«Հայաստան. ստեղծենք միասին». Իբրև սփյուռքահայ՝ երազանքս է օգտակար լինել Հայաստանին

Հուշիկ Կայմակամյանը սովորում է Լիբանանի Ամերիկյան համալսարանի Քաղաքագիտություն, միջազգային հարաբերություններ ֆակուլտետի 2-րդ կուրսում: Այժմ Հայաստանում է գտնվում ՀԲԸՄ-ի «Երևանյան ամառային պրակտիկա» ծրագրի շրջանակում, որն անցկացնում է ՀՀ սփյուռքի և ՀՀ արտաքին գործերի նախարարություններում:

Հուշիկը մասնակցում է նաև ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ, Հայկական բարեգործական ընդհանուր միության, «Լույս» և «Այբ» հիմնադրամների հետ համագործակցությամբ կազմակերպած «Հայաստան. ստեղծենք միասին» առաջին երիտասարդական հավաքին:

Խոսելով մասնագիտական ընտրության մասին՝ Հուշիկն ասաց, որ իրեն դիվանագիտական ոլորտը միշտ հետաքրքրել է, հատկապես, որ Մերձավոր Արևելքի նման հակամարտությունների կենտրոնում գտնվող տարածաշրջանում է ապրում: «Ցանկանում եմ ապագայում կայացած և ճանաչված դիվանագետ դառնալ, որպեսզի կարողանամ հայ ժողովրդի  շահերը պաշտպանել և աշխատանքիս շնորհիվ Լեռնային Ղարաբաղի ճանաչման  և Հայ դատի հարցը առաջ տանել՝ հասնելով բոլորիս բաղձալի երազանքի իրականացմանը»,-«Հայերն այսօրի»  հետ զրույցում նշեց Հուշիկ Կայմակամյանը և հավելեց, որ, իբրև սփյուռքահայ, իր երազանք է Հայաստանին օգտակար լինել. կարծում է՝ ընտրած մասնագիտությունն իր առջև այդ հորիզոնը կբացի:

Ապագա դիվանագետը, խոսելով ապրիլի 2-ից 5-ը ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում Ադրբեջանի նախահարձակ գործողությունների մասին, իր դիրքորոշումն արտահայտեց. «Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո այս հարցը դիվանագիտական խաղաղ ճանապարհով է անհրաժեշտ լուծել, բայց Ադրբեջանն անպայման պետք է իր կատարած անօրինությունների համար պատասխան տա: Իսկ մենք, իբրև հայ ուսանողներ, համալսարանում մեր ջանքերով ստեղծված «Հայկական ակումբում» Արցախում տեղի ունեցող իրավիճակի մասին իրազեկեցինք մեր օտարազգի ընկերներին՝այդպիսով միջազգային հարթակներին նույնպես լսելի դարձնելով ադրբեջանական ագրեսիվ գործողությունների մասին: Տեղեկատվական տեսահոլովակներ, լուսանկարներ և այլ նյութեր ցուցադրեցինք համալսարանում, որոնք մեծ տարածում և արձագանք գտան»:

Հավելենք նաև, որ Հուշիկը կարևորում է այս համաժողովի կազմակերպումը, քանի որ հույս ունի կապեր հաստատել աշխարհի տարբեր երկրներից ժամանած երիտասարդների հետ և հետագա  համագործակցության ուղիներ որոնել:

Գևորգ Չիչյան

Scroll Up