«Սփյուռք» ամառային դպրոց-2016. Սփյուռքահայ ուսուցիչները հանդիպեցին Նազիկ Հարությունյանին

Հուլիսի 15-ին ՀՀ սփյուռքի նախարարության «Սփյուռք» ամառային դպրոց  ծրագրի «Հայոց լեզվի և պատմության ուսուցիչների, կրթական գործի կազմակերպիչների վերապատրաստում»  դասընթացի մասնակիցները Երևանի պետական համալսարանում հանդիպեցին ԵՊՀ մանկավարժության ամբիոնի վարիչ, մ.գ.դ Նազիկ Հարությունյանի հետ, ով հանդիսանում է նաև կրթական գործ դասընթացի պատասխանատուն:

«Հայերն այսօրի» փոխանցմամբ՝ Նազիկ Հարությունյանը հանդիպման սկզբում հանդես եկավ ողջույնի խոսքով: Նա իր երախտագիտությունը հայտնեց սփյուռքահայ ուսուցիչներին ազգանվեր և ազգապահպան գործունեություն ծավալելու և օտար հողում հային հայ պահելու համար: Քանի որ եթե հայրենիքում դժվար է կրթական գործընթաց ծավալելը, ապա այն կրկնակի բարդ է դրսում:

Իր խոսքում Նազիկ Հարությունյանը հավելեց նաև, որ բավականաչափ զբաղվել է Սփյուռքի կրթական խնդիրներով, ծանոթ է մեկօրյա և ամենօրյա դպրոցների խնդիրներին՝ նշելով, որ մեկօրյա դպրոցների խնդիրն առավել դժվար է՝ ժամաքանակի սղության պատճառով:

Ելույթի ընթացքում Ն. Հարությունյանը անդրադարձավ նաև մեկ միասնական դասագիրք ստեղծելու խնդրին՝ ասելով, որ դա գործնականում անհնար է, քանի որ տարբեր են համայնքներն ու դրանց պահանջները:
Նազիկ Հարությունյանը, կարևորելով կրթության դերը, ուսուցիչներին խոստացավ օգնել կազմակերպչական, կառավարման և խորհրդատվական հարցերում:

Եղավ նաև հարց ու պատասխան, և ուսուցիչներին հնարավորություն տրվեց հղել իրենց հետաքրքրող հարցերը:
Հանդիպման վերջում Նազիկ Հարությունյանը ուսուցիչներին մաղթեց դառնալ ամրակուռ կամուրջ, որը հարյուրավոր թելերով Սփյուռքը կկապի Հայաստանի հետ:

Լուսինե Գրիգորյան

«Սփյուռք» ամառային դպրոց ծրագրի կամավոր, ԵՊՀ պատմության ֆակուլտետի սփյուռքագիտության ամբիոնի ուսանող

դպրոցդպրոց1 դպրոց2

Scroll Up