«Սփյուռք» ամառային դպրոց-2016. Սփյուռքահայ ուսուցիչներն այցելեցին Երևանի թիվ 141 մանկապարտեզ
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2016/07/մանկապարտեզ3.jpg)
Հուլիսի 20-ին ՀՀ սփյուռքի նախարարության «Սփյուռք» ամառային դպրոց ծրագրի «Հայոց լեզվի և պատմության ուսուցիչների, կրթական գործի կազմակերպիչների վերապատրաստում» դասընթացի մասնակիցներն այցելեցին Երևանի թիվ 141 գիշերօթիկ մանկապարտեզ: «Հայերն այսօրի» փոխանցմամբ՝ սփյուռքահայ ուսուցիչներին դիմավորեցին մանկապարտեզի աշխատակիցներն ու պատրաստակամորեն ծանոթացրեցին մանկապարտեզի առօրյային, կազմակերպեցին փոքրիկ շրջայց:
Մանկապարտեզի տնօրեն Լուսինե Մատինյանը ուսուցիչներին ներկայացրեց մանկապարտեզի ստեղծման պատմությունը և գործունեությունը:
Ուսուցիչները, ջերմ մթնոլորտում շրջելով մանկապարտեզում, ծանոթացան նաև այստեղ ապրող և սովորող փոքրիկների հետ, դիտեցին երեխաների ձեռագործ աշխատանքները:
Լուսինե Մատինյանը «Հայերն այսօրի» հետ զրույցում հայտնեց, որ մանկապարտեզ են հաճախում 300 երեխա, որոնց մի մասը նաև գիշերում է մանկապարտեզում: Մանկապարտեզը գործում է 24 ժամ և շուրջ տարի:
Մանկապարտեզը վերանորոգվել և ժամանակակից չափանիշներին է համապատասխանում նաև՝ շնորհիվ սփյուռքահայ բարերարների:
Ուսուցիչների հետ զրույցում մանկապարտեզի տնօրենն ասաց, որ շնորհակալ է Երևանի քաղաքապետարանին, որ հենց այս մանկապարտեզն են ընտրել ուսուցիչների այցի համար:
Մանկապարտեզ այցելությունը հատկապես հետաքրքիր էր սփյուռքահայ այն ուսուցիչներին, որոնք իրենց համայնքներում աշխատում են բողբոջ դասարանների հետ: Մանկապարտեզում նրանց հնարավորություն տրվեց ծանոթանալ ծրագրերին և դասընթացներին, որը նրանք կարող էին կիրառել և օգտագործել իրենց խմբերում:
Մանկապարտեզի փոքրիկները գեղեցիկ միջոցառում էին կազմակերպել՝ ուսուցիչներին ողջունելու և հանդիպումն առավել ջերմացնելու համար: Փոքրիկների ցուցադրած միջոցառումն այնքան գեղեցիկ էր, որ ուսուցիչների մեծ մասը հուզվեց:
Հանդիպման ավարտին Լուսինե Մատինյանը և մանկապարտեզի ողջ աշխատակազմը փոքրիկ հյուրասիրություն էին կազմակերպել Սփյուռքից ժամանած հյուրերի համար, ինչը շփումն առավել մտերմիկ, հետաքրքիր ու բովանդակալից դարձրեց:
Մանկապարտեզում թևածում էր հայրենասիրական ոգին: Ուսուցիչները նշեցին, որ շատ բան ունեն այս մանկապարտեզից իրենց հետ տանելու, հատկապես՝ մանուկների պայծառ ու ջինջ աչքերը, որոնք լի են հույսով ու հավատով:
«Շատ տպավորիչ և միաժամանակ հուզիչ էր մանկապարտեզ այցելությունը: Մենք ստացանք դրական լիցքեր ու հույզեր, որոնք կտանենք մեզ հետ: Շատ շնորհակալ եմ, որ բացի դպրոցներ այցելելուց՝ հնարավորություն ունենք նաև մանկապարտեզներին ծանոթանալու և մի քանի րոպե անցկացնելու փոքրիկների լուսավոր աշխարհում: Նրանք մեզ տեղափոխեցին դեպի մեր մանկություն»,-«Հայերն այսօրի» թղթակցի հետ զրույցում ասաց հունաստանաբնակ ուսուցչուհի Ամալյա Թադևոսյանը:
Լուսինե Գրիգորյան
«Սփյուռք» ամառային դպրոց ծրագրի կամավոր, ԵՊՀ պատմության ֆակուլտետի սփյուռքագիտության ամբիոնի ուսանող