3 զինվոր՝ մեկ ընտանիքից. սիրիահայ Կասանջյան եղբայրները ծառայում են Հայոց բանակում
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2016/09/Մովսես-Կասանջյան.jpg)
17-ամյա Մեսրոպ Կասանջյանն ընտանիքի հետ Հայաստան է եկել 2 տարի առաջ Թուրքիային սահմանակից Սիրիայի Ռաքքա քաղաքից: Այնտեղ նրա հայրը մեքենաների վերանորոգությամբ էր զբաղվում, եղբայրները սափրիչ էին աշխատում:
Սիրիական պատերազմը հայրենիք բերեց նաև այս ընտանիքին: Հայաստան տեղափոխվելուց հետո շուրջ 1.5 տարի Կասանջյանների ընտանիքն ապրում էր Մեծամոր քաղաքում: Վերջին ամիսներին, սակայն, նրանք տեղափոխվել են մայրաքաղաք, Զեյթուն թաղամասում մեկսենյականոց են վարձակալել, 5 հոգանոց ընտանիքն այդ մեկ սենյակում է բնակվում:
Ընտանիքը 5 արու զավակ ունի. նրանցից 4-ը հարազատ եղբայրներ են՝ Պողոսը, Գևորգը, Սաքոն ու Մեսրոպը, իսկ Թորոսը տղաների մորաքրոջ որդին է: Թորոսի հայրը վաղուց է մահացել, և տղայի խնամքը Կասանջյաններն են ստանձնել:
Ժամանակավոր անհարմարությունները, սակայն, չեն ընկճել այս ընտանիքին, ավելին՝ ընտանիքի 2 տղաները՝ Գևորգն ու Թորոսը, այսօր ծառայում են Հայոց բանակում: Գևորգն արդեն 9 ամսվա ծառայող է, Թորոսը՝ ընդամենը երկու: Երկուսն էլ Ղարաբաղի զորամասերում են ծառայում, գոհ են ծառայությունից, ոգևորված, ու արդեն սպասում են իրենց երրորդ եղբորը՝ Մեսրոպին:
Մեսրոպի 18-ամյակը 2 ամսից է լրանալու, բայց տղան արդեն անհամբեր սպասում է, թե երբ պիտի զորակոչվի բանակ, ուզում է անպայման եղբայրների կողքին լինել՝ Արցախում: «Տղաներիս հաճախ են ասում՝ ինչո՞ւ եք գնում ծառայելու, դուք օտար երկրի քաղաքացի եք, կարող եք չծառայել, բայց ես միշտ հակադարձում եմ՝ եթե իրենք չծառայեն, ապա ո՞վ պիտի դա անի: Օտարը չի գալու մեր բանակը շենացնի, սա մեր հողն է, Ղարաբաղն էլ նույն Հայաստանն է, ամենքս էլ հայ ենք»,-«Հայերն այսօր»-ի հետ զրույցում պատմում է ընտանիքի հայրը՝ Դավիթ Կասանջյանը:
Մեսրոպը քչախոս է, համեստ, ինքնամփոփ, ու զրույցը դժվար է ստացվում…օգնության է հասնում ընտանիքի բարեկամուհին՝ տիկին Նատալին. «Գիտե՞ք, ամբողջ օրը հայրենասիրական, ազգային երգեր է լսում: Կարող է ողջ օրը տանը փակված մնալ: Իր տարիքի տղաներին նման չէ, փողոցում հետաքրքրություններ, ընկերներ չունի, միայն եղբայրների հետ է հաճախ խոսում, ասում է՝ գնամ՝ ախպորս հետ կռվեմ…»: Բանակում ծառայելու մասին մտքերն այնքան են զբաղեցրել Մեսրոպին, որ բացի ծառայությունց, ուրիշ բանի մասին չի մտածում: Հարցնում եմ՝ որ ծառայես, վերջացնես, ինչով ես զբաղվելու: «Դե, երկու տարի դեռ կա, կմտածեմ: Գուցե զինվորական գործը շարունակեմ»,-ասում է ապագա զինվորը:
Ի դեպ, Մեսրոպի ավագ եղբայրը՝ Գևորգը, ով Հադրութի զորամասերից մեկում է ծառայում, ապրիլյան օրերին մասնակցել է թեժ մարտերին: Հասցրել է այդ օրերի մարտական ոգին, ոգևորությունը փոխանցել կրտսեր եղբորը: Դիրքերից զանգում էր հարազատներին, նրանց հանգստացնում՝ ասելով. «Առյուծի պես պիտի առաջ գնանք մինչև վերջ»: Այսօր Գևորգն արդեն հմուտ հրետանավոր է, իսկական ռազմիկ:
Հայաստան տեղափոխվելու առաջին օրերից ՀՀ սփյուռքի նախարարությունն այս ընտանիքի կողքին է: Ինչպես նախարարություն դիմած բոլոր սիրիահայերին, Կասանջյաններին ևս գերատեսչությունը օգնել է առողջապահական, կեցության հարցերում: Նախարարության օժանդակությամբ ընտանիքը կարողացել է մասնակցել ավագ որդու՝ Գևորգի, զինվորական երդման արարողությունը:
Հայաստան տեղափոխված շատ սիրիահայերի նման Կասանջյանների խնդիրները նույնպես բնակարանին ու աշխատանքին են վերաբերում: Մեծամորում ապրելիս նրանց օգնել են բնակարանի վարձը վճարել, այսօր այդ նույն խնդիրն ունեն Երևանում: Սփյուռքի նախարարությունն այս հարցում ևս փորձում է օգնել ընտանիքին՝ բնակարանի վարձի համար դիմելով տարբեր մարդասիրական, հասարակական կազմակերպությունների:
Երևանում Կասանջյաններն իրենց սեփական գործն են հիմնել: Քաղաքում փոքրիկ տարածք են վարձակալել, որտեղ թարմ հաց, լահմաջու են թխում ու վաճառում: Գործը նոր է, բայց դժգոհ չեն, կարողանում են իրենց օրվա հացը վաստակել:
Ի վերջո, աշխատող, հայրենասեր մարդն ամեն տեղ իր հացը կգտնի, բայց Հայրենիքի հացն անուշ է, միայն թե խաղաղություն լինի….
Ջուլիետա Մաթևոսյան