ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանն ընդունեց ԱՄՆ Հանրային սպասարկության ծառայության միջազգային միության հայկական բաժանմունքի պատվիրակությանը
Սեպտեմբերի 16-ին ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանն ընդունեց ԱՄՆ Հանրային սպասարկության ծառայության միջազգային միության ղեկավար խորհրդի անդամ և Լոս Անջելեսի շրջանի հայկական բաժանմունքի հիմնադիր Ստեփան Հովակիմյանին, միության աշխատակազմի անդամ և հայկական բաժանմունքի հիմնադիր Շուշան Բաղբուդարյանին, սոցիալական աշխատողներ Սիլվա Քեշիշյանին և Քեթի Սապունջյանին:
Հյուրերը Հրանուշ Հակոբյանին ներկայացրեցին ԱՄՆ Հանրային սպասարկության ծառայության միջազգային միության գործունեությունը՝ նշելով, որ կազմակերպությունը կոչված է պաշտպանելու աշխատողների իրավունքները և նրանց ձայնը հասցնելու պետական ատյաններին: Միության կազմում 2009 թվականին ստեղծված հայկական մասնաճյուղի կարևոր գործառույթներից մեկն էլ այն է, որ աշխատանքային հարաբերություններին առնչվող խնդիրների կարգավորմանը զուգընթաց՝ իրենք փորձում են հայ մասնագետների համար աշխատատեղեր գտնել ամերիկյան կարևոր պետական հիմնարկներում՝ որպեսզի հետագայում նրանք կարողանան գործել ի նպաստ հայության ազգային խնդիրների:
Հրանուշ Հակոբյանն իր գոհունակությունը հայտնեց հյուրերի գործունեության վերաբերյալ և հորդորեց ուշադրության կենտրոնում պահել հատկապես հայ երիտասարդության խնդիրները, ամեն ջանք գործադրել նրանց Հայաստանին և ազգային արմատներին կապելու համար, հնարավոր միջոցներով աջակցել, որպեսզի առաջընթաց ունենան մասնագիտական և քաղաքական ասպարեզներում: Նախարարի պաշտոնակատարն ընդգծեց նաև սփյուռքահայության կողմից Հայաստանում ներդրումներ կատարելու կարևորությունը, ինչը կնպաստի նոր աշխատատեղերի ստեղծմանը, Հայաստանի տնտեսական զարգացմանն ու արտագաղթի կասեցմանը:
«Մեծ ցանկություն ունենք մասնակից լինելու մեր Հայրենիքի զարգացման ու բարեկեցիկ դառնալու գործընթացին, որպեսզի հայրենի հողի վրա ապրող մեր հայրենակիցներն ապրեն արժանապատիվ և արժանավայել կյանքով», – ասաց Շուշան Բաղբուդարյանը: Իսկ Ստեփան Հովակիմյանն էլ ավելացրեց՝ «Բախտավոր ենք, որ Հայրենիք ունենք և ամեն ջանք պիտի գործադրենք՝ այն կանգուն ու ծաղկուն պահելու համար»:
Զրույցի ընթացքում քննարկվեցին Հայաստանի նմանատիպ կազմակերպությունների հետ կապերը սերտացնելու հնարավորությունները, ինչպես նաև Հայրենիք-Սփյուռք գործակցության ընդլայնմանն առնչվող այլ հարցեր: