«Արցախի ազատագրված շրջաններում դպրոցը միայն կրթօջախ չէ». Նելլի Շուշի Մարտիրոսյան

Սեպտեմբերի 1-ին դպրոցական առաջին զանգը հնչեց ԼՂՀ Քաշաթաղի շրջանի Հերիկ գյուղի նորակառույց դպրոցում: Արցախի ազատագրված տարածքում դպրոցաշինության ծրագիրը կյանքի է կոչվել «Հայրենասեր» կազմակերպության ջանքերով, որն իր նվիրատուների օգնությամբ հնարավորություն տվեց գյուղի երեխաներին կիսախարխուլ ու խոնավ տուն-դպրոցի փոխարեն հաճախելու բարեկարգ ու լուսավոր դպրոց: Օրեր առաջ «Հայրենասեր» կազմակերպության համահիմնադիր Ստեփան Սարգսյանի նախաձեռնությամբ դպրոցն անվանակոչվեց Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի անունով:

«Հերիկի չքնաղ բնության գրկում լույսի պես վառվում է Հերիկի նոր կառուցված դպրոցը, որը դարձել է հույսի տուն գյուղի բնակիչների համար»,- նշում է «Հայրենասեր» կազմակերպության համահիմնադիր Նելլի Շուշի Մարտիրոսյանը, ում հետ և զրուցել է «Հայերն այսօր»-ը:

– Նելլի, ինչո՞ւ ընտրվեց Հերիկ գյուղի դպրոցը:

– Հերիկը գտնվում է Քաշաթաղի հյուսիսում։ Ազատագրումից հետո՝ 1995-96 թթ., սկսվել է վերաբնակեցվել: Էլեկտրականության և դպրոցի բացակայության պատճառով Հերիկը 1999-2000-ական թվականներին սկսել է դատարկվել: Սակայն Հերիկը մեծ գյուղատնտեսական ներուժ ունի և պետք է վերաբնակեցվեր։

2009-2010 թթ. Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավարության հատուկ որոշմամբ Հերիկը սկսվել է կրկին վերաբնակեցվել: Այստեղ են տեղափոխվել մի քանի ընտանիքներ, գյուղն ապահովվել է էլեկտրականությամբ:

Տարրական որոշ պայմաններ ապահովվելուց  հետո էլ, սակայն, գյուղում առաջնային էր մնում դպրոցի հարցը: Հերիկ գյուղի երեխաները դասերն անց էին կացնում կիսախարխուլ ու խոնավ մի տան մեջ: Ծնողներն ամեն օր մտածում էին երեխաներին օր առաջ այդ դպրոցից, հետեւաբար՝ գյուղից հեռացնելու մասին: Շատ ընտանիքներ խուսափում էին վերաբնակվել Հերիկում՝ հաշվի առնելով հենց դպրոցի անմխիթար վիճակը:

Հենց այս պատճառով էլ «Հայրենասեր»-ը որոշում կայացրեց կառուցել դպրոց Հերիկ գյուղում և այդ քայլով երաշխավորել վերաբնակեցումն ու գյուղի ապագան։

– Ո՞ւմ օգնությամբ է կառուցվում դպրոցը, ովքե՞ր են նվիրատուները: Ցանկացողներն ինչպե՞ս կարող են օգտակար լինել դպրոցաշինությանը և «Հայրենասեր» կազմակերպության կողմից իրականացվող ծրագրերին:

– Ինչպես «Հայրենասեր»-ի բոլոր ծրագրերի դեպքում, Հերիկի դպրոցը նույնպես հովանավորում են հիմնականում ԱՄՆ-ում բնակվող հայրենասեր հայերը, թեև նվիրատուների շրջանակը ներառում է նաև աշխարհի մյուս երկրներում բնակվող հայերին։ Ցանկացած անձ, ցանկացած երկրից կարող է մաս կազմել այս ծրագրին՝ այցելելով «Հայրենասեր»-ի կայք, որտեղ կարող է առցանց նվիրատվության կատարել։ Իսկ ավելի անձնական ներգրավվածության համար, կարող են նամակով կապվել «Հայրենասեր»-ի հիմնադիրներ Ստեփան Սարգսյանի և Նելլի Շուշի Մարտիրոսյանի հետ։ «Հայրենասեր» կայք-էջի հասցեն է www.hayrenaser.org.

