«Այսօր գլխավորը Արցախի ինքնորոշման իրավունքի ուղղությամբ աշխատելն է». Սարգիս Շահինյան
Ներկայացնում ենք «Հայերն այսօրի» հարցազրույցը Շվեյցարիա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի գլխավոր քարտուղար, «Շվեյցարիա-Հայաստան» ընկերակցության նախագահ Սարգիս Շահինյանի հետ, ով վերջերս հայանպաստ ծավալուն գործունեության և միջխորհրդարանական բարեկամական կապերի ամրապնդման գործում ունեցած նշանակալի ավանդի համար պարգևատրվել է Հայաստանի Ազգային ժողովի Պատվո մեդալով:
– Պարո´ն Շահինյան, վերջերս Դուք արժանացաք ՀՀ Ազգային ժողովի Պատվո մեդալին: Ի՞նչ է Ձեզ համար նման գնահատանքը:
– Այս պարգևն ինձ համար մեծ նշանակություն ունի այն առումով, որ Հայաստանի ժողովրդի շահերը ներկայացնող խորհրդարանի կողմից է: Պարգևը տրվել է այն ջանքերի համար, որոնք տարիներ շարունակ իրականացվել են Շվեյցարիայի և Հայաստանի խորհրդարանները մերձեցնելու ուղղությամբ: Տարված աշխատանքի իմաստն այն է (և միշտ էլ այդպես է մնալու), որ քաղաքական համագործակցության կամուրջներն այն որակը ստանան, որը կնպաստի տնտեսական և ուսումնական ոլորտների փոխադարձաբար աճին ու արմատացմանը: Սակայն, ցանկությունը տարբերվում է իրականությունից:
Ի վերջո՝ իմ կարծիքով, Ազգային ժողովն այս պարգևատրումն իրականացրեց նաև՝ հաշվի առնելով կատարված ջանքերի իրականացումը զանազան մակարդակներում (նաև համաշխարհային գետնի վրա տարված ոչ պակաս արդյունավետ գործունեությունը), ինչն ինձ համար նշանակալի է և քաջալերական:
– Ձեր կարծիքով, այսօր ի՞նչ մակարդակի վրա են հայ-շվեյցարական հարաբերությունները:
– Շվեյցարիան տեսնում է իր դերակատարությունը Հայաստանում երկու գլխավոր ոլորտներում: Առաջինը՝ իբրև ռազմավարական և պատմական հակամարտությունների կենտրոն: Վերջինս Շվեյցարիային հնարավարություն կտա միջազգային հարթակում՝ իբրև լուծման գործոն, մեկ անգամ ևս ճանաչվել և հզորացնել պատմական հաշտեցնողի իր դիրքերը: Ամենակարևոր օրինակները Ցյուրիխի արձանագրությունների պատրաստման գործընթացն էր և Ղարաբաղի հակամարտության հաշտեցմանը նպաստելը, ինչպես օրինակ՝ անցյալ նոյեմբերին Սարգսյան-Ալիև նախագահների գագաթնաժողովի կազմակերպումը Բեռնում:
Երկրորդը՝ հասարակական զարգացումը և հումանիտար օգնություն մատուցելու ասպարեզն է, ինչը Շվեյցարիան անում է իր Արտաքին գործերի նախարարության (Զարգացման և համագործակցության դեպարտամենտի) միջոցով:
Սակայն երկկողմանի տնտեսական հարաբերություններն այնքան թույլ են, որ կարելի է հավասարեցնել ոչնչի: Շվեյցարիա-Հայաստան խորհրդարանական խմբի նախագահ (միևնույն ժամանակ՝ Շվեյցարիայի Ազգային ժողովի փոխնախագահ) Դոմինիկ դը Բումանի այցը հուլիսի 24-26-ը նաև այս ոլորտը զարգացնելու նպատակ ուներ: Ասեմ նաև, որ Հայաստանում Շվեյցարիայի դեսպանությունը, և դեսպան Լուկաս Գասսերն անձամբ, շատ մեծ ներդրում ունեցավ բոլոր ոլորտներում հարաբերությունները զարգացնելու ուղղությամբ:
