«Հայրենիքը յուրաքանչյուր հայի հոգին է. քանի դեռ ողջ է մարդը, հոգին նրա հետ է». Գարիկ Պապոյան
«Արի տուն-2016»- ի հերթական՝ 6-րդ փուլին մասնակցում են նաև Աբխազիայից ժամանած հայորդիներ՝ Աբխազիայի հայկական համայնքի մշակութային կազմակերպության ղեկավար Գարիկ Պապոյանի գլխավորությամբ, ում հետ զրուցել է «Հայերն այսօր»-ի թղթակիցը:
-Գարի՛կ, մինչ այս ծրագրին առնչվող թեմաներով զրուցելը՝ անդրադառնանք «Իմ Հայաստան» համահայկական փառատոնին Աբխազիայից եկած պարախմբի մասնակցությանն ու ելույթին:
-Ասեմ, որ ես եկել եմ Աբխազիայի Գագրա քաղաքից, ներկայացնում եմ Աբխազիայի հայկական համայնքը, որի մշակույթի տան գեղարվեստական ղեկավարն եմ: Ես ներկայացրել եմ Աբխազիայի «Անի» պարային համույթը, որն իր ուժերի ներածին չափով կարողացավ գեղեցիկ ելույթ ունենալ հայաստանյան բեմերում. գնահատականը թողնում ենք հանդիսատեսներին: Խմբի ոչ բոլոր պարողներն են եկել:
–Ո՞ր երկրներից եկած պարախմբերի ելույթներն են Ձեզ համար ամենից տպավորիչը:
-Չեմ կարող հիացմունքով չխոսել Արգենտինայի պարախմբերի հրաշալի, բարձր մակարդակով ելույթի մասին. լինելով Հայաստանից այդքան հեռու գտնվող մի երկրում՝ արգենտինահայերը կարողացել են ստեղծել նման համույթներ և ջանասիրությամբ աշխատելու արդյունքում ստանալ բարձր որակ, ապահովել պրոֆեսիոնալ մակարդակ: Լավ պատրաստված էր նաև Սանկտ Պետերբուրգի պարախումբը, Էստոնիայի պարային համույթի ելույթը ևս տպավորիչ էր: Պետք է ասեմ, որ փառատոնին մասնակցող բոլոր խմբերն էլ, անշուշտ, աշխատել էին՝ պատշաճ մակարդակով ներկայանալու հայաստանյան հանդիսատեսին և մյուս երկրներից ելույթ ունեցող խմբերին: Այս փառատոնն ինչ- որ տեղ նաև մեզ համար յուրօրինակ ստուգատես էր, սեփական խմբերի մակարդակի որակավորում. ցանկացած ելույթ որևէ բեմում՝ պարախմբերի, երգիչ-երաժիշտների համար նաև ինքնադրսևորման հնարավորություն է: Շնորհակալությու՛ն ՀՀ սփյուռքի նախարարությանը. այսօրինակ ծրագրերը նպաստում են Սփյուռքի տարբեր գաղթօջախներում ապրող հայերի մշակութային կյանքի զարգացմանն ու Հայրենիք- Սփյուռք գործակցության ամրապնդմանը:
-Գարի՛կ, քանի՞ երեխա է Աբխազիայից մասնակցում «Արի տուն-2016»-ի 6-րդ փուլին:
– 12 երեխա է մասնակցում, ես էլ իրենց հետ՝ 13 հոգի ենք Աբխազիայից: Խմբում ընդգրկված են 13 –ից մինչև 15 տարեկան երեխաներ, որոնցից միայ 2 հոգի են եղել Հայսատանում, մյուսներն առաջին անգամ են Հայրենիքում: Ինքս Հայաստանում եղել եմ 2015 թվականին. դա իմ սեփական նախաձեռնությունն էր. եկել էի ՝ մասնակցելու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ջահերով երթին:
-Ինչպիսի՞ հայկական համայնք ունի Աբխազիան:
-Համախմբված, կուռ, հայասեր. համշենահայերը շատ հայրենասեր են, պատվախնդիր: Համայնքի նախագահ Խաչիկ Մինասյանն ու համայնքի ակտիվ անդամներից Սյուզան Թովմասյանը մեզ շատ են օգնում, աջակցում մշակութային բոլոր միջոցառումներին:
-Աբխազիա և Հայաստան. որտե՞ղ կնախընտրեք ապրել ու աշխատել Ձեր կյանքի հետագա տարիներին:
-Ես ծնվել ու մեծացել եմ Աբխազիայում. այստե՛ղ են ծնվել իմ պապերն ու ծնողներս, բայց մշտապես ունեմ Հայրենիքի զգացողությունը, գիտեմ, որ ես Հայաստան անունով մի ամրոց ունեմ: Դեռ ամուսնացած չեմ, սակայն կյանքս կապելու եմ միմիայն հայուհու հետ, իմ ընտանիքի հիմքերը պետք է լինեն հայեցի, ամուր, իմ զավակները պետք է խոսեն, գրեն ու կարդան հայերեն: Ես շատ եմ սիրում Հայաստանը, գեղեցիկ Երևանը, սակայն առայժմ մտադրություն չունեմ թողնելու Գագրան, որտեղ անցել են իմ մանկությունն ու պատանեկությունը. պարզապես մշտական կապի մեջ եմ Հայրենիքիս հետ. այն յուրաքանչյուր հայի հոգին է՝ անկախ աշխարհագրական տարածքից և քանի դեռ ողջ է մարդը, հոգին նրա հետ է:
Զրուցեց Կարինե Ավագյանը