Ստեփանակերտում կայացել է Թեհրանի «Զարթոնք» պարախմբի համերգը. լուսանկարներ
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2016/07/զարթոնք10.jpg)
ՀՀ սփյուռքի նախարարության «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի շրջանակներում այսօր՝ հուլիսի 25-ին, Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում տեղի է ունեցել Թեհրանի «Զարթոնք» պարախմբի համերգը:
Համերգին «Զարթոնք» պարախումբը ներկայացրել է հայկական, իտալական, ռուսական, վրացական, աջարական ազգերի դասական պարեր:
«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում «Զարթոնք» պարախմբի գեղարվեստական ղեկավար և պարուսույց Լորետա Ավետիսյանն ասել է, որ իրենց պարի խումբը հիմնվել է Թեհրանում 1989 թվականին:
«Պարախմբի 60 հայ մասնակիցներով առաջին անգամ ենք Արցախում: Արվեստը, հայկական մշակույթը մեր մոտ մեծ արժեք ունեն. դրանք մենք ամեն կերպ պահում, պահպանում ու զարգացնում ենք: Ուրախալին այն է, որ ամեն տարի պարախմբում նկատվում են երեխաների մեծ հոսք և ակտիվություն»,-նշել է պարախմբի գեղարվեստական ղեկավարը:
«Պարախումբը հանդես է գալիս և´ հայկական և´ տարբեր ազգերի դասական պարերով: Այժմ ունենք 4-30 տարեկան 147 հայ անդամ: Այն օժանդակվում է խմբի ղեկավարի և ծնողներից կազմված խորհրդի կաղմից: Տարվա ընթացքում պարախումբը մասնակցում է Թեհրանում կազմակերպվող ազգային և կրոնական հանդիսություններին և միջոցառումներին:
Կազմակերպվել են միջոցառումներ նվիրված հայոց Մեծ եղեռնին, Հայաստանի Հանրապետության անկախությանը, մշակույթի օրվան, մայրերի տոնին, համահայկական և համադպրոցական խաղերին,պարի միջազգային օրվան: Մասնակցել ենք Երևանում իրականացված «Փյունիկ» փառատոնին, որպես Իրանից եկած առաջին խումբ:
Մեր մասնակցությունն ենք բերել Ռուսաստանի Նալչիկ և Վրաստանի Բաթումի քաղաքների միջազգային փառատոներին` Վրաստանում արժանանալով առաջին մրցանակի»,-տեղեկացրել է Լ. Ավետիսյանը և հավելել, որ Ստեփանակերտ գալու առաջին օրն իրենք ծաղիկներ են դրել Եղբայրական հուշահամալիրում: Ազգային տարազներով այցելել են «Մենք ենք մեր սարերը» հուշարձան, վաղն էլ պատրաստվում են մեկնել Գանձասար և Շուշի:
Լ. Ավետիսյանի խոսքով` իրենք շատ տպավորված են Արցախով ու հպարտ` արցախցիներով: