ՀՀ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ 5 ՏԱՐԵԿԱՆ Է
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2013/10/g_image2-300x2051-300x1732.jpg)
Մեծարգո տիկի´ն Հրանուշ Հակոբյան,
Սրտի ողջ ջերմությամբ շնորհավորում եմ Ձեզ և Ձեզ նախարարության ողջ աշխատակազմին՝ նախարարության հիմնադրման հնգամյակի առիթով: Մեծ է ձեր ավանդը Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման, համայն հայության համախմբման ու գործակցության ոլորտում: Ավանդական սփյուռքի հետ սերտորեն համագործակցելուց բացի, դուք կապ ենք հաստատում նորաստեղծ համայնքների հետ, նպաստում նրանց կայացմանն ու զարգացմանը: Կենսագործում եք մի շարք միջոցառումներ, որոնք խթանում են սփյուռքի մշակութային կենտրոնների, ուսումնական հաստատությունների, մշակութային համույթների, անհատ արվեստագետների մասնագիտական մակարդակի բարձրացմանը:
Հետևողական և անդուլ գործունեության շնորհիվ նորանոր մտահղացումներ ու ծրագրեր եք իրականացնում, որոնք օգնում են սփյուռքահայերին զերծ մնալու ուծացումից:
Աձանձնահատուկ աշխատանք տանելով լեզվի պահպանման և կրթության ոլորտում՝ համահայկական կրթական ծրագրերի միջոցով սատարում եք սփյուռքի հայկական հանրակրթական ու մեկօրյա դպրոցների բարգավաճմանը, անց եք կացնում մայրենիի օլիմպիադաներ, ուսուցիչների պատրաստման և վերապատրաստման դասընթացներ, «Մայրենիի լավագույն ուսուցիչ», «Սփյուռքի լավագույն կրթօջախ», լավագույն ԶԼՄ, լավագույն համայնք մրցանակաբաշխությունները, մեծ հաջողությամբ է գործում «Սփյուռք ամառային դպրոցը», կազմակերպում եք «Հայրենիք, քեզ այդպիսին եմ տեսնում», «Կտոր մը հայրենիք» մրցույթները, որոնք երիտասարդներին կապում են Հայաստանի հետ :
Ձեր ծրագրերը աշխարհի տարբեր ծեգերում բնակվող հազարավոր հայ պարմանի-պարմանուհիներին ճանաչելի են դարձնում Հայաստան-հայրենիքը, աջակցում նրանց հայրենասիրական դաստիարակմանը, ազգային ինքնության ու արմատների ճանաչողության հնարավորությունների ընդլայնմանը, ոգու հզորացմանն ու սեփական ժողովրդի ավանդույթների, սովորույթների իմացությանը:
Որպես մի քանի ծրագրերի մասնակից՝ իմ երախտագիտության խոսքն եմ հղում Ձեզ այն անմոռաց և երանելի օրերի համար, որ պարգևեցիք ինձ ու ինձ նման շա՜տ-շատերին:
Լիահույս եմ, որ առաջիկայում էլ կյանքի կկոչեք բազում նոր նախաձեռնություններ:
Ուժ, կարողություն Ձեզ, անսպառ եռանդ շնորհակալ ու ազգապահպան գործունեության մեջ:
Խորին հարգանքով՝
Կարինե Մանուկյան
Վրաստանի կրթության և գիտության նախարարության ազգային ուսումնական ծրագրերի վարչության ոչ վրացալեզու ուսումնական նյութերի համակարգող