«Հայաստանի հետ գործակցելով՝ կարող ենք տարբեր ծրագրեր իրականացնել». Գլենդելի քաղաքային խորհրդի անդամ
Գլենդելի քաղաքային խորհրդի առաքելության, իրականացրած ծրագրերի ու առաջիկա աշխատանքների մասին է «Հայերն այսօրի» հարցազրույցը Գլենդելի քաղաքային խորհրդի անդամ Վարդան Ղարպետյանի հետ:
-Պարո՛ն Ղարպետյան, ի՞նչ ճանապարհ եք անցել մինչև Գլենդելի քաղաքային խորհրդի անդամ դառնալը:
– Պայքարելով ու ամենօրյա աշխատանքի շնորհիվ եմ հասել այդ պաշտոնին: Իմ ընտանիքը համայնքային կյանքում միշտ ակտիվ է եղել: 2003 թվականից սկսած՝ ընդգրկված եմ եղել Գլենդելի քաղաքապետարանի տարբեր հանձնախմբերի մեջ: Ինչպես օրինակ՝ ճարտարապետական հանձնախմբում, որի որոշմամբ և թույլտվությամբ է քաղաքում ցանկացած շինություն կառուցվում: Այնուհետև աշխատանքներ եմ ծավալել պատմական շինությունների հանձնախմբի մեջ: Այս հանձնախումբն իրավունք ունի արգելել պատմական շենքերի քանդումը և փոփոխությունների կատարումը:
Հավելեմ նաև, որ քաղաքային խորհրդի անդամների ընտրությունները 4 տարին մեկ է տեղի ունենում: Մինչև քաղաքային խորհրդի անդամ ընտրվելը, երեք անգամ մասնակցել եմ ընտրություններին:
– Պարո՛ն Ղարպետյան, խոսենք Գլենդելի քաղաքային խորհրդի կազմում իրականացվող ծրագրերի, նախագծերի մասին: Այդ ամենը կյանքի կոչելիս՝ հիմնական ռազմավարություն ունեք:
– Հիմնական ռազմավարությունն այն է, որ ամեն ջանք գործադրում ենք բոլորի կյանքի որակը բարձրացնելու համար: Իհարկե, այդ ամենից օգտվում են նաև գլենդելահայերը:
Երբ քաղաքային խորհրդի անդամ ընտրվեցի, առաջինը Գլենդելի տարեց բնակիչների բնակարանների վարձավճարի հարցը քննարկման դրեցի. բնակարանների ամսավճարը թանկացել է, նրանք չեն կարողանում վճարում կատարել: Հետամուտ լինելով խնդրի լուծմանը՝ հիմա արդեն նրանց համար 80 բնակարան է կառուցվում, որոնք առավել մատչելի գներով է նրանց տրամադրվելու:
Իսկ երիտասարդների համար դպրոցի բակերում, այգիներում ֆուտբոլի դաշտեր ենք կառուցում: Միայն ֆուտբոլի դաշտեր կառուցելու նպատակով՝ շուրջ 10 միլիոն դոլար տրամադրեցինք: Նրանց հաճելի ժամանցը ապահովելու համար կառուցում ենք այգիներ: Կարևոր էր նաև ավտոկանգառների կառուցման հարցը: Կառուցվելու է երեք հարմարավետ ավտոկանգառ, որպեսզի մարդիկ մեքենան կայանելիս՝ խնդրի առջև չկանգնեն:
– Հայ համայնքի համար կարևոր ձեռքբերում է Գլենդելում հայ-ամերիկյան թանգարանի ստեղծումը: Այդ նպատակով ԱՄՆ Կալիֆորնիայի նահանգապետ Ջերի Բրաունը նահանգի 2016-2017թթ. բյուջեից 1 մլն դոլար է հատկացրել կառուցման համար: Այժմ ի՞նչ ընթացքի մեջ են գտնվում շինարարական աշխատանքները:
– Այո՛, կարևոր և պատմական նշանակություն ունեցող իրադարձություն է այն դառնալու Գլենդելի հայ համայնքի կյանքում:
Հայ-ամերիկյան թանգարանի շենքն իր մեջ ներառելու է ցուցասրահներ, կրթական-մշակութային կենտրոններ, փոքրիկ թատրոն ու դասասենյակներ:
