ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանն ընդունեց նորաստեղծ «Սամցխե-Ախալցիխե» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներին

Սեպտեմբերի 14-ին ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանն ընդունեց «Սամցխե-Ախալցիխե» նորաստեղծ բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներին՝ հիմնադիր տնօրեն Անդրեաս Սրաբյանի գլխավորությամբ:

 Ողջունելով հյուրերին՝ նախարարի պաշտոնակատարը կարևորեց համայնքում կառույցի կողմից ծրագրված և իրականացվելիք աշխատանքները: Հրանուշ Հակոբյանը նշեց, որ համայնքում առկա են կրթամշակութային խնդիրներ: «Սփյուռքի նախարարությունը պատրաստ է աջակցել հիմնադրամին՝ առկա խնդիրների լուծման ուղղությամբ տարվող բոլոր աշխատանքներին», -ասաց նա:

 Գերատեսչության ղեկավարն ընդգծեց, որ Ախալցխան հայտնի է մեծանուն արվեստագետներով, մտավորականներով և առաջարկեց  համայնքում կազմակերպել ախալցխացի հայ մեծերին նվիրված օրեր: «Հայ երիտասարդները, անշուշտ, պետք է լավ սովորեն, լինեն օրինակելի քաղաքացիներ, ինտեգրվեն հասարակական-քաղաքական գործընթացներին՝ պահպանելով ազգային դիմագիծը: Այդ դեպքում հայ համայնքը պետական մակարդակով խնդիրներին լուծումներ տալու ավելի լայն հնարավորություններ կունենա: Մենք ամեն ջանք պետք է գործադրենք բազմազավակ հայ ընտանիքներին աջակցելու և խրախուսելու ուղղությամբ»,- նշեց նախարարի պաշտոնակատարը:

Երկուստեք կարևորվեցին Ախալցխայի հայկական գերեզմանատան բարեկարգման ուղղությամբ տարվելիք աշխատանքները:

Հիմնադրամի անդամները հավաստիացրին, որ ամեն ինչ կանեն ՀՀ սփյուռքի նախարարության ծրագրերում այսուհետ առավել լայնորեն ընդգրկվելու ուղղությամբ:

Scroll Up