«Օդանավից արդեն տեսնելով Երևանի լույսերը՝ ուրախանում եմ, որ դրանք շատ են ու պայծառ». Գրիգոր Ամիրզայան

ՀՀ սփյուռքի նախարարությունում հյուրընկալված ֆրանսաբնակ  ճանաչված լրագրող, ծաղրանկարիչ, Վալանսի «Արմենիա» միության նախագահ, «Դրոմ Արդեշի Ապրիլի 24» կոմիտեի համանախագահ Գրիգոր Ամիրզայանի հետ զրուցել է «Հայերն այսօր»-ի թղթակիցը:

-Բարի՛ գալուստ Հայրենիք, պատիվ եմ համարում՝ հարցազրույց  անցկացնել  ճանաչված լրագրողի և ազգային գործչի հետ. ի՞նչ առաքելությամբ եք Հայաստանում:

-Ես Հայաստանի անկախացման առաջին իսկ օրերից հետևում եմ Հայրենիքի զարգացումներին, վերածնունդին. քանի որ այս տարի սեպտեմբերի 21-ը հոբելյանական տարեթիվ էր, ես եկա՝ մասնակցելու տոնակատարությանը: Ականատես դարձա շքեղ տոնակատարության, հոբելյանական միջոցառումների, տեսա, թե ինչպես փոքրիկներն իրենց ծնողների հետ եկել էին՝ տեսնելու զինվորական շքերթը: Տեսա ժողովուրդն ու բանակը. ժողովուրդն, ըստ երևույթին, հպարտ է  մեր բանակով,  բոլորը ծափահարում էին, ուրախ վանկարկումներ անում: Ես իրապես եկել էի՝ տեսնելու  մի քանի նոր զենքեր, տեսնելու լսածիս մասին, հավաստիանալու  և փաստելու այդ մասին ֆրանսիական մամուլում. 200-300 լուսանկարներ արեցի և մեծ  ռեպորտաժ ուղարկեցի Ֆրանսիայի «Նուվել դ´ Արմենի» շատ կարդացվող, հայտնի էլեկտրոնային պարբերականին, որի երկարամյա լրագրողն եմ: Այնտեղի հայությունն ապրիլյան պատերազմից հետո ուզում է հավաստիանալ, թե արդյոք մեր Հայրենիքը, Արցախը, Աստված չարասցե, նման պատերազմի կրկնության դեպքում արդյոք կկարողանա՞ն դիմակայել և դարձյալ հաղթել, ունե՞նք հզոր զինատեսակներ: Փա՛ռք Աստծո, սեփական աչքերով տեսա այդ ամենը, հպա՛րտ եմ: Այս օրերին ես ուրախ Հայաստան ու հպարտ ժողովուրդ տեսա. իհարկե՛, դեռ շատ գործ կա անելու, սակայն համոզված եմ, որ խաղաղության և աշխատանք ունենալու դեպքում ոչ մի հայ չի գնա Հայաստանից:

-Պարո՛ն Ամիրզայան, գիտեմ, որ Դուք մշակութային բազմաթիվ միջոցառումների հեղինակ եք. ո՞րն է վերջերս Ձեր կազմակերպած ամենից ավելի հիշարժան միջոցառումը  և ի՞նչ առիթով է դա կազմակերպվել:

-Ես շուրջ 20 տարի «Արմենիա» միության նախագահն եմ, նաև  համանախագահն եմ «Դրոմ Արդեշի Ապրիլի 24» կոմիտեի. երեք համանախագահներ ենք: Մենք համախմբեցինք Վալանսի միությունները, կազմակերպեցինք և հիշատակեցինք Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, որին ներկա էին և՛ հայերը, և՛ ֆրանսիացիները. շուրջ 2000 հայություն էր մասնակցում: Մենք շատ կազմակերպված սգակատարեցինք  Մեծ եղեռնի զոհերի հիշատակի օրը: 60 սցենար կազմեցինք և իրագործեցինք Վալանսի շրջանում և շատ ազդեցիկ ձևով  ծանուցեցինք ֆրանսիայում: Շատ կարևոր էր այն փաստը, որ բոլոր կուսակցությունները, միությունները համախմբվեցին այդ նույն գաղափարի շուրջ, և  դա վերջին տարիների ամենամեծ հաջողությունն էր:

-Դուք, նշանավոր թերթերի և ամսագրերի լրագրող-թղթակից լինելուց բացի, նաև  Վալանսի  «Ռադիո Ա»-ի հիմնադիրներից  եք, որը 17 ժամ հաղորդումներ է տալիս,  որո՞նք են այդ հաղորդումների թեմաները:

-ճիշտ է, հիմնադիրներից եմ, սակայն այսօր այն գործում է առանց ինձ, չնայած՝ մոտ եմ նրանց: Թեմաները հիմնականում հայրենասիրական են՝ հայկական երգ-երաժշտություն, լուրեր Հայաստանից, Արցախից: 120 հազար բնակչություն ունեցող Վալանսը 10.000 հայությամբ  հայաշատ քաղաք է. ռադիոն այսօր լրացուցիչ դեր ունի տեղի հայության կյանքում, այն կարողանում է համախմբել հայերին, շատ կարևոր, ամենօրյա լուրեր տալ: Մենք ունենք նաև տեղական, ֆրանսիական թերթեր, որոնցից շատ հայտնի մի թերթում ամեն կիրակի հայության մասին մեկ էջ կա. ես այդ թերթին եմ նաև թղթակցում: Գրում եմ Հայաստանի, հայության մասին, միությունների մասին…Մեր միտքն ամեն վայրկյան Հայաստանի և Արցախի  հետ է:

-Իսկ Ձեր ծննդավայր Սիրիայի մասի՞ն…

-Մեր մեծ ցավը Սիրիայի հայությունն է, անշու՛շտ…Այսօր մեր Հալեպը գրեթե վերացավ. Բեյրութից առաջ Հալեպը  Սփյուռքի փարոսն էր. երիտթուրքերի արածն այսօր Էրդողանը շարունակեց: Հալեպի նշանավոր մտավորականներն ու հասարակության լայն զանգվածներ գնում են Բեյրութ կամ Լոս Անջելես, Փարիզ, մի մասը՝ Հայաստան…երևի 8000 հայություն է մնացել  Սիրիայում: Շատ ցավալի է, որ այդ հրաշալի գաղութն ավերակվեց. այդ գաղութները կորցնելով՝ Սփյուռքը շատ բան կկորցնի: Մենք պետք է կարողանանք մեր գաղութը ուժեղացնել՝ խուսափելու ձուլման վտանգից:

-Պարո՛ն Ամիրզայան, Դուք լրագրող եք, խմբագիր , ծաղրանկարիչ, ազգային-հասարակական գործիչ. ո՞ր ոլորտում եք Ձեզ առավել կայացած, առավել կարևոր զգում:

-Ես  ճանաչված եմ որպես հայրենասեր ու ազգասեր, միութենական կազմակերպիչ, սակայն ամենից կարևոր եմ համարում լրագրողական դաշտում իմ երկարամյա գործունեությունը, որտեղ 40 տարի գործում եմ, իսկ երբեմն ինձ թվում է, թե ծնված օրից եմ այդ ոլորտում: Ես մի քանի տասնյակ թերթերի եմ աշխատակցել ու շարունակում եմ աշխատակցել:

-Մինչ օրս Ձեր հրապարակած հոդվածներից ո՞րն եք համարում ամենաուշագրավը, ամենից շատ արձագանքների ու բարձր գնահատանքի արժանացածը:

-Այնքան շատ են այդ նյութերը, որ այս պահին չեմ կարող որոշակի նյութ առանձնացնել. 25000-ից 30.000 տպագրված նյութեր  ունեմ, պարզապես խոշոր իրադարձություններին վերաբերող նյութերը միշտ էլ ավելի շատ են կարդացվում. օրինակ՝ Ապրիլյան քառօրյային վերաբերող նյութերը:

-Որպես ճանաչված, վաստակաշատ լրագրող՝ ի՞նչ նորամուծություն եք արել լրագրության բնագավառում:

-Իմ  առաջին նպատակն այն է եղել, որ մեր հայկական թերթերը կարդացվեն, ուստի որոշեցի ծաղրանկարներս կցել և մարդկանց ուշադրությունը գրավել. այսօր այնպիսի նյութեր ունեմ, որոնց նույնիսկ 2-3 ծաղրանկար է կցվում: Ահա սա է իմ կողմից արված նորամուծությունը: Չեմ ուզում անհամեստ թվալ. միայն ես չեմ, այդ մեծ օվկիանում ես մի կաթիլ եմ: Շատ եմ գրում սպորտի մասին. տեսե՛ք, ես գրեցի Արթուր Ալեքսանյանի, մեր չեմպիոնների մասին, որոնց միջոցով Սփյուռքի երիտասարդությանը կարող ենք կապել Հայրենիքին: Ես գնացի Արցախ, լուսանկարներ արեցի Մարտակերտում, Աղդամում, Շուշիում, Ստեփանակերտում, որպեսզի փաստեմ աշխարհին, որ կա՛, ապրում է Արցախը, որ հիասքանչ երկիր է այն:

-Ձեր ծաղրանկարների ցուցահանդես  կազմակերպե՞լ եք…

-Այո՛, իմ ծաղրանկարներն ու հոդվածները  տպագրվել են նաև Հայաստանում: Վեջերս Վալանսում կազմակերպվեց իմ ծաղրանկարների ցուցահանդեսը: Տպագրվել են իմ ծաղրանկարների երկու գրքերը: Հնարավոր է՝ Երևանում էլ կազմակերպեմ ծաղրանկարների ցուցահանդես: Գերզբաղված եմ.  ես օրական 40 լուր եմ տեղադրում Հայաստանի, Արցախի մասին:

-Դուք նաև «Ապագա և հիշողություն» կազմակերպության նախագահն եք, ի՞նչ նպատակներ է հետապնդում կազմակերպությունը:

-Ես կոորդինացնում եմ աշխատանքները. այս կազմակերպության հիմնական նպատակը Եվրամիության անդամ երկրների միջոցով Հայոց ցեղասպանությունը ճանաչել տալն է: Մենք լուր տարածողներն ենք, որպեսզի ֆրանսիական խավերն այդ հարցում զորավիգ կանգնեն հայ ժողովրդին, միասին պայքարենք Հայոց ցեղասպանության ժխտողականության դեմ: Եթե մենք ուշադիր, զգոն չլինենք, մեր թշնամիներն այդ թեմայով կարող են ապակատեղեկատվություններ տարածել:

-Երկու տարի առաջ եք եղել Հայաստանում. ի՞նչ փոփոխություններ եք նկատում:

-Գեղեցկացել է քաղաքը, սակայն  ես կուզեմ, որ արվարձաններն էլ զարգանան, շատ է գեղեցկացել Ստեփանակերտը: Արդեն օդանավից  տեսնելով եմ Երևանի լույսերը՝ ուրախանոմ եմ, որ դրանք շատ են ու պայծառ:

-Շնորհակալությո՛ւն, պարո՛ն Ամիրզայան, Ձեզ մաղթում եմ  լրագրողական աշխատանքի  շարունակական ու միշտ բեղմնավոր ընթացք:

Կարինե Ավագյան

Scroll Up