Հասմիկ Լեյլոյան.«Երաժշտությունը կամուրջ է ազգերի բարեկամության և համագործակցության համար»

ՀՀ ժողովրդական արտիստ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի, Երևանի Պետական Մանկավարժական համալսարանի պրոֆեսոր, Միջազգային մրցույթների դափնեկիր, քանոնահարուհի Հասմիկ Լեյլոյանի անունը վաղուց արդեն հայտնի է բազմաթիվ երկրների ունկնդիրների լայն շրջանին և վայելում է ժողովրդական նվագարանների կատարողական արվեստի համակիրների սերն ու հարգանքը:
Անվանի քանոնահարուհի Հասմիկ Լեյլոյանը հանդիսանում է հայկական քանոնի դասական դպրոցի նորարարը: Ոչ միայն իր ստեղծած կատարողական նոր ձևերով, այլ նաև քանոնի կատարողական պատմության մեջ հիմք դնելով երկու բանժիններից կազմված համերգներին (1974 առաջին մենահամերգ) կատարելով իր բացառիկ մշակումներն ու փոխադրումները՝ Սառասատե – «Գնչուական մեղեդիներ», Շոպեն – «Վալս», Լիստ – «Հունգարական Ռաբսուդիա N 2», Ալբինիս – «Իսպանական Պար», Պագանինի «24 կապրիս», Սեն–Սամս «Ինտրոդուկցիա և Ռոնդո – Կապրիչչիոզո» և այլն: Կատարումներ, որոնոք նորովի են բացահայտում նվագարանի լայն հնարավորությունները:
Ստեղծագործական բեղուն ու հագեցած ուղի անցած արվեստագետը անթերի կերպով տիրապետում է թե՛ վիրտուոզ, թե՛ արտահայտչական հնարքներին, և հանդես է գալիս ժողովրդական և դասական ստեղծագործությունների բարդ կատարումներով, որի համար էլ շատ երկրներում նրան անվանում են քանոնի մերօրյա «Տիրուհի»:
-Տիկի՛ն Հասմիկ,արտերկում պարբերաբար փառատոների եք մասնակցում: Ըստ Ձեզ՝ ի՞նչ է արվեստագետին տալիս փառատոներին ելույթ ունենալը:
Նման փառատոների մասնակցությունն երաժիշտների համար շատ կարևոր է, քանի որ հնարավորություն ես ունենում տարբեր ազգերի երաժիշտների հետ բարձր մակարդակով ելույթ ունենալով ներկայացնել ազգային արվեստը:
Ճիշտ եք, բազմաթիվ փառատոների եմ մասնակցել աշխարհի տարբեր երկրներում:Ես ուրախ եմ, որ օտար երկրներում գնահատում են իմ արվեստը և հրավիրում տարբեր երկրներից մասնակցելու այդպիսի մեծ և կարևոր փառատոնների, ինչպիսիք են Աբու– Դաբի «Էմիրատ Պալատի Միջազգային» փառատոնին, Բահրեինի Միջազգային փառատոնին, Օմանի Օպերային Թատրոնում անցկացվող համերգներին, և վերջերս էլ մասնակցել եմ Թունիսում International Festival de Carthage փառատոնին, որտեղ մասնակցում են աշխարհի բացառապես լավագույն երաժիշտները: Թունիսի փառատոնին հրավիրված էին մենակատարներ Ճապոնիայից, Մարրոկոյից, Ալժիրից, Թուրքիայից, Մավրիտանիայից, Պաղեստինից և ես Հայաստանից: Բեմում մեկտեղվելէին ճանաչված երաժիշտներ աշխարհի տարբեր երկրներից, ովքեր ներկայացնում էին իրենց ազգային երաժշտությունը: Մենք հրավիրված էինք և ելույթ ունեցանք Թունիսի Ազգային նվագախմբի նվագակցությամբ՝ ղեկավար – դիրիժոր և ջութակահար, սիրված և ճանաչված երաժիշտ Ամինա Սերարֆիի ղեկավարությամբ: Այդ իսկ պատճառով ես շատ ուրախ և հպարտ եմ, որ հրավիրում են ինձ մասնակցելու այդպիսի փառատոներին, որտեղ ներկայացնում եմ մեր ազգային երաժշտությունը:
