ՀՀ սփյուռքի նախարարի ողջույնի խոսքը Սոֆիայում բուլղարահայ նշանավոր նկարիչ Բեդիգ Բեդրոսյանի կտավների ցուցահանդեսի բացման առիթով

ՄԵԾԱՀԱ՛ՐԳ ՊԱՐՈՆ ԴԵՍՊԱՆ

ՀԱՐԳԱՐԺԱ՛Ն ՏԻԿԻՆ ՔԱՂԱՔԱՊԵՏ,

ՀԱՐԳԵԼԻ՛ ՊԱՐՈՆ ԿՐԻԿՈՐՅԱՆ

ՎԱՌՆԱՅԻ «ԱՐԱՐԱՏ» ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՍԻՐԵՐԼԻ՛ ԱՆԴԱՄՆԵՐ,

ԱՐՎԵՍՏԱԳՆԵՏՆԵ՛Ր ԵՎ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵ՛Ր,

ՏԻԿՆԱ՛ՅՔ ԵՎ ՊԱՐՈՆԱ՛ՅՔ

Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության անունից ջերմորեն ողջունում եմ ձեզ` Սոֆիայի արվեստի քաղաքային ցուցասրահում բուլղարահայ նշանավոր նկարիչ Բեդիգ Բեդրոսյանի կտավների ցուցահանդեսի բացման առիթով:

Ծնվելով ցեղասպանությունից մազապուրծ Բուլղարիա գաղթած հայի ընտանիքում՝ Բեդիգ Բեդրոսյանը դեռ վաղ մանկությունից նվիրվեց արվեստին և իր ապրած 77 տարիների ընթացքում ստեղծեց 600-ից ավելի նկար, որոնցից շատերը տարբեր ժամանակներում ցուցադրվել են Բուլղարիայի, Գերմանիայի և եվրոպական այլ երկրների հեղինակավոր պատկերասրահներում:

Բեդիգ Բեդրոսյանը մեծ ներդրում է ունեցել հայկական սփյուռքի մշակութային ժառանգության անդաստանում և վստահ եմ, որ նա նաև իր ուրույն տեղն ու դերն ունի Բուլղարիայի մշակույթի պատմության մեջ:

Մեծահա՛րգ քաղաքապետ՝ տիկին Ֆանդուկովա,

Շնորհակալության իմ խոսքն եմ հղում ցուցահանդեսը Ձեր բարձր հովանու ներքո կազմակերպելու համար: Շնորհակալ ենք նաև ցուցահանդեսի կազմակերպանն օժանդակողներին՝ տիկին Պալմենա Դիմիտրովա Ռաչևային, պրոֆեսոր Անգել Ստանևին, Սոֆիայի արվեստի քաղաքային ցուցասրահի ղեկավարությանը և բոլոր նրանց, ում անմիջական ջանքերի ու աջակցության շնորհիվ կյանքի է կոչվում այս կարևոր ձեռնարկը:

Ցուցահանդեսի կազմակերպումը, հիրավի, վկայությունն է հայ և բուլղար ժողովուրդների դարավոր բարեկամության, նվաճումներ ունենալու անկոտրում կամքի, ինչպես նաև մշակույթը պահպանելու և սերունդներին փոխանցնելու առաքելության:

Այս նախաձեռնությունը ևս մի հնարավորություն է ցուցահանդես այցելողների համար՝ տեսնելու, ճանաչելու տաղանդավոր նկարչի յուրահատուկ նկարչական ոճն ու վրձնի ձեռագիրը, ինչպես նաև հիանալու հայկական և բուլղարական մշակույթի միախառնումից ծնված նրա բարձրաճաշակ արվեստով և ստեղծած մնայուն գործերով:

Համոզված ենք, որ դարերի ընթացքում ձևավորված և բարի ավանդույթ դարձած հայ-բուլղարական ջերմ հարաբերությունները և համագործակցությունը շարունակական բնույթ կունենան և էլ ավելի կամրապնդեն հայ և բուլղար ժողովուրդների բարեկամությունը:

Ջերմ բարեմաղթանքներով՝

 

ՀՐԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆ

Scroll Up