«Սփյուռք» ամառային դպրոց. Պետք չէ միայն հպարտ լինել հայ լինելուդ համար, պիտի նաև սիրել հայ լինելդ
ՀՀ սփյուռքի նախարարության «Սփյուռք» ամառային դպրոցը արդեն մեկ շաբաթ է, ինչ մեկնարկել է: Համախմբելով աշխարհի տարբեր ծագերից եկած հայորդիներին՝ այն բացի գիտելիքի ու փորձի հարթակ լինելուց վերածվել է նաև մի մեծ ընտանիքի, որտեղ յուրաքանչյուր անդամ իրեն զգում է հարազատ միջավայրում: Ամառային դպրոցը դասընթացներ է անցկացնում հինգ ուղղություններով:
Այս անգամ «Հայերն այսօրի» թղթակիցը զրուցել է «Երիտասարդ առաջնորդների և համայնքային գործի կազմակերպիչներ» դասընթացի մասնակից Նաիրա Յաքարյանի հետ, ով հայրենիք է եկել Գերմանիայի Շտուտգարտ քաղաքից: Մասնակից հայուհու հետ խոսեցինք գերմանահայ համայնքի, հայրենիքում լինելու զգացողության և այստեղ սերտած դասերի մասին:
-Նաիրա´, նախ ողջունում եմ քեզ այստեղ՝ հայրենի հողում լինելու կապակցությամբ, թո´ղ այս այցը ավելի ամրացնի հայրենիքի հետ քո կապը և ոգեշնչի քեզ շարունակելու արարել միայն հայկականության մոտիվներով: Խնդրում եմ՝ պատմիր´ Գերմանիայում քո գործունեության և հայկական դպրոցում քո առաքելության մասին:
– Շնորհակալ եմ ջերմ ողջույնի համար: Նախ նշեմ, որ այստեղ եմ առաջին անգամ: Այդ առումով իմ այցը շատ խորհրդանշական է և իհարկե՝ ոչ պակաս կարևոր ինձ համար: Լինելով Շտուտգարտի Սուրբ Մեսրոպ Մաշտոցի անվան հայկական կիրակնօրյա դպրոցի փոխտնօրեն և միևնույն ժամանակ նույն դպրոցի հայ եկեղեցու պատմություն առարկայի ուսուցիչ՝ պիտի նշեմ, որ հայրենիքը մեզ համար զուտ ֆիզիկական տարածք չէ, այն մեր պապերի երկիրն է, մեր հողը, հոգևոր կենտրոնը, մեր արարման սկիզբը: Դպրոցն էլ այն կառույցն է, որը պահում ու պահպանում է այդ կենտրոնի հոգևոր միասնության գաղափարը:
Մեր դպրոցը գործում է արդեն երեք տարի, ունենք մոտ երեսուն աշակերտ: Նրանք լավ են գիտակցում հայ մնալու, ինքնությունը պահպանելու միտքը: Դրա ապացույցն է այն, որ մեր աշակերտները դպրոց են հաճախում 100 կմ հեռավորություն անցնելով, առանց զլանալու, մեծ ոգևորությամբ: Եվ իմ ու մնացած ուսուցիչների առաքելությունը այդ հայորդիներին հայկականության մեջ պահելն է, հայոց լեզվին ու մշակույթին հաղորդակից դարձնելը, երգ ու պար դասավանդելը, նրանց մեջ հայ լինելու, հայեցի ապրելու գաղափարը սերմանելը: Փորձում ենք հավատարիմ մնալ մեր առաքելությանը՝ չխնայելով ջանք ու եռանդ:
-Ուսուցիչների դերը մեր պատմության մեջ ահռելի է: Ուսուցիչ էր նաև մեծն Մաշտոցը: Ի՞նչ է կախված այսօր Սփյուռքում ապրող և աշխատող հայ ուսուցչից:
-Շատ բան է կախված: Այսօր սփյուռքահայ ուսուցչի ուսերին մեծ պարտականություն է դրված՝ իր աշակերտին, չնայած օտար միջավայրի ու բարքերի, հնարավորինս հայ պահել: Իհարկե, այստեղ մեծ է նաև ընտանիքի, ծնողների դերը: Պիտի բազմակողմանի աշխատանք տարվի, որի հիմքում պիտի լինի սերը դեպի հայկականն ու հայրենիքը: Ես և մեր դպրոցի մյուս ուսուցիչները վաղուց մի բան ենք հասկացել. աշակերտի մեջ մանկուց՝ վաղ տարիքից պիտի սերմանվի այս ամենը, կաթիլ առ կաթիլ, քիչ-քիչ հասցնելով երեխային այն մտքին, որ ամենաթանկը ինքնությունն է, մարդու արմատները, որից շեղվելու դեպքում ամեն ոք կորցնում է իր դիմագիծը: Մեր աշակերտները հասկանում են այս ամենը:
-Գերմանիայում հայկական համայնքը վաղուց է հաստատվել, Հայաստան-Գերմանիա ամուր քաղաքական, դիվանագիտական և բարեկամական կապերը գնալով ավելի են սերտանում: Ի՞նչ խնդիրներ ունի այսօր գերմանահայ համայնքը և ինչպե՞ս է հաղթահարում դրանք:
– Նախ կա տեղի խնդիրը՝ որտեղ հավաքվել, քանի որ համայնքը ցրված է ամբողջ Գերմանիայով: Այս պարագայում օգնության է հասնում Հայ առաքելական եկեղեցին՝ դառնալով կապող օղակ ու հենասյուն: Այդպիսին է եղել մեր եկեղեցին մեր պատության յուրաքանչյուր շրջանում: Հայկական դպրոցները հաջող գործում են, սակայն դրանք քիչ են: Պատճառը հասկանալի է. հնարավոր չէ ամեն մարզում դպրոց կառուցել, չնայած որ այդ խնդիրն էլ գնալով լուծվում է: Հայկական դպրոցներում ուսուցումը կատարվում է արևելահայերեն, սակայն կան հայ ընտանիքներ, որտեղ խոսում են արևմտահայերեն: Այդ ընտանիքի երեխաների համար դժվար է արևելահայերենը յուրացնելը, սակայն մենք փորձում ենք այս պատնեշը ևս հաղթահարել: Ունենք նվիրյալ ուսուցիչներ, նվիրյալ անհատներ, ովքեր հստակ գիտեն՝ որն է իրենց գործը: Այդ անհատներից մեկն էլ Արժանապատիվ Տեր Տիրատուր քհն. Սարդարյանն է, ով անմնացորդ նվիրված է մեր դպրոցին: Համայնքը ապրող օրգան է, բնական է՝ խնդիրներ կան, սակայն գտնվում են այդ խնդիրները հաղթահարող ճանապարհները: Սա հայրենիքի ու հայ ինքնության հանդեպ մեծ հարգանքի ու սիրո շնորհիվ է:
-Նաիրա´, ասում են՝ օտարազգիները սիրում են հայ մշակույթը, դրա մեջ տեսնում են պատմական անցյալն ու ապագայի հայելիապատկերումը: Ինչպե՞ս են Գերմանիայում վերաբերվում մեր մշակույթին:
– Ես նաև աշխատում եմ գերմանական դպրոցում, միակ օտարազգի ուսուցիչն եմ: Գիտեն բոլորը, որ հայ եմ, գիտեն մեր մշակույթի մասին և այն մեծ խանդավառությամբ են ընդունում: Իհարկե, մեր համայնքը աշխատում է մեր մշակույթը նրանց հասանելի դարձնելու ուղղությամբ: Արդեն հինգ տարի է՝ ամեն հոկտեմբերին 1-2 շաբաթով անցկացնում ենք հայկական մշակույթի օրեր, կազմակերպում ցուցահանդեսներ, ազգային երգ ու պարն ենք ներկայացնում, մեր արվեստը: Արդյունքը զգալի է: Մեր տեսակով, օրինակով ենք փորձում նաև ցույց տալ, թե ով է հայը:
– Ոչ վաղ անցյալում Գերմանիայի Բունդեսթագը դատապարտեց Հայոց ցեղասպանությունը: Սա պատմական իրողություն էր՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ դատապարտողը Թուրքիայի աջակիցն ու դաշնակիցն է եղել Ցեղասպանության և դրան հաջորդած տարիների ընթացքում: Ինչպիսի՞ տրամադրությունների էին հայկական համայնքում Գերմանիայի այս քայլից հետո:
-Մեր համայնքը անչափ ոգևորված էր: Ասում եմ ու միաժամանակ փշաքաղվում: Տասնմեկամյա տղայիս հետ հեռուստացույցով հետևում էինք ճանաչման ամբողջ ընթացքին: Ես շատ հպարտ եմ, որ ապրում եմ այնպիսի երկրում, որը ճանաչել ու դատապարտել է իմ ժողովրդի հանդեպ իրականացված ցեղասպանությունը: Սա մեծ խթան էր հայկական համայնքի համար` նոր ներուժով աշխատելու և արարելու:
-Նաիրա´, վերադառնալով ամառային դպրոցին՝ ի՞նչ է այն քեզ տալիս, և ի՞նչ ես դու փոխանցելու քո սաներին վերադառնալուց հետո:
– Անսպառ տեղեկատվություն եմ ստանում ամեն օր: Փորձում եմ սերտել յուրաքանչյուր դաս, նոր ուղիներ եմ գտնում հայկականը մատուցելու, իմ սեփական օրինակը ստեղծելու համար: Գրի եմ առնում օգտակար յուրաքանչյուր միտք, որ գնամ ու փոխանցեմ սաներիս: Սակայն ամենակարևոր բանը, որ կասեմ նրանց վերադարձիցս հետո, սա է՝ պետք չէ միայն հպարտ լինել հայ լինելուդ համար, պիտի նաև սիրել հայ լինելդ: Ես սիրում եմ:
Ամալյա Կարապետյան