ն էր:

Ուախալի է, որ տարեցտարի մասնակիցների թիվն ու աշխարհագրական ընդգրկումը գնալով ավելանում է:

Եթե նախկինում  Սփյուռքի  լրատվամիջոցների մասնակիցների առավելագույն թիվը չի գերազանցել 60-ը, ապա Լրագրողների 8-րդ համահայկական համաժողովին մասնակցելու հայտ են ներկայացրել աշխարհի տարբեր տարածաշրջանների 30 երկրից 100  խմբագիրներ և լրագրողներ: Համաժողովին մասնակցելու են նաև Սիրիայի հայկական լրատվամիջոցների ներկայացուցիչները:

– Պարո՛ն Վարդանյան, համաժողովին նախատեսվո՞ւմ է ոչ հայկական ԶԼՄներում աշխատող հայ լրագրողների մասնակցությունը:

-Անշուշտ, օտար ԶԼՄ-ներում աշխատող 45 հայ լրագրողների նույնպես մասնակցելու հրավերներ ենք ուղարկել: Այսօրվա դրությամբ՝ 20 հոգի արդեն արձագանքել է: Անչափ կարևոր է ոչ հայկական ԶԼՄ-ներում աշխատող հայ լրագրողների մասնակցությունը համաժողովին, քանի որ աշխատելով օտար ԶԼՄ-ներում` նրանք առավել մեծ հնարավորություն ունեն ձևավորելու տվյալ երկրի հանրության կարծիքը հայկական իրականության վերաբերյալ:

Ի դեպ, լրագրողների համահայկական համաժողովներին  ոչ հայկական ԶԼՄ-ներում աշխատող հայ լրագրողների մասնակցության գաղափարն առաջ քաշվեց Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի կողմից՝ 2014 թվականի սեպտեմբերին կայացած Հայաստան-Սփյուռք 5-րդ համաժողովի շրջանակներում տեղի ունեցած Լրագրողների համահայկական 7-րդ համաժողովի ժամանակ:

Ուզում եմ շնորհակալություն հայտնել նաև Սփյուռքի մեր հարգարժան խմբագիրներին, որոնք իրենց հեղինակությամբ դերակատարում ունեցան օտար ԶԼՄ- ներում աշխատող հայ լրագրողներին ներգրավելու հարցում:

Սփյուռքյան քանի՞ լրատվամիջոցների հետ է համագործակցում ՀՀ սփյուռքի նախարարությունը:

–  Այժմ համագործակցում ենք շուրջ 320 սփյուռքյան լրատվամիջոցների հետ: Բոլոր լրատվամիջոցներին ուղարկել ենք համաժողովի մասնակցության հրավերը:  Ճիշտ է, հայտադիմումների ընդունման վերջնաժամկետը հոկտեմբերի 1-ն էր, սակայն այս օրերին էլ Սփյուռքի լրատվամիջոցները դեռ ուղարկում են հայտադիմումներ, որոնք մենք չենք մերժում:

Լիահույս եմ, որ հայ լրագրողների այս հերթական համաժողովը ևս կընթանա բուռն քննարկումների, մասնակիցների միջև փոխըմբռնման մթնոլորտում, կլինեն բազմաթիվ կարևոր առաջարկություններ, որոնք կգտնեն նաև իրենց լուծման տրամաբանական շարունակությունը: Լրագրողների համահայկական 8-րդ  հանձնաժողովը նոր կարևոր հանգրվան կհանդիսանա հայ խմբագիրների և լրագրողների փոխճանաչողության, փոխադարձ սերտ կապերի ամրապնդման, ինչպես նաև համահայկական տեղեկատվական միասնական հարթակի ձևավորման  և զարգացման ճանապարհին:

Նախատեսել ենք նաև համաժողովի նյութերը հավաքագրել և հրատարակել առանձին ձեռնարկով:

Գևորգ Չիչյան

 

Scroll Up