Տեսիլքից ծնված գիրք՝ քառօրյա պատերազմի հերոսների մասին

Ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսների մասին դեռ շատ են խոսելու ու գրելու: Նրանք՝ այդ երիտասարդ տղաները, մեկ օրում դարձան մեր պատմության առասպելածին զավակները, նրանք իրենց կիսատ երազանքներով ու մկրատված կյանքի վերջով մի նոր կյանքի սկիզբ ավետեցին, նրանք եկան ապացուցելու, որ՝ բանաստեղծի բառերով ասած՝ «Քաջեր միշտ էլ կան, զե՛նք է հարկավոր քաջերի ձեռքին»: Նրանք՝ երկրային մեր պահապանները,  մեզ վերից տրված այդ լույսի շողերը, հավերժական լույսի մեջ անէացան՝ այս անգամ դառնալով մեր երկնային պահապան հրեշտակները, և մենք՝ երկրային արարածներս, խոսքով ու երգով, երազում ու արթմնի պետք է խնկարկենք նրանց՝ անուն առ անուն…Այդ քաջազունների հիշատակին է նվիրված երիտասարդ գրող Ռեգինա Ամատունու «Տեսիլք» վիպակը,  որի շնորհանդեսը կայացավ վերջերս: Ռեգինան հյուրընկալվեց «Հայերն այսօր»-ի խմբագրությունում, և ծավալվեց մեր զրույցը՝ գրքի  մտահղացման, լույս աշխարհ գալու պատմության շուրջ, որի իրականացման թերևս ամենից դժվար մասը զոհված տղաների ընտանիքներ այցելելն ու նրանց ծնողների հետ զրույցի բռնվելն է եղել, վերապրումն այն ցավի, որն անուն չունի որդեկորույս ծնողի համար:

«Անշուշտ, դյուրին չէր   նրանց ծնողների համար մեկ անգամ ևս  անդրադառնալ այդ թեմային, թեև  նրանք մինչև իրենց կյանքի վերջ ապրելու են  այդ ցավով,  նաև՝ նման զավակներ  ունենալու հպարտությամբ:  Սկզբում ես մտադրություն չունեի գիրք գրել , ցանկանում էի գնալ դիրքեր,  լինել նրանց կողքին, նույնիսկ զինվորականի հագուստ գտա և  պատրաստ էի մեկնել առաջնագիծ, դիմեցի Երկրապահ կամավորականների ջոկատին, սակայն ինձ  չընդառաջեցին,  թույլ չտվեցին և ասացին, որ ավելի լավ է գիրք գրեմ նրանց մասին … Այդ ժամանակ ես գիրք էի գրում  ղարաբաղյան առաջին գոյամարտի  հերոսների մասին, դա կիսատ թողեցի… Մի գիշեր տեսիլք ունեցա, և ծնվեց նույնանուն վերնագրով գիրք գրելու գաղափարը: Իրականում այդ գիրքս բավականին ծավալուն էր, բայց  վերջում թողեցի շատ բարալիկ մի գիրք, մի փոքրիկ վիպակ: Գրքի հրատարակությունը մի քանի  օրվա խնդիր էր ընդամենը՝ դարձյալ տեսիլքի նման: Երևանի գրողների միության նախագահ, գրականագետ, իմ դասախոս Աբգար Ափինյանն  ինձ շատ ոգևորեց. նրա հետ այցելեցինք  Քյարամ Սլոյանի  ծնողներին ու հարազատներին. մեր զրույցին ներկա էին հայրը, մայրը,  եղբայրը, եղբոր կինը: Արդեն   պատրաստ էր Քյարամի երազանքի տունը… իսկ ինքը դա չտեսավ, այդ երազն աչքերում ու հոգում՝ նա զոհվեց:  Այդ այցելությանը հետևեցին այցերը նաև  մյուս հերոսների ծնողներին՝ Աղասի Ասատրյանի, Ռոբերտ Աբաջյանի, Ադամ Սահակյանի, Սաշա Գալստյանի, Սասուն Մկրտչյանի….Նրա՛նք են իմ տեսիլքի հերոսները, գուցե հետագայում շարունակեմ  այս ընթացքը:  Ես կարծում եմ, որ  այդ տղաների ընտանիքների հանդեպ  պետք է միշտ  ուշադիր լինենք, հաճախակի այցելենք ու  զրուցենք, նրանց ամեն գնով պահենք մեր ուշադրության կենտրոնում, դա մեր բոլորի պարտքն է:  Մեր հերոսները՝ ընդամենը 18 տարեկան տղաներ,  չնահանջեցին,  ուստի մենք իրավունք չունենք  նահանջելու,  մենք պետք է  մշտապես պայքարենք մեր անկախության  ու մեր սահմանների անառիկության համար: Գրքիս շնորհանդեսը կայացավ օգոստոսի 5-ին, «Ռոյալ»  ռեստորանային համալիրում. ես միտումնավոր ընտրեցի այդ վայրը,  փոխեցի ձևաչափը, որպեսզի ընդունված չափորոշիչներից դուրս լինի, չլինի գրադարաններից մեկում, միջավայրն ավելի լուսավոր,  ավելի բաց լինի: Միջոցառման տորթը խորհրդանշվում էր նռնակով ու ինքնաձիգով. տորթը կտրեցին զոհված տղաների ծնողները:  Ելույթ ունեցան Աբգար Ափինյանը, լեզվաբան Լավրենտի Միրզոյանը և այլք:  Ես շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց, ովքեր աջակից եղան ինձ, բարոյապես ու հոգեպես նեցուկ եղան, ու ծնվեց այս գիրքը, շնորհակալ եմ մայրիկիս՝ ֆինանսական աջակցության համար:   Գրքի շնորհանդեսն ամենայն հավանականությամբ  կլինի նաև Լոս Անջելեսում»:

Հաջողություն մաղթելով երիտասարդ ստեղծագործողին՝ ցանկանք, որ նրա հաջորդ գիրքը լինի ապրող հերոսների մասին, որ այլևս երբեք  մեր գարուններն արյուն  ու արցունք չտեսնեն, որ մեր երկրի սահմաններն անառիկ պահող հայորդիները տուն չվերադառնան  զինվորական դատարկ համազգեստի ու գլխարկի տեսքով, որ նրանք  ցավոտ հուշ չդառնան, որ զինվորական համազարկը հնչի միայն հաղթության համար:

Կարինե Ավագյան 

տեսիլք5տեսիլք4տեսիլք3 տեսիլք2 տեսիլք1

Scroll Up