– «Հայրենասեր» կազմակերպությունը վերանորոգել է Արցախի ևս երկու գյուղերի դպրոցներ: Ինչո՞ւ հատկապես որոշեցիք դպրոցների վերակառուցմամբ և կառուցմամբ զբաղվել:

– Վերաբնակեցվող Քաշաթաղի շրջանի դպրոցների շենքերը վատթար վիճակում են, մինչդեռ ազատագրված շրջաններում դպրոցը ոչ միայն կրթօջախ է, այլ վերաբնակեցվող բնակավայրի տնտեսական, սոցիալական և մշակութային զարգացման աղբյուր ու գրավական։ Եթե լինի դպրոց, ապա աշխատավարձերի և պետական այլ միջոցների մուտքը բնակավայր կապահովագրի վերաբնակեցվող գյուղի ապագան՝ նպաստելով նաև արտագաղթի կանխմանը։ Քաշաթաղը ՀՀ-ն և ԼՂՀ-ն կապող օղակն է։ Հետևաբար, այն հույժ կարևոր է մեր հայրենիքի անվտանգության համար և պետք է շարունակվի վերաբնակեցվել։

Դպրոց կառուցելու նման մեծ ենթակառուցվածքային ծրագրի իրականացումը նաև ոգեշնչում է վերաբնակներին, հույս ու հավատ ներշնչում ապագայի նկատմամբ։

– Սեպտեմբերի 1-ին Հերիկի նորակառույց դպրոցում հնչեց առաջին զանգը, սակայն դպրոցի պաշտոնական բացումը դեռ տեղի չի ունեցել: Հայտնի՞ է, թե երբ այն կկայանա ու ինչպե՞ս եք նախատեսել տոնել Հերիկ գյուղի համար, և ոչ միայն, այդքան կարևոր իրադարձությունը:

– Պաշտոնական բացումը կկայանա սեպտեմբերի վերջին կամ հոկտեմբերի սկզբին։ Քաշաթաղի վարչակազմը, որը, ի դեպ, դպրոցաշինության ծրագրերում «Հայրենասեր»-ի ամենավստահելի գործընկերն է, կազմակերպում է բացման արարողակարգը։ Յուրաքանչյուր դպրոցի բացում դառնում է համընդհանուր ժողովրդական տոնախմբություն բոլոր բնակիչների համար։

– Ձեր կարծիքով, ի՞նչ կփոխվի գյուղում:

– Վերաբնակներից շատերն էին թերահավատորեն նայում այն շենքի ավերակին, որը նախատեսվում էր վերակառուցել որպես նոր ու ժամանակակից դպրոց: Շատերը չէին հավատում ծրագրի հնարավոր լինելուն։ Սակայն մի քանի ամսվա մեջ «Հայրենասերը»-ը ավերակը վերածեց հարմարավետ ու մաքուր դպրոցի: Այսօր արդեն նոր ընտանիքներ են գալիս գյուղ՝ հաշվի առնելով դպրոցի առկայությունը: Հենց սեպտեմբերի 1-ին մի ընտանիք տեղափոխվեց Հերիկ՝ երեք երեխաներով:

Հերիկում կառուցված դպրոցն այսօր դարձել է գյուղի լինելության, զարգացման ու կայացման գրավականը: Գյուղն այսօր լիահույս է ապագայի հանդեպ: Ծնողը, տեսնելով իր երեխայի համար կառուցված նոր դպրոցը, այլեւս չի մտածում նրան որեւէ տեղ տեղափոխելու մասին: Երեխան էլ այսօր մեծ ուրախությամբ է գնում մաքուր ու բարեկարգ, դեռեւս նախորդ տարի միայն երազանք թվացող դպրոց:

Գյուղի բնակիչները, ենթակառուցվածքների առկայության դեպքում, պատրաստ են ապրել ու աշխատել Հերիկում: Գյուղի դիրքը թույլ է տալիս մեծ ծավալով ցորեն, գարի մշակել, ինչով էլ գյուղացիները հիմնականում զբաղվում են:

