Ավանդական խարույկով ազդարարվեց «Արի տուն» ծրագրի երկրորդ փուլի ավարտը

Հուլիսի 1-ին Ծաղկաձորի «Արի տուն» ճամբարում տեղի ունեցավ ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն-2016» ծրագրի երկրորդ փուլի փակման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցեցին ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը, նախարարության աշխատակիցներ, հյուրեր:
ՀՀ սփյուռքի նախարարի անունից ողջունելով «Արի տուն» ծրագրի մասնակիցներին՝ նախարարի տեղակալը մասնավորապես նշեց. «Սիրելի’ արիտունցիներ, վստահ եմ, որ այս 14 օրերի ընթացքում հասցրեցիք ճանաչել Հայաստանը, սիրել ու կապվել մեր 25-ամյա անկախ Մայր Հայրենիքին: Այս օրերի ընթացքում դուք առավել հանգամանալից ծանոթացաք հայկական հարուստ մշակույթին, ազգային երգին ու պարին: Եվ, որ ամենակարևորն է, ձեռք բերեցիք նոր ընկերներ ու բարեկամներ: Մասնակցելով «Արի տուն» ծրագրին, կապեր հաստատելով միմյանց միջև՝ դուք նպաստում եք, որ իրապես ձևավորվի 10,5 միլիոնանոց միակամ հայություն: Հավատացած եմ, որ ձեզանից շատերն այսօր մեկնում են Հայաստանից՝ կրկին Հայրենիք վերադառնալու մեծ ցանկությամբ»:
Արիտունցիները հանդես եկան գեղեցիկ համերգային ծրագրով՝ կատարելով հայրենասիրական երգեր, ասմունքելով, պարելով: Բոլոր համարները պատրաստվել էին ճամբարային օրերի ընթացքում:
Այնուհետև իր կատարումով ներկաներին ողջունեց Հայկ Եսայանը:
Նշենք, որ ծրագրի երկրորդ փուլին մասնակցելու համար Հայաստան էր ժամանել 95 պատանի ու աղջիկ՝ Ռուսաստանից, Վրաստանից, Թուրքիայից, Հունգարիայից, Մոլդովայից, ԱՄՆ-ից: