«Արի տուն-2015». «Մենք միասին շարժիչ ուժ ենք»
Մենք շարունակում ենք ծանոթությունը ՀՀ սփյուռքի նախարարության երիտասարդների հայրենաճանաչության «Արի տուն-2015» ծրագրի 3-րդ փուլի մասնակիցների հետ: Իմ զրուցակիցն այս անգամ մոսկվաբնակ Քրիստինե Գիշյանն է: Նա առաջին անգամ է մասնակցում ծրագրին և բավականաչափ ոգևորված է պատմում այդ մասին. «Ես չէի պատկերացնում, որ ամեն ինչ այսքան հրաշալի կարող է լինել: Մարդիկ ջերմ ու ընկերական են: «Արի տուն» ծրագրի շնորհիվ տարբեր մշակույթներ ու արժեքներ կրող երիտասարդներ մտերմանում են: Շատ հետաքրքիր տեղեր ենք այցելում միասին, ժամանակը հիանալի է անցնում»:
Քրիստինեն այս անգամ էլ Հայաստանում է ծնողների և եղբոր հետ: Թեև նա հայերեն այնքան էլ վարժ չէր խոսում, բայց չհրաժարվեց հայերենով պատմել իր մասին, իր նախասիությունների ու հետաքրքրությունների, Հայրենիքի մասին իր պատկերացումների ու իրական զգացողությունների մասին. «Ես ծնվել եմ Մոսկվայում, չնայած ծնողներս Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքից են: Նրանք ինձ շատ են պատմել Հայաստանի մասին, նկարներով ցույց տվել: Անչափ երջանիկ եմ , որ հիմա ինքս ունեմ հնարավորություն տեսնելու իմ երկիրը: Իրականում զգացողությունները բոլորովին այլ են: Այժմ սովորում եմ 10-րդ դասարանում: Ավարտել եմ երաժշտական դպրոց: Նվագում եմ կրթառ և դաշնամուր:
– Քրիստինե´, «Արի տուն» ծրագրի շրջանակներում իրականացվում են նաև Հայոց լեզվի ուսուցման դասընթացներ: Հետաքրքիր է, որքանո՞վ հասցրիր տիրապետել մայրենիին:
– Հայերեն խոսում եմ ծնված օրվանից. լավ, թե վատ, դա այլ հարց է, իսկ տառերը սովորել էի դեռ մի քանի տարի առաջ, բայց էլի ամբողջությամբ չգիտեմ: Միայն կարողանում եմ անուն-ազգանունս գրել: «Արի տուն» ծրագրի Հայոց լեզվի ուսուցման դասընթացն ինձ օգնեց վերհիշելու այն, ինչը մոռացել էի և նոր գիտելիքներ ձեռք բերել: Պարզվում է՝ ես դեռ շատ բան չգիտեմ հայերի ու Հայաստանի մասին: Ծրագրի յուրաքանչյուր օրը նոր գիտելիքներով ու նոր տպավորություններով հարստանալու հնարավորություն է ընձեռում: Հրաշալի է, որ Սփյուռքի նախարարությունը կյանքի է կոչել «Արի տունը»:
–Տեսնում եմ, Ձեր շապիկների վրա Ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդանիշն է՝ Անմոռուկը: Ի՞նչ միջոցառումներ են կազմակերպվել Մոսկվայի հայկական համայնքում: Դու մասնակցե՞լ ես այդ ամենին:
-Մոսկվայի հայկական համայնքը Սփյուռքի կազմակերպված համայնքներից է: Մեզ մոտ ապրիլի 24-ին նվիրված բազմաթիվ ու բազմաբնույթ միջոցառումներ տեղի ունեցան: Ես այդ օրը վաղ առավոտից գնացել էի հայկանան եկեղեցի՝ մասնակցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը ոգեկոչող պատարագին: Այնուհետև, պաստառներով, վանկարկումներով շարժվեցինք դեպի Թուրքիայի դեսպանատուն: Երիտասարդներիս ոգևորությունը անչափելի էր: Մենք միասին շարժիչ ուժ ենք:
–Քրիստինե´, Ծաղկաձորում արդեն մեկնարկելու է «Արի տուն» ծրագրի քառօրյա ճամբարային փուլը: Ի՞նչ սպասումներ ունես:
– Բոլորս անհամբերությամբ ենք սպասում այդ օրվան: Ճիշտ է, այս մեկ շաբաթը շատ հագեցած էր, հարուստ էր շրջայցերով, տարաբնույթ միջոցառումներով, եղել ենք Հայաստանի գրեթե բոլոր պատմամշակութային վայրերում, թանգարաններում, պատկերասրահներում, այցելել ենք զորամաս, հյուրընկալ ընտանիքներում էլ շատ հետաքրքիր ու օգտակար էր ապրել, քանի որ վայելում էինք հայկական ընտանիքի ջերմությունը, ապրում կենցաղով ու ծանոթանում ազգային սովորույթներին, բայց ճամբարային օրերը, կարծում եմ, շատ ավելի հետաքրքիր են անցնելու: Ի վերջո, այդ մի քանի օրվա ընթացքում բոլորս միասին ենք ապրելու և միմյանց ավելի մոտիկից ճանաչելու ու բացահայտելու հնարավորություններ կունենանք:
Էմմա Վարդանյան
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողուհի