Օլեգ Եսայանը հանդիպեց «Արի տուն-2013» ծրագրի մասնակից մոսկվաբնակ երիտասարդների հետ
Հոկտեմբերի 11-ին ՌԴ-ում ՀՀ դեսպանությունում տեղի է ունեցել ՀՀ դեսպան Օլեգ Եսայանի և ՀՀ Սփյուռքի նախարարության «Արի տուն-2013» հայրենաճանաչության ծրագրի մոսկվաբնակ երիտասարդների հանդիպումը: Հանդիպմանը ներկա էին ՀՀ դեսպանության մշակույթի գծով խորհրդական Մ.Բաբայանը, մամլո քարտուղար Է.Ջամբազյանը, երկրորդ քարտուղար Վ.Մելքումովան:
2013թ ընթացքում «Արի տուն» ծրագրին ՌԴ-ից մասնակցել է 262 երիտասարդ: Հանդիպմանը ներկա էին Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի պատմական ֆակուլտետի, մաթեմատիկական ֆակուլտետի, Մոսկվայի Ս.Վիտտեի անվան համալսարանի կառավարման ֆակուլտետի, Մոսկվայի լեռնային համալսարանի, Ռուսաստանյան Սոցիալական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի և Մոսկվայի մի շարք հանրակրթական դպրոցների և վարժարանների ուսանողներ և աշակերտներ:
Բացման խոսքում դեսպան Եսայանը, ողջունելով երիտասարդներին, ընդգծել է սփյուռքի դերն ու կարևորությունը համայն հայության կյանքում, «Արի տուն» ծրագրի արդիականությունը և կարևորությունը, մի ծրագրի, որն օգնում է բացահայտել արտերկրում բնակվող հայության ներուժը:
Հանդիպմանը խոսվեց հայոց լեզվի շարունակական ուսուցման կարևորության, Հայաստանից դուրս ազգային մթնոլորտի ստեղծման կարևորության, ինչպես նաև դրան խոչընդոտող հանգամանքների մասին: Նա հակիրճ անդրադարձավ հայ-ռուսական երկկողմ հարաբերություններին, հայապահպանության խնդիրներին:
«Արի տուն» ծրագրի մասնակիցները շնորհակալություն հայտնեցին ՀՀ Սփյուռքի նախարարությանը և ՀՀ դեսպանությանը՝ իրականացրած ծրագրի և կազմակերպված ընդունելության համար: Հայտնելով իրենց գոհունակությունը՝ որոշ երիտասարդներ ընդգծեցին, որ ցանկալի կլիներ հաջորդ տարիների ընթացքում հնարավորություն ունենալ «Արի տուն» ծրագրի շրջանակներում այցելել նաև Լեռնային Ղարաբաղ` տեղի հայկական մշակութային կոթողներին և ավանդույթներին ծանոթանալու համար:
Շնորհակալություն հայտնելով ծրագրի կազմակերպիչներին` որոշ երիտասարդներ խոսեցին Հայաստանում հայրենիքի զգացումը վերապրելու, ինչպես նաև նման ծրագրերին ապագայում մասնակցելու ցանկության մասին:
Հանդիպման վերջում երիտասարդների համար կազմակերպվեց շրջայց դեսպանության շենքում: Նրանք ծանոթացան Լազարյանների ընտանիքի պատմությանը և դեսպանության տարածքում գտնվող պատմական նշանակություն ունեցող հիշարժան հուշարձաններին:
Վիկտորիա Մելքոմովա
Մոսկվա