Արցախի վրա սանձազերծած Ադրբեջանի հանկարծահաս հարձակումը հայկական իրականության մեջ շատ հարցեր ստիպեց վերանայել ու սրբագրել, բացթողումները սթափ շտկել ու էլի բազում մեծ ու փոքր խնդիրների վրա ուշադրություն սևեռել: 4-օրյա դաժան պատերազմի դրոշմը կնիքվեց նաև Սփյուռքի բնականոն կյանքի վրա, և շատերն իրենց հնարավորության չափով ձեռք մեկնեցին Հայրենիքի ամենաթանկ հատվածին՝ Արցախին: Անմասն չմնացին նաև Նիդերլանդների տարբեր քաղաքների հայ համայնքները: Նրանք արդեն հանդես են եկել օգնության տարբեր կարգի նախաձեռնություններով:
Ինչպես հաղորդում է «Հայերն այսօրը»՝ հղում կատարելով «Նիդերլանդական օրագրին», Հյուսիսային Հոլանդիայի Ալկմար, Հերհուխովարդ և Կաստրիկում քաղաքների բնակիչների նախաձեռնությամբ էլ ստեղծվել է «Աջակցենք Արցախին» հանձնաժողովը: Նախագահ է ընտրվել Ալիսա Մովսիսյանը, ով փորձել է Նիդերլանդներում օգնությունները համակարգող միասնական կառույցի շուրջ համախմբել տարբեր կազմակերպությունների, նրանց միավորել միասնական գաղափարի շուրջ: Բանակցություններ են վարվել տարբեր հայկական կազմակերպությունների հետ, շատերն առայժմ համաձայնություն են հայտնել համատեղ ծրագրեր իրականացնել և միմյանց օժանդակել ամենատարբեր հարցերում:
Արցախին օգնող նորաստեղծ անձնաժողովը գործունեությանը զուգահեռ նաև կազմակերպչական բնույթի աշխատանքներ է իրականացնում, ընթանում են պաշտոնական գրանցման և հաշվեհամարների բացման ընթացակարգերը: Կապ է հաստատվել Արցախի կառավարության կողմից ստեղծված օգնություններն համակարգող հանձնաժողովի նախագահ Ժիրայր Միրզոյանի հետ, ով ողջունել է հոլանդահայերի նախաձեռնությունը: Օգնության պատրաստակամություն է հայտնել Հայաստանի ազգային ժողովի պատգամավոր Անահիտ Բախշյանը: Ոuսումնասիրվում է Հայաստանին օգնող հոլանդական մյուս կազմակերպությունների փորձը:
Բարեգործական առաջին ձեռնարկը «Աջակցենք Արցախին» հանձնաժողովը իրականացրել է հունիսի 19-ին: Այդ օրը հավաքվել էին 100-ից ավելի հայ համայնքի անդամներ, ովքեր բարեգործությանը զուգահեռ ծանոթացան միմյանց հետ, բացօթյա խնջույքի սեղանի շուրջ մոտիկից շփվեցին իրար հետ, մասնակցեցին մարզական խաղերի ու խոստացան նման ազգօգուտ հավաքներ հաճախակի կազմակերպել:
«Աջակցենք Արցախին» հանձնաժողովի 2-րդ միջոցառումը՝ հունիսի 26-ին, Կաստրիկում քաղաքի Maranatha եկեղեցու հետ համատեղ էր: Եկեղեցին նախօրոք հուշաթերթիկ էր տարածել, որով հայտնել էր բարեգործական ձեռնարկի մասին՝ զետեղելով Արցախի ու նրա ազատատենչ ժողովրդի պայքարի մասին մանրամասն տեղեկություններ: Ուշագրավ է, որ անակնկալ կերպով դրամահավաք էր կազմակերպել մեկ այլ՝ Wittekerkje Dijk en Duin եկեղեցին:
Այդ օրը սպառվել է հայ կանանց՝ բարեգործական ակցիայի շրջանակներում պատրաստված ամբողջ համեղ քաղցրավենիքը:
«Աջակցենք Արցախին» նորաստեղծ կազմակերպության ղեկավար Ալիս Մովսիսյանի խոսքով՝ իրենց հանձնաժողովի կազմակերպած առաջին երկու ձեռնարկները կարելի է հաջողած համարել. «Վստահ կարելի է ասել,- նշում է Ա.Կիրակոսյանը, որ մարդիկ ոգևորված են, որ կարողանում են օգտակար գործ անել Արցախի համար: Օրինակ՝ մեր հայրենակիցներից մեկը 1000 բացիկի տպագրության բոլոր ծախսերը իր վրա է վերցրել, իսկ Ամստերդամի «Գրիգոր Նարեկացի» դպրոցի սաները պատրաստակամություն են հայտնել իրացնել այն»:
Առաջին օգնությունը Արցախ կհասցվի օգոստոս ամսին: