Պատրաստված է սիրով. սիրիահայերի ձեռագործ աշխատանքների ցուցահանդես-վաճառք Երևանում

Հայրենիքում հաստատված սիրիահայերին աջակցելու և կենցաղային խնդիրները փոքր-ինչ թեթևացնելու նպատակով արդեն ավանդույթ են դարձել ՀՀ սփյուռքի նախարարության և «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ի նախաձեռնած ցուցահանդես-վաճառքները, որի ժամանակ Սիրիայից եկած մեր հայրենակիցները ցուցադրում են իրենց ձեռքի ու ստեղծագործ մտքի արգասիքները՝ զարդեր, դեկորատիվ-կիրառական արվեստի նմուշներ, արևելյան ուտեստներ, հագուստ և այլն: Այս անգամ «Սիրիահայ մշակույթի շունչը Երևանում» ցուցահանդես-վաճառքը տեղի ունեցավ սեպտեմբերի 19-20–ը և նվիրված էր ՀՀ անկախության 25-րդ տարեդարձին:
Ցուցահանդես-տոնավաճառի մասնակիցներից մի քանիսի հետ է զրուցել «Հայերն այսօր»–ի թղթակիցը:
Վիգեն Մելքոնյանն արդեն երեք տարի է՝ ապրում է Հայաստանում, երեսուն տարուց ավելի է նա և իր ընտանիքը զբաղվում են արծաթյա և ոսկյա զարդերի արտադրությամբ: Սիրիայում զարդերի խանութներ են ունեցել, բայց Սիրիական պատերազմի պատճառով՝ տեղափոխվել են հայրենիք և այստեղ փորձում են շարունակել զբաղվել արծաթագործությամբ: Նա ցուցահանդեսին ներկայացնում էր արծաթյա ձեռագործ զարդեր: Վիգենը նշեց, որ «Վերնիսաժ»-ում ունեն փոքրիկ տաղավար, որտեղ նույնպես ներկայացված են իրենց աշխատանքները:
Մարալ Դոլմաջյանը մեկուկես տարի է արդեն ապրում է Հայսատանում, երկրորդ անգամ է մասնակցում ցուցահանդես-տոնավաճառին: Ցուցահանդեսին ներկայացնում էր իր ձեռքով պատրաստած, արևելյան համեմունքներով համեմված խմորեղենն ու ուտեստները: Մարալը պատմեց, որ Հայսատանում ապրողներն այնքան էլ ծանոթ չեն իրենց համեմունքներին, բայց քիչ-քիչ մեծանում է հետաքրքրությունը դեպի իր պատրաստած խմորեղենը: Սիրիայում Մարալը տնային տնտեսուհի է եղել և խմորեղեններ պատրաստել է միայն իր ընտանիքի անդամների համար:
Մայդա Իստամբուլյան-Դեմիրճյանը չորս տարի առաջ է եկելՀայաստան, նա Սիրիայի Հալեպ քաղաքից է: Մայդան նկարում է փայտե տախտակների և ապակու վրա, որոնք և ներկայացված էին ցուցահանդեսի ժամանակ: Սիրիայում չի աշխատել, բայց միշտ էլ սիրել է ձեռագործությունը և տանը փորձել է պատրաստել գեղեցիկ խոհանոցային պարագաներ: Երկու տարի է արդեն մասնակցում է նման ցուցահանդեսների:
Ցուցահանդեսին մասնակցում էր նաև Սարգիս Ղուլողսյանը: Նա Հայաստանում է 2011 թվականից, երբ ընտանիքով այցելեց Հայաստան՝ հանգստանալու նպատակով: Բայց սկսվեց Սիրիական պատերազմը, և նա որոշեց այլևս չվերադարնալ Սիրիա: Ցուցահանդեսին նա ներկայացնում էր օծանելիքների տարբեր տեսակներ, որոնք բերված էին Սիրիայից: Սարգիսը Հայաստանում է սկսել օծանելիք վաճառել, իսկ Սիրիայում զբաղվել է ավտոմեքենաների շարժիչների վերանորոգմամբ:
Սիրիայի Հալեպ քաղաքից էր նաև Անիտա Ջենանյանը: Նա արդեն երկուսուկես տարի է ընտանիքի հետ ապրում է Հայաստանում: Սիրիայում չի աշխատել, բայց այստեղ ամուսնուն օգնելու համար մասնակցում է ցուցահանդեսին՝ ներկայացնելով հելունագործ թևնոցներ, ականջօղեր, մազակալներ, մանկական հագուստ և այլ իրեր:
Ջորջ Բոթուկյանն ընդամենը տասն օր առաջ է Հայաստան եկել: Առաջին անգամ է, որ մասնակցում է նման ցուցահանդեսի: Ջորջը շատ է հավանել Հայրենիքը և ցանկություն ունի Հայաստանում մշտական բնակություն հաստատել: Նա ներկայացնում էր տարբեր զարդեր: Իսկ Սիրիայում զբաղվել է գրաֆիկական դիզայնով:
Պատրաստեց՝ Տաթև Դավթյանը