«Հայաստան. ստեղծենք միասին». Մեր նպատակն է, որ հայ մարդն առողջ լինի

ԱՄՆ Բոստոն քաղաքից ժամանած մեր հայրենակից Ալեն Չաղլասյանը մասնակցում է ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ, Հայկական բարեգործական ընդհանուր միության, «Լույս» և «Այբ» հիմնադրամների հետ համագործակցությամբ կազմակերպված  «Հայաստան. ստեղծենք միասին» առաջին երիտասարդական հավաքին: Ալենը բժշկական կրթություն է ստացել  Լոնդոնի անգլիական քոլեջում՝ ավարտելով Ընդհանուր բժշկություն ֆակուլտետը: Քոլեջն ավարտելուց հետո սկսել է  աչքի հետազոտությամբ զբաղվել:

Մասնագիտական հաջողությունների և աշխատանքային գործունեության մասին խոսելով՝ Ալենն ասաց,  որ երկու տարի «Լույս»   հիմնադրամի միջոցով աշխատել է Ստեփանավանի Գարգար գյուղում և Լոռու մարզի Տաշիր քաղաքում:

«Ուզում ենք հասկանալ, թե Հայաստանում մեր հայրենակիցներն առողջական ինչ խնդիրներ ունեն, որպեսզի ըստ այդմ՝ կարողանանք համաչափ բժշկական օգնություն տրամադրել: Առանց վարանելու՝ մեր մասնագիտական փորձն ու կարողությունները պատրաստ ենք  ներդնել Հայաստանում և նպաստել, որպեսզի  հայ մարդն առողջ լինի: Հայաստանը միշտ մեր ուշադրության կենտրոնում է»,-«Հայերն այսօրի» հետ զրույցում ասաց Ալենը և հավելեց, որ այդ ուղղությամբ Հայաստանում մի նոր ծրագիր է շուտով իրականացնելու:

Բժշկական շարժական մեքենաներով շրջելու են գյուղերով՝ բժշկական տարբեր օգնություններ տրամադրելու այն մարդկանց, որոնք բժշկի մոտ հետազոտության գնալու  հնարավորություն չունեն: Ալենը լիահույս է, որ այս ծրագրով կկարողանան ինչ-որ չափով նպաստել նրանց առողջության բարելավմանը:

«Առաջին համալսարանական հիվանդանոցի պլաստիկ վիրաբույժ, Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի բժշկական ծրագրերի ղեկավար, ԵՊԲՀ Պլաստիկ և վերականգնողական վիրաբուժության ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. Գևորգ Յաղջյանի հետ Գարգար գյուղում մեկ այլ կարևոր ծրագիր ենք սկսել, որը «Հեռուստահանդես» անվանեցինք: Ծրագրի շնորհիվ՝ ուզում ենք ավելի ընդգրկուն, լայնածավալ աշխատանքներ կատարելով՝ հասկանալ, թե ինչ մակարդակի վրա է գտնվում հանրային առողջությունը և թե ինչ քայլեր պետք է ձեռնարկել մարդկանց կյանքի որակը այս գյուղում բարձրացնելու համար:»,-ասաց Ալեն Չաղլասյանը:

Մեկ այլ բարեգործական նախագծով Ալենը մտադրիր է ամեն օր գյուղերի դպրոցների աշակերտների և բնակիչների համար դասընթացներ կազմակերպել՝ «Առողջ ապրելակերպ» թեմայով: Թե ինչու՞ են այս ծրագրերն իրականացնում գյուղաբնակների շրջանակում, Ալենը մի պատասխան ունի. «Գյուղերի բնակիչները, կարծես, ուշադրությունից մի փոքր դուրս են գտնվում: Նրանք հոգսաշատ են և իրենց առողջությամբ զբաղվելու համար ժամանակ չեն ունենում »:

Զրույցի վերջում Ալենը հավելեց, որ  Լոնդոնում սովորելու տարիներին նմանօրինակ համաժողովների շատ է մասնակցել: Կարծում է, որ նման  համաժողովները մասնագիտական առաջընթացի, նոր գիտելիքներ և հմտություններ  ձեռքբերելու համար լավագույն միջոցներից մեկն է: Նկատել է, որ հետագա գործունեության համար՝ այդ համաժողովներից ստացած փորձառությունը գործնական կիրառության համար անհրաժեշտ է  եղել:

Նույն հույսով և ակնկալիքներով էլ մասնակցում է ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ, Հայկական բարեգործական ընդհանուր միության, «Լույս» և «Այբ» հիմնադրամների հետ համագործակցությամբ կազմակերպած  «Հայաստան. ստեղծենք միասին» առաջին երիտասարդական հավաքին:

Գևորգ Չիչյան

Scroll Up