– Ո՞ր ուղղությամբ, ո՞ր ոլորտներում է հնարավոր արդյունավետ համագործակցություններ իրականացնել:
– Ամենակարևոր ոլորտը, ուր կարող ենք մեծ աճ գրանցել՝ տուրիզմն է, որտեղ մեզ պետք է միայն նվազագույն ներդրում, ներքին ճանապարհների որակ, միջազգային մակարդակով մրցունակություն: Այս ամենն իրագործելու համար պետությունը պետք է առողջ, ստեղծագործող ուժերին առաջնություն տա և վերացնի մենաշնորհը: Միաժամանակ հարկավոր է տրանսպորտային կապերը զարգացնել և կարգավորել օդային ճանապարհի խոչընդոտները:
Մեր ամենահզոր պոտենցիալը տուրիզմն է, գյուղատնտեսությունը, տեղեկատվական տեխնոլոգիաները և բանկային համակարգը: Իսկ ամենաթույլ ոլորտը ծառայություններն են: Մենք կարիք ունենք մեր շուկան բացել այլ երկրներում, և դրա համար պետք է ունենանք մրցունակ ապրանք, որակի տեսակետից և պետք եղած քանակությամբ:
Մենք տարեկան 2811 արևայի ժամանակ ունենք, որը ոչ մի ձևով չենք օգտագործում: Կլիմայական պայմաններն են փոխվում, ինչի պատճառով մենք պետք է խնայենք մեր ռեսուրսները, հատկապես՝ ջրային:
– Ո՞րը (կամ որո՞նք) կհամարեք Շվեյցարիա-Հայաստան խորհրդարանական խմբի կարևոր ձեռքբերումն այս տարիների ընթացքում:
– Մենք Շվեյցարիայի խորհրդարանում կարողացանք ստեղծել հայկական իրականության հանդեպ այն գիտակցությունը, որը նախկինում չկար: Սկսելով Հայոց ցեղասպանության ճանաչումից՝ հասնելով Ղարաբաղյան հակամարտության մասին գիտակցության բարձրացում (չմոռանանք այս հունվարին Եվրախորհրդարանում տեղի ունեցած հակահայկական բանաձևի ձախողման դեպքը, որի գլխավոր հաջողություններից մեկը շվեյցարացի պատգամավորների՝ ի նպաստ Հայաստանի քվեարկությունն էր, ինչը, հասկանալի է, որ պատահականություն չէր), ինչպես նաև՝ Նախիջևանում Բաքվի կողմից գործադրված խաչքարերի ոչնչացման մասին միջազգային իրազեկում:
Մեր վերջին այցը (հունիսի վերջին) Դոմինիկ դը Բումանի հետ՝ երկկողմանի տնտեսական հարաբերությունները կենդանացնելու միտում ուներ:
12 տարվա ընթացքում Շվեյցարիա-Հայաստան բարեկամական խումբը 4 անգամ այցելել է Հայաստան և մեկ անգամ՝ Արցախ: Շեշտելով մեր սերտ հարաբերությունները Հայաստանի հետ՝ մենք միշտ ընդգծել ենք նաև թույլ կողմերը և՛ այս, և՛ նախորդ իշխանությունների:
Մասնակցել ենք նաև ՀՀ սփյուռքի նախարարության կողմից նախաձեռնած Քաղաքագետների և միջազգայնագետների համաժողովին (2012 թվականի նոյեմբերին), որտեղ ներկայացրել ենք մեր վերլուծությունները:
– Պարո´ն Շահինյան, հատկապես վերջին ամիսներին, բոլորիս մտահոգությունը Արցախի խնդիրն է և ԼՂՀ ճանաչման հարցը: Ինչպիսի՞ն են Շվեյցարիայի արձագանքներն այս հարցում և խորհրդարանական խումբն այս ուղությամբ ի՞նչ աշխատանքներ է տանում:
– Մեր գործողություններն այս պահին հասարակության մեջ գիտակցություն առաջացնելն է և խորհրդարանում, անհրաժեշտության դեպքում, վտանգները չեզոքացնելը (նշենք՝ Ռոբերտ Ուոլտերի բանաձևը ձախողելու արդյունավետ ջանքերը, որոնք իրագործվեցին Շվեյցարիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահի և Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի համակարգված գործունեության շնորհիվ):
Մենք հասկանում ենք, որ այսօր գլխավորը Արցախի ինքնորոշման իրավունքի ուղղությամբ աշխատելն է: Սակայն դժվարանում ենք գտնել մի հստակ, կարմիր թել, ինչին կարող ենք հետևել, ինչպես օրինակ՝ Ստեփանակերտի վերադարձը բանակցությունների սեղանի շուրջ:
Շվեյցարիա-Հայաստան խորհրդարանական խմբի կարևորագույն աշխատանքներից է 2011 թվականին Շվեյցարիայի խորհրդարանում լսում կազմակերպելը: Հրավիրված 4 միջազգայնագետները պատգամավորներին լուսաբանեցին Արցախի հակամարտության թե մարդկային իրավունքների կոնտեքստը, թե միջազգային իրավաբանության հարաբերությունները: Երկու լեզվով (ֆրանսերեն, գերմաներեն) հրատարակեցինք մի գրքույկ, որը ընդգրկում էր նաև մի CD-ROM, որտեղ լուսանկարներով և տեսանյութով փաստագրված էր Նախիջևանում Ադրբեջանի իրականացրած՝ մինչև այսօր անպատիժ ոճիրը:
– Պարո´ն Շահինյան, Արցախյան քառօրյա պատերազմը շատ բան փոխեց ինչպես Հայաստանում, այնպես էլ Սփյուռքում: Դուք զգո՞ւմ եք այդ փոփոխությունը և հատկապես որտե՞ղ:
– Պատերազմը ներխուժեց յուրաքանչյուրիս տուն և մտավ մեր հոգիների մեջ: Այն նույն տրավման առաջացրեց, ինչը որ 1988 թվականի Սպիտակի երկրաշարժը և 1991-94 թվականների Արցախյան պատերազմը:
Արցախյան քառօրյա պատերազմը ցույց տվեց, որ բանակում մենք դեռ անելիքներ ունենք: Մենք իրավունք չունենք ո՛չ հարյուր, ո՛չ տասը, նույնիսկ մեկ զինվոր կորցնելու:
Քառօրյա պատերազմը ցույց տվեց նաև մեր հակառակորդին, որ նա երբեք չի կարողանալու ուժով գրավել ազատագրված տարածքները:
Պարգևատրման հաջորդ օրը՝ մայիսի 7-ին, ցանկացա գնալ զինվորական հոսպիտալ և այցելել մեր վիրավոր զինվորներին: Այն ինչ տեսա՝ շատ ծանր էր: Ընդմիշտ հաշմանդամ դարձած 19-20 տարեկան ապրող կյանքեր, որոնք իրենց խորունկ լռությամբ ինձ էին սովորեցնում մեր ազգի արժանապատվությունը:
Բոլորս հասկանում ենք, թե ինչ տեսակ ժողովրդի ենք պատկանում, և թե ինչ պետք է անենք այս տեսակ երիտասարդներին մեր զուսպ և գործնական շնորհակալությունը հայտնելու համար…
25 տարի է անցել Անկախությունից: Այսօր առավել քան երբևէ՝ պետք է ոչ թե խոսքերով միայն, այլ զուսպ, ամենօրյա գործով, կառուցողական քննադատություններ ընդունելով, հասկանալով և սխալները շտկելով շարունակենք գործել: Սա է մեր աշխատանքը ինչպես Հայաստանում, այնպես էլ Սփյուռքում:
Ցեղասպանության ճանաչումը, որքան էլ կարևոր է յուրաքանչյուրիս համար, անցնում է երկրորդ գիծ: Մենք ունենք այսօր Արցախ, հայաբնակ տարածք, որն ատամներով պետք է պահենք հավերժ: Սա շատերը հասկացան Սփյուռքում: Այդ ամենը հիմա պիտի վերածենք գործի: Մեր ապագան մենք պիտի կերտենք, ուրիշ ոչ ոք, և հույսը՝ միայն մեզ վրա դնելով:
Զրուցեց՝ Լուսինե Աբրահամյանը