«Արի տուն». ես իմ կողմից կավելացնեմ՝ հայի՛ տուն». Մարիանա Գրիգորյան, հյուրընկալող

ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագրի մասնակիցներին իրենց հյուրընկալ ընտանեկան հարկի ներքո ընդունող հայաստանցիները՝ տարբեր մասանգիտության, տարբեր աշխարհայացքի տեր մարդիկ, ընդհանուր մի բան ունեն, այն է` հային բնորոշ յուրահատուկ, սրտաբուխ հյուրասիրությունը, հյուրամեծար լինելը: Հե՛նց այդ մոտեցումն է ջերմացնում սփյուռքահայ երեխաներին ու անտես թելերով կապում Հայրենիքին. այդպիսի հյուրընկալությունը հայկական ազգային ավանդույթներից մեկն է, որին ծանոթանում են  օտար ափերում, օտար բարքերով ապրող միջավայրից եկած հայորդիները և, թերևս, իրենց հետ տանում են  այդ ջերմ ընդունելությունից կայծեր,  որոնք, ով գիտե, գուցե տարիներ անց  մի բոցկլտուն խարույկ դառնան: Հյուրընկալ ընտանիքներից մեկի ներկայացուցիչ տիկին Մարիանա Գրիգորյանի հետ «Հայերն այսօր»-ի խմբագրությունում հարցազրույցիս ընթացքում ինձ զարմանք ու հիացմունք պատճառեց մեր հայրենակցուհու՝ հյուրընկալելու մեծահոգության ու պատրաստակամության  աստիճանը, պատասխանատվությունն ու  իրեն վստահված գործի կարևորությունը:

-Տիկի՛ն Մարիանա,  ի՞նչը  Ձեզ ուղղորդեց՝ Ձեր հարկի ներքո հյուրընկալելու  սփյուռքահայ երեխաների, այն էլ՝ մի քանիսին.  չէ՞ որ դա ինչ- որ տեղ   հոգս,  նաև՝ ֆինանսական, հոգեբանական, բարոյական մեծ պատասխանատվություն է. իհարկե, կարևոր նախապայմաններից  մեկն էլ բարի կամքի դրսևորումն է, մեծ սիրտ ու հոգի ունենալը:

-Ես պետական աշխատող եմ, Քանաքեռ-Զեյթուն համայնքի թիվ 153 մանկապարտեզի տնօրենն եմ. մեր համայնքի ղեկավարը՝ Գևորգ Ղազարյանը (հիմա փոխվել է), մեզ հավաքեց, խորհրդակցություն անցկացրեց և ասաց, որ «Արի տուն» ծրագրի երեխաներից պետք է հյուրընկալենք և հարցրեց, թե ով ցանկություն և հնարավորություն ունի, ես համաձայնությունս տվեցի՝ սատարելով մեր երիտասարդ թաղապետին և իմ ընտանեկան հարկի ներքո հյուրընկալեցի Բելգիայից երկու քույրիկների՝ Օվսաննային ու Զովինարին, ովքեր, հետո պարզվեց, Հրանտ Դինքի զարմուհիներն էին, մյուս հյուրս  Սոնան էր՝ Իսպանիայից, հետո թաղապետարանի այդ աշխատանքները համակարգող աշխատակիցն ասաց, որ երկու երեխա էլ կան Ռուսաստանից, կարո՞ղ եմ արդյոք նրանց էլ վերցնել, սիրով համաձայնեցի. քույր ու եղբայր էին, որոնց էլ մի առանձին սենյակ հատկացրեցի. դա նախանցյալ տարի էր:  Մեր  ընտանեկան հարկի ներքո միշտ էլ շատ հյուրեր են լինում, այնպես որ,  հյուր ընդունելը մեզ համար հաճույք է, ինչպես ժողովուրդն է ասում՝ հյուրն Աստծունն է: Զարմացած էի, որ Բելգիայից եկած երեխաները մի բառ անգամ չգիտեին  ռուսերեն, Ռուսաստանից եկածներն էլ հայերեն  մի բառ անգամ չգիտեին,  սակայն շատ կարճ ժամանակում կարողացան մեկը մյուսին հասկանալ: Երեխաները բոլորն էլ սիրում էին խորոված, ամուսինս օրումեջ մեր բակում խորոված էր անում, ցանկանում էր հաճույք պատճառել երեխաներին. լինելով գործարար աշխարհի մարդ ու շատ զբաղված՝ կարողանում էր հասցնել  խորովածի գործը: Մենք ընտանիքում երեքով ենք՝ ես, տղաս, ամուսինս. մեզանից մեկնումեկն առավոտյան այդ 5 երեխաներին, հաճախ՝ երկու մեքենաներով, հասցնում էր Սփյուռքի նախարարություն, որպեսզի այնտեղից սկսեն  իրենց ուղևորությունները դեպի Հայաստանի պատմամշակութային հուշարձաններ: Երեկոյան, երբ վերադառնում էին  ուղևորությունից, նրանց տանում էինք զբոսանքի.  գնացել ենք Սևան, Օշական,  թատրոն, օպերա, սրճարաններ, նրանք մասնակից են եղել հայկական հարսանիքի… Ես տանից հաճախ դուրս չեմ գալիս, սակայն այդ երեխաների համար գրեթե ամեն օր ինչ-որ հետաքրքիր բան էի ձեռնարկում:  Երբ սկսվեցին ճամբարային օրերը,  բելգիացի քույրիկները զանգեցին ինձ՝ ասելով՝ կխնդրենք, եկո՛ւր հոս…Կարծեցի, թե խնդիրներ ունեն, անմիջապես գնացի  Ճամբար, սակայն պատճառաբանեցին, որ  ուզում են իրենց կողքին լինեմ:   Բելգիացի աղջիկներս այնքան էին պատմել իրենց ծնողներին իմ մասին, որ անցյալ  տարի իրենց հայրիկի հետ երեք օրով եկան Հայաստան, որից երկու օրն անցկացրին մեզ հետ: Աղջիկներից մեկը՝ Օվսաննան, ընկեր ուներ,  որոշել էր  ամուսնանալ և ինձ հետ պայման կապեց՝ ներկա գտնվելու իր  ամուսնության արարողությանը՝ ասելով, որ եթե մերժեմ, ինքը դժբախտ կլինի… Այո՛, համամիտ եմ, որ այս հյուրընկալությունը մեծ պատասխանատվություն է, սակայն, բացի նյութական  ու կենցաղային լավ պայմաններից, բացի հարմարավետ սենյակներում նրանց տեղավորելուց՝ մարդ պետք է իր հոգո՛ւմ ու սրտո՛ւմ կարողանա տեղավորել  այդ  երեխաներին. փա՛ռք Աստծո, մեր ընտանիքի բոլոր անդամներն էլ սրտաբաց են: Մեր տանը հյուրընկալված երեխաներին ընդունել ենք հարազատի պես, նրանք էլ շատ կապվեցին մեր ընտանիքին:

-Քանի՞  տարի  և քանի՞ հայորդիների եք ընդունել Ձեր տանը և արդյոք Ձեր  տանը հյուրընկալված երեխաները միշտ համերա՞շխ են եղել, խնդիրներ չե՞ն ծագել նրանց հարաբերություններում:

2013  թվականից եմ սկսել ընդունել սփյուռքահայ երեխաների. հյուրընկալել եմ  16 հոգու: Այս տարի ընդունել եմ 3 հոգու. ես մասնագիտությամբ հոգեբան  եմ, երկար տարիներ աշխատել եմ  և աշխատում եմ երեխաների հետ,  ուստի   հասկանում եմ նրանց հոգեբանությունը, և փառք Աստծո, խնդիրներ երբեք չեն եղել: Մեր խաղաղ և համերաշխ ընտանիքը հաճույքով ընդունեց  ու պահեց նրանց: Ովքեր հայերեն ընդհանրապես չգիտեին, իմ հորդորով սկսեցին կամաց-կամաց, թեև կոտրատված  բառապաշարով, խոսել մայրենիով. երբ ՌԴ-ից եկածները փորձում էին խոսել ռուսերեն լեզվով, ես ընդհատում էի՝ ասելով՝ ճապոներեն մի՛ խոսիր, խոսի՛ր հայերեն: Նրանց նվիրեցի  երաժշտական Այբբենարան, որով սկսեցին սովորել, տարել են իրենց հետ: Հիմա ռուսաստանցի աղջիկներիցս մեկը՝ Տաթևիկը, Հայաստանում է. այստեղ մի տղա սիրահարվել էր նրան, հանդիպեցի նաև այդ տղային, ցանկացա ծանոթանալ, իմանանալ,  թե ով է իմ «աղջկա» ընտրյալը, տղային խորհուրդ տվեցի, որ ինքն էլ շարունակի ուսումը, քանի որ Տաթևիկը իրավաբանություն է ուսումնասիրում…Այսինքն՝ իմ Տաթևիկի ապագայի համար էլ եմ մտահոգված. այսօր   կարևոր տեղ ունենք գնալու, պետք է Տաթևիկի համար մի լավ զգեստ գնեմ, հիմա շտապում եմ խանութ, որտեղ նա ինձ է սպասում: Ահա այսպիսի հարաբերություններ են ձևավորվում ինձ հարազատ դարձած երեխաների ու իմ միջև:

-Ո՞ր երկրներից եկած հայորդիներն են ավելի դժվարությամբ հարմարվել նոր միջավայրին. Ձեր կարծիքով ո՞րն է դրա պատճառը:

-Ավելի դժվար են հարմարվում Ռուսաստանից եկածները. նրանք այնքան էլ շփվող չեն, մի տեսակ սառնություն  կա, որն, իմ կարծիքով, պայմանավորված է ապրած միջավայրով, ընտանիքի դրվածքով: Բացարձակապես չեն խոսում հայերենով, որն ինձ մեծ ցավ է պատճառում:

-Ձեր ընտանիքում բոլո՞րն են կողմ եղել հյուրընկալության Ձեր  որոշմանը:

Միանշանա՛կ. ես արդեն ասացի, որ մենք սովոր ենք շատ հյուրեր ընդունելու, հյուրամեծար ենք, հյուրասեր, այս դեպքում՝ առավել ևս, քանզի մեր հյուրերը  Սփյուռքում  ապրող մեր հայ երեխաներն են, որոնցից շատերն առաջին անգամ են Հայաստանում, հայկական օջախներում, ուստի առավել պարտավորված ես զգում քեզ. բոլոր երեխաներն էլ մեր տանը շատ ազատ են եղել, ուշադրության և հոգատարության  կենտրոնում: Ամուսինս գործարար է, շատ է զբաղվածությունը, սակայն նա  չի զլացել պատրաստել մեր տանը հյուրընկալված երեխաների համար հաճախակի  պատրաստել նրանց սիրած կերակրատեսակը՝  մեր հայկական  համով- հոտով խորովածը: Տղաս միաժամանակ 2 մագիստրատուրայում է  սովորում, նա ևս շատ է զբաղված, հիմնականում ես եմ  երեխաների հետ լինում:

-Այդ  օրերին  հյուրընկալված երեխաների հետ ի՞նչ հետաքրքիր  միջոցառումների եք մասնակցել, ու՞ր եք տարել նրանց…

-Անցյալ աշնանը  մայրիկիս 92-ամյակն էր. ես Օշականից եմ, քույրս  էլ է այնտեղ ապրում. տեղի մշակույթի տունն այդ առիթով աշնան տոն էր կազմակերպել. մի գունագեղ, մի անմոռանալի տոն էր դա, որին մասնակից դարձան իմ տանը հյուրընկալված երեխաները. նրանք  բառեր չէին գտնում՝ արտահայտելու իրենց հիացմունքը. դա՛ էլ հայկական ավանդույթի մի  արարողություն էր, որը նրանց համար և՛ հայրենասիրության, և՛ հայկական օջախում մեծերի, ծնողի հանդեպ տածած  մեծ սիրո  ու հարգանքի մի յուրօրինակ դաս էր:

-Տիկի՛ն Մարիանա, ի՞նչ արտառոց դեպք կարող եք հիշել՝ կապված Ձեր տան հյուրերից մեկնումեկի հետ:

-Այո՛, եղել է մի այդպիսի առանձնահատուկ դեպք. իմ տանը հյուրընկալված աղջիկներից մեկը մտել էր քաղաքի  մեծ խանութներից մեկը . փակվելու ժամանակ նրան չէին նկատել, մնացել էր ներսում, իսկ ես սպասում էի,  այնքա՜ն անհանգիստ էի. հեռախոսազանգերիս չէր պատասխանում, ի վերջո, կարողացա կապվել նրա հետ, արագ հասա տվյալ խանութ, ոստիկանությունից եկան, դուռը բացեցին: Հավատացե՛ք, ասես հարազատ աղջկաս հետ էր պատահել դա. փարվել էինք միմյանց, հուզվել:

-Դուք  բազմազբաղ անձնավորություն եք, կարողացե՞լ եք ամեն ինչ ժամանակին հասցնել, երբ Ձեր հարկի ներքո ապրել են նաև  ոչ ընտանիքի անդամներ:

-Ես հյուրընկալելու որոշումը կայացրել եմ՝ քաջ գիտակցելով իմ զբաղվածության աստիճանը: Հասցրել եմ ամեն ինչ. կարողացել եմ շփվել նաև ընտանիքիս հետ: Երբևէ չեմ զղջացել, որ  շատ երեխաների եմ հյուրընկալել:

– Տիկի՛ն Մարիանա, Դուք ասացիք, որ Ձեր ընտանիքում հյուրընկալված բոլոր երեխաների հետ էլ կապ եք պահպանում, բոլորին էլ հարազատի պես եք ընդունել. կա՞ արդյոք մեկը, ում հետ ավելի կապված եք:

– Բոլորի հետ էլ կապված եմ, գրում են ինձ, զանգում, տեսակապով ենք զրուցում. մի խոսքով՝ բազմանդամ մի ընտանիք էլ ունեմ, սակայն  ավելի շատ կապված եմ ՌԴ-ի Նիժնի Նովգորոդ քաղաքից  Տաթևիկ Մեհրաբյանի հետ: Նրանք բոլորն էլ մեր հայ երեխաներն են, մեր հարազատները, և Հայաստանը բոլոր հայերի տունն է:  Հաճույքով և պատրաստակամությամբ դարձյալ կընդունեմ մեր սփյուռքահայ երեխաներին. երբ ասում ենք՝ «Արի տուն», այնպես պետք է անենք, որ այդ տունը  հարազատ դառնա, որ այդ կանչը կրկին  նրանց տուն բերի: «Արի տուն». ես իմ կողմից կավելացնեմ՝ հայի՛ տուն: Ես շատ բարձր եմ գնահատում ՀՀ սփյուռքի նախարարության հայրենանվեր հայապահպան գործունությունը, շատ մեծ համակրանք ունեմ Սփյուռքի նախարարի՝ պետական գործչի և մարդ տեսակի հանդեպ. նախարարության ծրագրերն ու իրականացվող բոլոր միջոցառումներն այսօր կարևոր եմ համարում  թե՛ Սփյուռքում, թե՛ Հայրենիքում ապրող  բոլոր հայերի համար:

-Շնորհակալությու՛ն, տիկին Գրիգորյան, որ, Դուք էլ, Ձեր հերթին, Ձեր լավ վերաբերմունքով  կարողանում եք սիրո մի կամուրջ դառնալ Հայաստանի և Սփյուռքի միջև:

Կարինե Ավագյան

 

Scroll Up