– Նելլի´, Արցախից ստացած ձեր տպավորություններով հաճախ եք կիսվում համացանցում: Ի՞նչ է Ձեզ համար Արցախն ու ի՞նչ եք դուք այնտեղ գտել, որը Ձեզ այդքան ուժ, եռանդ ու լավատեսություն է տվել:

– Ինձ և ամուսնուս՝ Ստեփանին, առաջ մղող ու ոգևորող ուժն այն իրականության գիտակցումն է, որ հայ ազգը մինչ օրս չի լուծել իր գոյության հարցը։ Ապրիլյան քառօրյա պատերազմը դրա վառ ապացույցն է։ Ու եթե յուրաքանչյուրս անձնազոհությամբ ու ամենօրյա քրտնաջան աշխատանքով չնպաստենք մեր անվտանգության ամրապնդմանը, մեր երկրի կայացմանը, ապա չենք ունենա Հայաստան, ու չի լինի հայ ազգ։ Այսօր Արցախն այդ պայքարի թեժ առաջնագիծն է։

– Ամերիկա-Արցախ. եթե փորձենք համեմատել…

– Նախ նշեմ, որ Արցախը մենք չենք դիտարկում որպես մի առանձին երկիր. այն Հայաստանի անբաժան մասն է։ Լավագույն դեպքում կարելի է Արցախը համեմատել ԱՄՆ-ի մի նահանգի հետ, օրինակ՝ Կալիֆորնիայի։ Հիրավի, թե Արցախի ու Կալիֆորնիայի, թե Հայաստանի ու ԱՄՆ-ի համեմատությունները բազմաթիվ են և զանազան։ Անձամբ մեզ համար առաջնային է հայ ագզի հարատև գոյությունը, հայկական ինքնության պահպանումը։ Իսկ դա հնարավոր է միայն Հայոց պետականության սահմաններում։ Այս չափանիշով համեմատելիս՝ Հայաստանն անփոխարինելի է և առավել բոլոր երկրներից։

– Հիշո՞ւմ եք Ձեր առաջին այցելությունը Արցախ: Կպատմե՞ք Ձեր զգոցողությունների, տպավորությունների մասին:

– Իմ առաջին այցն Արցախ տեղի ունեցավ 2008 թվականի ամռանը. «Դեպի Հայք» կազմակերպության հետ էի գնացել։ Յոթերորդ երկնքում էի, ծայրաստիճան երջանիկ, ծայրաստիճան ուրախ։ Մտածում էի՝ ի՜նչ լավ է, որ Արցախը մերն է, ու կարիք չունենք մեկ այլ երկրի պետական սահմաններ կտրել, որ հասնենք Արցախ ու վերջում էլ մի բուռ հող թաշկինակի մեջ լցնենք ու հետ բերենք մեզ հետ տուն։ Մտածում էի՝ ի՜նչ լավ է, որ Արցախի տարածքի բոլոր հողերը մերն են, ու թաշկինակի մեջ հող լցնելու և տուն բերելու փոխարեն՝ կարող ենք այդ հողը շենացնել։ Քանի որ առաջին այցս երեք օրով էր, հենց Արցախում որոշեցի, որ հաջորդ ամառ պետք է վերադառնայի Արցախ մի ծրագրով, որն ինձ թույլ կտար և՛ ապրել Արցախում մի քանի ամիս, և՛ հանրօգուտ աշխատանք տանել Արցախում։ Եվ այդպես էլ արեցի։ 2009-ի ամռանը վերադարձա Արցախ երկուսուկես ամսով։ Ապրեցի Մարտակերտի շրջանի Ծմակահող գյուղում և իրականացրեցի աշակերտության զարգացմանը նվիրված իմ ծրագիրը։ Մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ՝  http://www.hayrenaser.org/depihayrenik/tsmakahogh/:

Հիմա արդեն Արցախը մեր ընտանիքի համար ամենօրյա ներկայություն է:

Զրուցեց Լուսինե Աբրահամյանը

ՀերիկՀերիկ1 Հերիկ2Հերիկ5հերիկ3Հերիկ4

Scroll Up