Ասեմ, որ Թունիսի ելույթից հետո անմիջապես ստացա համերգային հրավեր Ալժիրում՝ մասնակցելու Միջազգային փառատոնին:
– Դուք երբևէ փառատոներ կազմակերպե՞լ եք:
-Այո: 2014 թվականի հոկտեմբերի 8-ին Հայաստանում առաջին անգամ տեղի ունեցավ երաժշտական երկխոսություն «Մետաքսի մեծ ճանապարհին» փառատոնը, որին մասնակցեցին 12 երաժիշտներ աշխարհի տարբեր երկրներից՝ Չինաստանից, Հնդկաստանից, Ղազախստանից, Ուկրաինայից, Հորդանանից և այլ երկրներից:Ներկայացվեցին տարբեր ազգերի երաժշտական գործիքները, որոնք մեծ հիացմունք պատճառեցին հանդիսատեսին: Եվ հուսով եմ, որ «Մետաքսի Ճանապարհ» փառատոնը կդառնա շարունակական:
-Հյուրախաղեր եք ունեցել աշխարհի շուրջ 50 երկրներում: Ի՞նչ եք նկատել՝ հայկական երաժշտությունը ճանաչվա՞ծ է օտար շրջանակում:
– Ես կարծում եմ, որ ճաշակով և պրոֆեսիոնալ բարձրակարգ երաժշտական կատարումները չեն կարող չընկալվել և չգնահատվել ունկնդրի կողմից՝ որ երկրում էլ լինես, և ինչ ժանրի երաժշտություն էլ որ ներկայացնես:
Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպես ես մատուցում երաժշտությունը:
Միշտ բարձր է գնահատվել մեր հայկական երգ-երաժշտությունը օտարների կողմից.համերգից հետո մոտենում են, ոգևորությամբ և իրենց հիացմունք են արտահայտում մեր ազգային մշակույթի մասին:
Աշխատում եմ օտար հանդիսատեսի համար ելույթ ունենալիս միայն հայկական երաժշտական կատարումներ չհնչեցնել, այլև՝ մեր գոհարները զուգորդում եմ հանրաճանաչ դասական երաժշտությամբ: Այս տարբերակով ոչ միայն չես ձանձրացնում ունկնդրին,այլև լսելի ես դարձնում հայկական երաժշտությունը:
– Տիկի՛ն Հասմիկ, մասնագիտական գրքեր հրատարակե՞լ եք: Կարծում եմ՝ դա ևս կարևոր հանգամանք է:
– Այո, հրատարակել եմ մասնագիտական երաժշտական գրքեր, որոնք վաղուց քանոնահարների նվագացանկում իրենց ուրույն տեղն ունեն: Դրանք են՝«Քանոնի հայկական դպրոց» Առաջին և Երկրոդ մաս, «Քանոնի Կատարողական տեխնիկայի զարգացման» դասագիրքը, «Ընտիր երկեր», «Փոխադրություններ քանոնի համար», «Համերգային ստեղծագործություններ քանոնի համար», «Սիրված մեղեդիներ» և մոտ օրերս կհրատարակվի «Քո Հոգու Երգը» իր ձայնասկավառակով:
Ինպես նաև ունեն թողարկված ձայնասկավառակներ «Վերադարձի՛ր սիրելիս», «Զարթոնք», «Նոստալգիա», «Աշխարհի շուրջ», «Կոլաժ», «Սիրտ իմ սասանի» ևայլն:
– Հայ համայնքների հետ համագործակցությունն ի՞նչ հիմքերի վրա է:Սփյուռքում որքա՞ն հաճախ եք ելույթներ ունենում:
