«Արգենտինացին ապահովություն է գտնում արգենտինահայ համայնքում».Տեր Մաղաքիա վրդ.Ամիրյան

Արգենտինայի Հայոց թեմի Բուենոս Այրեսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Մաղաքիա վարդապետ Ամիրյանի հետ «Հայերն այսօր»-ի զրույցից հետո մեկ անգամ ևս հատկանշվեց այն փաստը, որ Սփյուռքում հայապահպանության, քրիստոնեական արժեքներին հավատարիմ մնալու գործում կարևոր ներդրումն ունի Հայ Առաքելական Եկեղեցին և հենց ինքը՝ հոգևորականը:

Եվ, իրոք, հոգևորականն է նաև իր ամենօրյա աշխատանքի շնորհիվ աշխարհասփյուռ հայերի համար ազգային-եկեղեցական կյանք ստեղծում, համախմբում նրանց՝ հորդորելով հայրենասեր և եկեղեցակենտրոն մնալ:

Հոգեշնորհ Հայր Սուրբի հետ զրույցը ծավալվեց ոչ միայն Սփյուռքում հոգևոր առաքելության, այլև՝ զանազան այլ կարևոր հարցերի շուրջ:

Հա՛յր Մաղաքիա, ինչպե՞ս ընտրեցիք հոգևորականի` դժվարություններով և հետաքրքրություններով լի ուղին:

-Նախ ասեմ, որ փոքր հասակից զինվորական դառնալու մեծ ցանկություն ունեի: Դպրոցն ավարտելուց հետո՝ հաստատակամորեն որոշել էի զինվորականի ուղին բռնել և ընդունվել ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ:

Հետո արդեն, մտածումներս ի չիք դարձան. ցանկացա Հայոց բանակում ծառայել՝ համալրելով զինվորների կազմը: Ծնողներս նկատելով երերուն վիճակս՝ հորդորեցին ինքս որոշեմ, թե ինչ մասնագիտություն եմ ուզում ընտրել:

Ընտանեկան հավաքույթներից մեկի ժամանակ Ավստրալիայի և Նոր Զելանդիայի Հայոց թեմի առաջնորդ Տեր Հայկազուն արքեպիսկոպոս Նաջարյանը, որն այն ժամանակ Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչն էր, ինձ երգել առաջարկեց: Երգելուց հետո նա հիացական խոսքեր հնչեցնելով՝ ասաց, որ հրաշալի ձայն ունեմ և պետք է անպայման ճեմարան ընդունվեմ: Անկեղծ ասած` առաջարկից այդքան խանդավառված չէի, բայց համաձայնեցի:

Երևի Սավուղ պապիկիս ազդեցությունը նույնպես նշանակություն ունեցավ. նա հոգևոր կյանքով է ապրում, մինչև հիմա եկեղեցի է հաճախում և մասնակցում եկեղեցական արարողություններին: Եղբայրս նույնպես հոգևորական է:

Ճեմարան ընդունվելու գնացի՝ հստակ պատկերացում չունենալով, թե ինչ է ինձ սպասվում: Ընդունելության քննությունները բարեհաջող հանձնելուց  հետո՝ 1997-2000 թթ. նախ սովորեցի Շիրակի թեմի հոգևոր ընծայարանում, ապա՝ 2000-2006թթ. Մայր Աթոռ Սուրբ Էմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանում:

Անկեղծ ասած՝ սկզբնական շրջանում ճեմարանական կյանքին չէի համակերպվում՝ չնայած որ լավ էի սովորում: Կարծես՝ ինքս ինձ չէի գտնում այդ ասպարեզում:

Սակայն երրորդ կուրսից հետո կյանքս գլխիվայր փոխվեց. կապվեցի ճեմարանին և ձգտում էի հնարավորինս շատ մասնակցել եկեղեցական գործերին: Այդ ժամանակ էլ որոշեցի կուսակրոն դառնալ` ներգրավելով զինվորյալ միաբանության շարքերը: Ահա այսպես սկսվեց հոգևորականի իմ ընթացքը:

-Իսկ ո՞րն էր կուսակրոն քահանա դառնալու պատճառը:

Կարծում եմ` ավագ հոգևորականների հետ ընկերանալն էր, որոնց դրական ազդեցությունը, իհարկե, նշանակություն ունեցավ և որ ամենակարևորն է՝ Առաքելական մեր Սուրբ եկեղեցուն իբրև զինվորյալ միաբանության անդամ՝ անմնացորդ ծառայելու մեծ ցանկությունս: Որոշմանս մեջ, իհարկե, մեծ նշանակություն ունեցավ նաև Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի ազդեցությունը: Հիշում եմ՝ ուսանողական տարիներին նա միշտ հանդիպում էր մեզ հետ և թանկագին պատգամներ տալիս:

Հետաքրքիր և ուսանելի մի պատմություն է կա, որը ճեմարանական տարիներին է տեղի ունեցել և մեծ ներգործություն ունեցել հոգևորականիս կայացման ճանապարհին:

Ճեմարանի վերակացուներից մեկը ուսանողների շարքում կարգուկանոնը ստուգելու ժամանակ, երբ հերթն ինձ հասավ, զգուշացրեց դուրս գալ շարքից` ճանապարհին ընկած պաղպաղակի թուղթը վերցնելու և աղբարկղը գցելու համար: Ես երկբայեցի վերցնել գետնին ընկած թուղթը` հակառակ չգնալով սկզբունքներիս: Նրա մի քանի ցուցումներից հետո ստիպված տեղի տվեցի՝ հոգուս խորքում ցավ ապրելով, թե ինչու դիմեցի այդ քայլին և նվաստացա բոլորի առջև:

Սակայն աղբաման չգտա և թուղթը դրեցի պատի մի անկյունում: ճաշարանից վերադառնալով՝ վերակացուն նկատեց, թե որտեղ եմ դրել թուղթը և կրկին ասաց, որ աղբամանի մեջ գցեմ, ապա տեղեկացրեց իրեն ներկայանալ: Մտնելով աշխատասենյակ՝ նա ոչինչ չասաց. գրապահարանից  Հին և Նոր Կտակարանների մասին երեք հատոր գիրք հանեց, հանձնեց ինձ և երեք շաբաթ ժամանակ տվեց՝ սերտած իր մոտ գնալու համար:

Վերակացուի այդ քայլը, բնավ, պատիժ չհամարեցի. այն կյանքիս կարևոր, ճակատագրական փորձություններից մեկն էր, որը շրջադարձային եղավ ինձ համար՝ մաքրասիրության, կարգապահության և ճշմարտության օրինակ դառնալով:

Ավարտելով ճեմարանը  2007 թվականի ապրիլի 15-ին Հայ Առաքելական եկեղեցու Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմի առաջնորդ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի ձեռամբ` կուսակրոն քահանա ձեռնադրվեցի:

7 3

– Հոգևորական դառնալուց հետո, Հայոց բանակի, հայ զինվորի հետ  կապը պահպանու՞մ եք:

-Անպայման: Ամեն անգամ Հայաստան գալով՝ խոնարհաբար առաջինը զինվորներին եմ այցելում: Հայ զինվորներին սատարելու համար՝ Բուենոս Այրեսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու երիտասարդների մասնակցությամբ մի ծրագիր եմ իրականացնում:

Ամեն տարի հատուկ միջոցառումներից մեկի ժամանակ ճաշկերույթ ենք կազմակերպում, որից ստացված հասույթը բերում եմ հանձնելու Տավուշի մարզի սահամանամերձ շրջաններում գտնվող զորամասերին: Նաև գյուղերից մի քանի ընտանիքներին ենք օգնություն ցուցաբերում:

Իսկ այս տարի հաջողեցինք ԱՄՆ-ում ապրող մտերիմներիս մեկենասությամբ 30 հազար ԱՄՆ դոլարի դրամական օժանդակություն ունենալ, որից հետո Արցախ այցելեցինք և օգնեցինք Ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված զինվորների 26 ընտանիքների, հանդիպեցինք  նաև հաշմանդամ, վիրավորված զինվորներին, անգամ Արցախյան ազատամարտին զոհվածների ընտանիքներին տեսնելու գնացինք:

28

– Ե՞րբ եք սկսել հոգևոր ծառայությունը Բուենոս Այրեսի հայկական համայնքում:

-2011 թվականին Վեհափառ Հայրապետի տնօրինությամբ նշանակվել եմ Բուենոս Այրեսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցու հոգևոր հովիվ:

Հոգևոր ծառայության հինգ տարիների ընթացքում հայրենասեր, ազգանվեր մի համայնք բացահայտեցի. հայերի ստվար զանգվածի հանդիպեցի, որոնք Հայաստանին շատ մոտ են կանգնած՝ կառչած մնալով Մայր հողին:

Արգենտինայի հայ համայնքն ինձ շատ բան է տվել: Այդ ամենի համար շնորհակալ և երախտապարտ եմ Վեհափառ Հայրապետին իմ հանդեպ ունեցած վստահության համար: Այն փորձություններն ու դժվարությունները, որ կրում է հոգևորականը Սփյուռքում, հնարավորություն է տալիս հոգևոր ծառայությունը հետագայում ավելի հաստատակամորեն կատարել:

Ներկայացնելով համայնքային կյանքը՝ ասեմ, որ Արգենտինայում այժմ չորրորդ սերնդի հայերն են ապրում: Կազմակերպված  համայնք ունենք, որտեղ 100.000 հայ է հաշվվում:

Հայրենասիրական մղումներից ելնելով՝ արգենտինահայ բարերարները Հայաստանի և Արցախի սահամանամերձ գյուղերում սոցիալական տարբեր ծրագրեր են իրականացնում: Ծրագրերը տարբեր են` եկեղեցաշինություն, դպրոցաշինություն, ջրի մատակարարման ապահովում, մարզադպրոցների կառուցում և այլն:

Հայեր կան, որոնք Հայաստանում երբեք չեն եղել, սակայն նյութական միջոցներով օժանդակում են Հայրենիքին: Նրանցից մեկն էլ Էդուարդո Սեֆերյանն է եղել, որը Արցախի համար խոշոր բարեգործական  ծրագրեր է իրականացրել: Անգնահատելի է նաև արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանի ծավալած գործունեությունը:

5

– Եվ որո՞նք են հոգևորականին Սփյուռքում հանդիպող փորձություններն ու դժվարությունները:

-Դժվարություններն ու մարտահրավերները շատ են, սակայն պետք է առանց վհատվելու և աներեր հավատով ի Քրիստոս առաջ ընթանալ: Ոչինչ հեշտ չի տրվում:

Առաջին մարտահրավերն այն է, որ միայնակ ես, իսկ քեզ ընդառաջ եկող հավատացյալները՝ բազմաթիվ: Նրանց հետ մտերմանալ, վստահությունը ձեռք բերել է անհրաժեշտ:

Սակայն, Փառք Աստծո, արդեն լիովին ընդգրկվել եմ համայնքային կյանքին:

-Համայնքային կյանք ստեղծելու գործում,անխոս, մեծ նշանակություն ունի եկեղեցի-համայնք փոխգործակցությունը: Ի՞նչ ամրության վրա է գտնվում այդ «շաղախը»:

– Երկուստեք փոխշահավետ համագործակցության մեջ լինելով՝ ամուր հիմքերի վրա է գտնվում: Առանց եկեղեցու մասնակցության համայնքային կյանքում որևէ միջոցառում չի կայանում:

Գործակցությունը ապահովելու համար՝ զգալի նպաստ ունեն նաև արգենտինահայ երիտասարդները, որոնք աչքի են ընկնում մեծ հայրենասիրությամբ:

Նրանց եկեղեցու շուրջ համախմբելու համար` վերաբացեցինք Արգենտինայի Հայոց թեմի երիտասարդական կազմակերպությունը, որը հիմնադրվել է հեռավոր 1951 թվականին: Միության կազմում ընդգրկված են զանազան կազմակերպությունների և հաստատությունների երիտասարդներ, որոնց հետ ազգանվեր զանազան միջոցառումներ, ձեռնարկներեն ենք կազմակերպում և իրականացնում: Ես միշտ ասում եմ՝ եկեղեցին մի կառույց է, որը բոլորի համար է:

Եկեղեցի-համայնք կապը սերտացնելու նպատակով արդեն 5 տարի է՝ Առաջնորդարանում յուրաքանչյուր հինգշաբթի հավատացյալների համար աստվածաշնչյան ընթերցումներ եմ կազմակերպում: Հանդիպմանը ներկա են լինում տարբեր տարիքի մարդիկ: Նրանց հետ մի փոքրիկ ընտանիք ենք ստեղծել: Բացի հոգևոր զրույցներից, այլ թեմաներ էլ ենք  արծարծում:

– Արգենտինահայերին տարիների ընթացքում հաջողվե՞լ է բարիդրացիական հարաբերություններ ձևավորել արգենտինացիների հետ: Ի՞նչ  եք նկատել այս առումով:

 –Առանց որևէ չափազանցության հաստատեմ, որ հայերը Արգենտինայում սպասված և հարգված մարդիկ են: Համայնքային միջոցառումների ժամանակ մենք գրկաբաց ենք ընդունում  Արգենտինայի  ժողովրդին: Նրանք նույնիսկ  մեզ միշտ խնդրում են իրենց հայկական միջոցառումներին հրավիրել: Իսկ փոխգործակցությունը Արգենտինայի հետ քաղաքական, տնտեսական  և մշակութային առումով՝ բարձր մակարդակի վրա է գտնում:

Եթե տաքսի նստես և վարորդը զգա՝ հայ ես, ապա առանց  ուղղորդման նա քեզ միանգամից «Արմենիա» թաղամաս կբերի: Այլ կերպ ասած` արգենտինացին ապահովություն է գտնում արգենտինահայ համայնքում:

Արգենտինահայերը երկրի մակարդակով բոլոր ոլորտներում ներգրավված են: Մի ստվար զանգված արծաթագործությամբ և ոսկերչությամբ է զբաղվում, որոշներն էլ՝ ռեստորանային բիզնես ունեն կամ ձեռնարկատերեր են: Արգենտինայում ապրում են ճանաչված իրավաբաններ, փաստաբաններ, բժիշկներ, դասախոսներ, մտավորականներ, երաժիշտներ և այլք:

Մշակութային ակտիվ գործունեությամբ աչքի ընկնող հայորդիներ ունենք, որոնք բարի համբավ և հարգանք  են վայելում համայնքում:

69

-Ակնհայտ է, որ Սփյուռքում խառնամուսնության վտանգն առավել քան երբևէ օրավուր և մտահոգիչ է: Հայ երիտասարդների ինքնության պահպանման ուղղությամբ ի՞նչ քայլեր է ձեռնարկում Եկեղեցին:

-Խառնամուսնության հարցն Արգենտինայում, իրոք, խնդրահարույց է:

Գրեթե տաս հոգուց յոթն ամուսնանում է օտարի հետ: Կարծում եմ՝ խառնամուսնության վտանգը կանխելու հիմնական միջոցը ժամանակին նրանց հետ հայապահպանության ուղղությամբ աշխատանքներ տանելն է, որպեսզի գիտակցեն հայ ընտանիքի կարևորության մասին: Լատինական Ամերիկան ազատ երկիր է, և այդ հոսանքի մեջ հայ երիտասարդներին մի փոքր դժվար է կառավարել:

Իհարկե, եկեղեցին նրանց հետ աշխատանքեր կատարում է՝ խոսելով ազգապահպանության, Մայրենիի և հայկական սովորույթների մասին:

 –Գիտենք, որ Արգենտինայի Հայոց թեմի առաջնորդ Տեր Գիսակ արքեպիսկոպոս Մուրադյանը մտերիմ հարաբերությունների մեջ է եղել Հռոմի Ֆրանցիսկոս Պապի հետ: Հետաքրքիր է՝ Սրբազան Հայրն ի՞նչ ուշագրավ պատմություններ է պատմել Հռոմի պապի հետ կապված:

– Այո՛, Հռոոմի Ֆրանցիսկոս Պապի մտերմությունն արգենտինահայ համայնքի և Գիսակ Սրբազանի հետ շատ ջերմ, բարեկամական է եղել դեռևս Պապի՝ Արգենտինայի կարդինալ լինելու տարիներից: Նա զգացել է հայերի անկեղծ վերաբերմունքն իր նկատմամբ, այդ պատճառով էլ սիրել և վստահել է մեզ: Ինչպես գիտենք, առ այսօր էլ բարեկամական հարաբերությունները պահպանվում են:

Սրբազան Հայրը պատմում է, որ Հռոմի Պապը շատ հաճախ Արգենտինայի հայկական եկեղեցի է եկել քաղաքային փոխադրամիջոցով: Նրան մեծ դժվարությամբ են համոզել ավտոմեքենայով ուղեկցել դեպի Կաթոլիկ եկեղեցու Առաջնորդարան:

Հռոմի Պապի Հայաստան կատարած այցելության ժամանակ արգենտինահայ համայնքի ներկայացուցիչները, չնայած մեծ դժվարությամբ, սակայն պապական հատուկ հրավիրատոմսերով հաջողեցին Մայր Աթոռում ոչ միայն առանձին հանդիպել, այլև զրուցել և լուսանկարվել նրա հետ: Պապն, ինչպես միշտ, գրկաբաց ընդունեց մեզ, հրաշալի հանդիպում տեղի ունեցավ:

– Ձեր կարծիքով՝ Հռոմի Պապի այցելությունն ի՞նչ տվեց Հայաստանին:

-Նախ ասեմ՝ սովորական այց չէր, ինչպես Սրբազան Քահանայապետն էր  ասել՝ ուխտագնացության է մեկնում առաջին քրիստոնյա պետություն: Նրա այցը շատ կարևոր էր, անշուշտ, հայերիս համար: Կարևոր էր Հռոմի Կաթոլիկ եկեղեցու հետ արդեն ունեցած մտերմիկ հարաբերություններն ամրապնդելու համար: Այդ հարաբերությունների ստեղծումը նաև Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի անդուլ աշխատանքի արդյունքն է:

14

– Հեռվում գտնվելով՝ կարոտի ի՞նչ զգացումներով եք համակվում դեպի Միածնաէջ Մայրավանքը:

-Երբ կուսակրոն քահանա օծվեցի, փափագս մեկն էր` ամբողջ կյանքիս ընթացքում Մայր Աթոռի զանջերի ղողանջի ներքո հենց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ծառայել…

Հեռվում գտնվելով՝ Մայր Աթոռը կարոտում եմ մարդկային ամենաբարձր զգացումներով: Այն մեզ համար ընտանիք է , որտեղ վերադառնալու հույս ենք միշտ փայփայում: Մայր Աթոռը համայն հայության ոգեղեն էության մեծագույն պարծանք է:

Հարցազրույցը` Գևորգ Չիչյանի

 

 

 

Scroll Up