«Միշտ մնա այդքան գեղեցիկ ու ամուր, իմ Հայաստա՛ն».արիտունցիներ

ՀՀ  սփյուռքի  նախարարության «Արի տուն-2016» ծրագրի երկրորդ փուլի մասնակից սփյուռքահայ հայորդիները «Հայերն այսօրին» փոխանցել են իրենց կարծիքներն ու տպավորությունները Հայաստանի մասին:

 «Ես  –  Ողջու՛յն,  իմ գեղեցիկ Հայաստա՛ն:

 Հայաստան– Ողջո՛ւյն, ինչո՞վ եմ պարտական, քո այդ գեղեցիկ այցին:

Ես– Ես եկել եմ օտար երկրից, որպեսզի վայելեմ քո  անսահման գեղեցկությունը:

Հայաստան– Շատ մեծ պատիվ է ինձ համար, աղջի՛կս:

Ես– Հայաստա՛նս, ինչո՞ւ ես դու այդքան թախծոտ:

Հայաստան– Ես միայն ներսից եմ այդպես թախծոտ, դա իմ պատմության  դաջվածքն է,  իսկ իրականում ես հզոր եմ և արարող:

Ես– Հայաստա՛ն,  ես քեզնով շատ եմ հպարտ և անչափ ուրախ եմ, որ հայ եմ»,ՙ- այսպիսի փոքրիկ մի երկխոսությամբ է իր սերն ու ջերմությունն արտահայտել Թուրքիայից եկած Սեդա Սաֆարյանը:

 «Երկար տարիներ է,  որ ճանաչում եմ Հայաստանը: Ցավոք,  Հայաստանում չեմ բնակվում, բայց անչափ շատ եմ սիրում Հայաստանը . այն իմ տունն է:  Հիանալի է՝ տարիներ անց կրկին գալ Հայաստան, զգալ Հայրենիքի շունչը, խմել սառնորակ,  անուշ ջուրը,  հայերենով խոսակցություններ լսել… Սիրում եմ Հայաստանի թե՛ լավ , թե՛ վատ կողմերը: Իմ կարծիքով ես և իմ բոլոր ընկերները շատ բախտավոր ենք, որ հնարավորություն ունեցանք գալ Հայաստան, շրջել,  լիանալ ու հիանալ մեր երկրով: Հուսով եմ, որ տարիներ հետո դարձյալ կգամ և արդեն կմնամ ու կապրեմ իմ տանը»ՙ- սրանք էլ,  դարձյալ Թուրքիայից,  Գայանե Ալոյանի   հուզումնառատ խոսքերն են:

« Բա՛րև, Հայաստան՝ իմ շատ սիրելի ընկեր, իմ հարազատ: Հինգ տարի անց ես այցելեցի քեզ: Շատ էի կարոտել, միշտ ձգտում էի քեզ տեսնել,  լինել քո քաղաքներում ու գյուղերում, տեսարժան վայրերում, վայելել  քո ամառն ու քո ոսկեգույն , քաղցրահամ ծիրանը: Երազանքս կատարվեց:  Դու շատ գեղեցիկ ես, բայց որոշ  մարդիկ իրենց պահվածքով փորձում են քեզ տգեղացնել, թույլ մի՛ տուր և մնա՛ միշտ այդքան գեղեցիկ ու ամուր, միշտ այդքան պայծառ, լուսավոր, իմ լա՛վ ընկեր»,- այս սրտագին բաղձանքով է ավարտում իր  խոսքը Թուրքիայից եկած  Աննա Իվանյանը:

 Հուսանք, որ նրանց մեծ ու չմարող կարոտը Հայրենիքի հանդեպ մի օր   դեպի Հայրենիք բերող վերադարձի   ճամփա կդառնա:

Գևորգ  Չիչյան

Scroll Up