-Իհարկե ստեղծագործական երկարուձիգ տարիներիս ընթացքում հասցրել եմ հայկական տարբեր համայնքների հետ համագործակցել: Միշտ սփյուռքահայերի կողմից ջերմ ընդունելության եմ արժանացել՝ վայելելով նրանց սերն ու հարգանքը: Սփյուռքում ունեցած բոլոր համերգներն էլ հիշարժան են դարձել ինձ համար:Երկու տարի առաջ Կանադայի հայ համայնքի հրավերով և Հայաստան համահայկական հիմնադրամի ջանքերով հիմնադրամի միջոցառումներին ելույթ ունեցա, որոնք շատ բարձր մակարդակի անցան:
Ելույթներ եմ ունեցել նաև Ֆրանսիայի, Արգենտինայի, Ավստրալիայի, Բրազիլիայի, Շվեդիայի, Ուրուգվայի, Բեյրութի, Սիրիայի և մի շարք հայ համայքներում:
-Տիկի՛ն Հասմիկ, Հայաստանում քանոնի հանդեպ ի՞նչ հետաքրքրություն կա, հատկապես՝ երիտասարդների շրջանում:
-Գիտեք, եթե հարցին մի քանի տարի առաջ պատասխանեի, ապա հուսահատությամբ էի խոսելու այս մասին:
Հիմա պատկերը բոլորովին այլ է: Երբ դպրոցներում ազգային գործիքները սովորեցնելու հարցում պետական աջակցություն ցուցաբերվեց, առաջընթացն ակնառու դարձավ:
Դասավանդում եմ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում և Երևանի պետական մանկավարժական համալսարանում: Նկատել եմ, որ երիտասարդները հաճույքով են գալիս մասնագիտանալու գործիքի տիրապետման համար: Ինձ մոտ սովորում են ոչ միայն հայ ուսանողներ, այլ նաև ուսանողներ տարբեր երկրներից ինչպես նաև տարբեր ազգեր – Պարսկաստան, Բեյրութ, Ֆրանսիա և Ամերիկա:
Կարծում եմ՝ ճիշտ քարոզչության դեպքում քանոնը մեծ լսարան կունենա և մասսայականություն կվայելի:
Համենայն դեպս, նպատակս դա է՝ հնարավորինս շատ աջակցել գործիքի տարածմանը, պահպանմանը և հայ երիտասարդների հոգում ազգային մշակույթի հանդեպ հետաքրքրություն արթնացնելուն:
Անխոս, մեծ է արվեստագենտերիս դերն ու գործունեությունը. որպեսզի ազգային երաժշտական գործիքները չկորեն,պետք էհետևողական աշխատանք կատարենք այս ուղղությամբ:
-Այժմ ստեղծագործական ի՞նչ ընթացքի մեջ եք, հետագա անելիքները որո՞նք են:
-Որքան գիտեք, քանոնը ոչ միայն հայկական ժողովրդական գործիք է, այլ նաև տարածված է Արաբական մի շարք երկրներում, Պարսկաստանում, Թուրքիայում, Հունաստանում և այլ երկրներում:
Հոկտեմբերի 2-4-ը Անկարայում մասնակցելու եմ Քանոնի միջազգային փառատոնի և սիմպոզիումի, որտեղ ելույթ կունենան տարբեր երկրներից ճանաչված քանոնահարներ: Բացի համերգային կատարումից, նաև ներկայացնելու եմ, թե ինչ աշխատանքներն են կատարվում Հայաստանում գործիքի ուսուցման, զարգացման, պահպանման ուղղությամբ:
Այնպես որ, անելիքներս շատ են: Հուսով եմ՝ ժամանակի ընթացքում բոլոր նախագծերս ու մտահղացումներս կյանքի կկոչեմ:
Առաջ Աստված…
Զրուցեց Գևորգ Չիչյանը