1.7 հեկտար մակերեսով թանգարանը դրսից շրջապատված կլինի գեղեցիկ պարտեզով, կկանգնեցվի նաև Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակներին նվիրված հուշարձան: Այն գտնվելու է Գլենդելի «Սիվիք Աուդիթորիում»-ի և Հանրային քոլեջի հարևանությամբ:
Թանգարանի կառուցման որոշումը կայացվել է 2014 թվականի նոյեմբերի 4-ին Գլենդելի քաղխորհրդի անդամների և ԱՄՆ Արևմտյան շրջանի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման հանձնախմբի միջև համաձայնագրի կնքման հիման վրա:
Նշեմ նաև, որ թանգարանի ընթացիկ աշխատանքները կանոնակարգելու համար ստեղծվել է հատուկ հանձնախումբ, որոնց հետ կապի մեջ ենք գտնվում: Տրամադրված հողատարածքի համար նրանք մեկ տարի ժամանակ ունեն, որպեսզի մեզ շինարարական աշխատանքների հարցերի հետ կապված ճարտարապետական նախագծեր և առաջարկներ ներկայացնեն:
Դրանից հետո, անհրաժեշտության դեպքում, մենք նրանց խորհուրդներով կօգնենք, որպեսզի ամեն ինչ լավ ստացվի:
Հուսանք՝ երեք տարի հետո կազդարարենք թանգարանի բացման ուրախալի լուրը:
-Գլենդելի քաղաքային խորհրդում միակ հայը Դու՞ք եք:
-Ո՛չ, երեք հայ անդամ ունի քաղաքային խորհուրդը, իսկ ընդհանուր հաշվով՝ հինգ հոգի են: Քաղաքապետի պաշտոնն ամեն տարի փոխվում է: Եթե պատմական ակնարկ կատարենք, ապա հարկ է նշել, որ մինչ այժմ Գլենդելը հինգ հայ քաղաքապետ է ունեցել: Առաջին հայ քաղաքապետը Լարրի Զարյանն է եղել, որին հաջորդել են Րաֆֆի Մանուկյանը, Բոբ Յուսեֆյանը, Զարեհ Սինանյանը և Արա Նաջարյանը:
Հաջորդ տարի, ամենայն հավանականությամբ, Գլենդելի քաղաքապետ ես կդառնամ:
-Պարո՛ն Ղարպետյան, հե՞շտ է արդյոք Գլենդելի քաղաքապետի պաշտոնին հասնել և մարդկանց վստահության քվեին արժանանալ:
-Քաղաքապետին բնակիչները չեն ընտրում: Խորհրդի կազմում գտնվող հինգ անդամներն են որոշում, թե իրենցից ով է լինելու քաղաքապետը: Կարելի է ասել՝ այն ավելի խորհրդանշական պաշտոն է:
Իսկ քաղաքային խորհրդի պաշտոնում ընտրվելու համար ընդամենը ժողովրդի վստահությանը պետք է արժանանաս: Եթե հասարակությունը վստահի քեզ, ապա կքվեարկի, եթե ոչ, ապա պետք չէ սպասել նրա աջակցությանը:
Ընտրություններում ազգային պատկանելիությունն այլևս դեր չի խաղում, այդ շրջանն արդեն անցել է. մարդիկ շատ ավելի փորձառու և քաղաքականապես հասուն են դարձել: Նրանք պարզապես հայ լինելու համար չեն քվեարկի քո օգտին:
-Ընտրվելով Գլենդելի քաղաքապետի պաշտոնում՝ ի՞նչ նոր ծրագրերով ու գաղափարներով հանդես կգաք:
-Քաղաքապետ ընտրվելուց հետո նպատակ ունեմ Գլենդելի քաղաքապետարանի աշխատակիցներից և Միացյալ կրթական խորհրդի անդամներից պատվիրակություն կազմել և Հայաստան բերել: Մտահղացում ունեմ, որ Գլենդելի Ոստիկանության, Շտապ օգնության, Ճանապարհային երթևեկության և մյուս համակարգերի աշխատակիցները Հայաստան գան, ծանոթանան իրենց գործընկերներին, տեսնեն այստեղի աշխատանքային պայմանները և ինչու ոչ՝ նաև փոխայցելություններ կատարեն՝ կիսվելով իրենց փորձառությամբ:
Առհասարակ, Հայաստանի հետ գործակցելով՝ կարող ենք տարբեր ծրագրեր իրականացնել: Նախ սկսենք փոքր սարը բարձրանալուց, որպեսզի հետագայում բարձունքի հասնենք: Ինչպես ասում են՝ մեծ քար վերցնողը կդժվարանա այն իր ուսերից ներքև գցել:
– Արցախյան քառօրյա պատերազմը մեկ անգամ ևս ապացուցեց հայ ժողովրդի միասնականությունը: Գլենդելի հայ համայնքն ի՞նչ ծրագրերով նեցուկ եղավ Արցախին:
– Առաջին իսկ պահից ականջալուր եղանք Արցախյան քառօրյա պատերազմի հետևանքով Հայաստանում և Արցախում տեղի ունեցող իրադարձություններին: Համայնքն անմիջապես ոտքի կանգնեց. հեռուստամարաթոններ կազմակերպեցինք, տարբեր հաշվեհամարներ և ֆոնդեր բացեցինք, նաև անհատները օգնություն ցուցաբերեցին:
Այդ ընթացքում մշտական կապի մեջ էինք ԼՂՀ կառավարության հետ` հասկանալու համար, թե ինչ տեսակի օժանդակություն է անհրաժեշտ տրամադրել: Առաջարկեցինք նաև մարդուժով օգնել. եղան կամավորներ, որոնք ցանկացան Արցախ մեկնել: Կամավորներն այդ մասին բարձրախոսով հայտարարեցին ապրիլի 23-ին տեղի ունեցած համահավաքի ժամանակ:
Ուզում եմ՝ Հայաստանում վստահ լինեն, որ սփյուռքահայերը պատրաստ են ամեն կերպ աջակցելու Արցախին և Հայոց բանակին:
Ապրիլյան պատերազմը մեկ անգամ ևս հնարավորություն տվեց տեսնելու Թուրքիայի և Ադրբեջանի իրական դեմքը և հասկանալու նրանց նպատակները: Մեկ անգամ ևս ականատես եղանք թշնամու դաժան քաղաքականությանը, որին զոհ գնացին և վիրավորվեցին հայ խաղաղ բնակիչները և քաջարի զինվորները:
Իբրև հայ, հպարտությունս մեծ է՝ տեսնելով, թե ինչպես հայ զինվորներն անպարտ ոգով Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմը հաղթեցին: Գուցե Հայոց բանակը հակառակորդին քանակապես զիջում է, բայց որակի, պատրաստվածության և մարտունակության առումով, անկասկած, առաջատար է:
Հիմա մեր տղաներին միայն լավ սպառազինել և առողջ սննդով է անհրաժեշտ ապահովել:
-Պարո՛ն Ղարպետյան, Հայաստանում գտնվելու օրերին մասնակցեցիք նաև ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագրի երրորդ փուլի բացման հանդիսավոր արարողությունը: Կցանկանայինք լսել Ձեր կարծիքը ծրագրի մասին:
– Անշուշտ, գովելի է «Արի տուն» ծրագրի իրականացումը: Այն սփյուռքահայ երիտասարդներին հայրենասիրությամբ վարակելու, Հայրենիքի պատմությանը, տեսարժան վայրերին ծանոթացնելու, սեփական արմատներին վերադառնալու մի մեծ ազդակ է:
Կարևոր է նաև այն, որ նրանք հնարավորություն են ունենում հայկական հյուրընկալ ընտանիքում ապրել և հայոց լեզվի դասընթացների մասնակցել:
Աղջիկս նույնպես ներկա էր «Արի տուն» ծրագրի բացմանը: Նա, տեսնելով մասնակից երեխաների ուրախությունը, ոգևորվեց և ծրագրին մասնակցելու ցանկություն հայտնեց: Գուցե հաջորդ տարի նա նույնպես «Արի տան» կանչով Հայաստան գա:
Հարցազրույցը՝ Գևորգ Չիչյանի