«Սփյուռքում բանիմաց և հայրենասեր սերունդ է մեծանում». Շողիկ Փահլևանյան

ՀՀ սփյուռքի նախարարության Սփյուռքի երիտասարդների հայրենաճանաչության «Արի տուն» ծրագրի գերակա խնդիրներից է` ծրագրին մասնակից սփյուռքահայ պատանիների և աղջիկների համար հայոց լեզվի դասընթացիների անցկացումը:
Հնգօրյա դասաժամերի ընթացքում Երևանի Եղիշե Չարենցի անվան թիվ 67 դպրոցում հայոց լեզվի ուսուցիչները նրանց հոգում Մայրենիի, հայ գիր ու գրականության հանդեպ սեր են արթնացնում, ծանոթացնում հայ մեծերի կյանքին, հայ ժողովրդի պատմության պանծալի էջերին: Իսկ բոլոր նրանց, ովքեր չեն տիրապետում հայերեն գրել–կարդալուն, սիրահոժար հայոց այբուբենն են սովորեցնում:
Դասավանդող ուսուցիչներից մեկն էլ «Հայերն այսօրի» զրուցակից, ՌԴ–ում ՀՀ դեսպանությանը կից գործող «Վերածնունդ» հայկական կիրակնօրյա դպրոցի տնօրեն, մանկավարժական գիտությունների թեկնածու Շողիկ Փահլևանյանն է, որը այդ առաքելության իրականացման համար՝ ամառային արձակուրդներին Հայաստան է գալիս:
–Տիկի՛ն Փահլևանյան, ե՞րբ եք սկսել «Արի տուն» ծրագրի շրջանակներում սփյուռքահայ երիտասարդներին հայոց լեզվի դասընթացներ տալ:
-2015 թվականից եմ սկսել այս կարևոր գործը: ՀՀ սփյուռքի նախարարությունից ստանալով առաջարկը՝ միանգամից համաձայնեցի:
Նախարարությունում հաշվի էին առել այն փաստը, որ երկար տարիներ ապրում եմ Մոսկվայում և ռուսահայ երեխաներին դասավանդելու շուրջ 30 տարվա մեծ փորձ ունեմ:
«Արի տուն» ծրագրի շրջանակներում՝ դասավանդում եմ այն երեխաներին, որոնք հայերեն ընդհանրապես չգիտեն, ռուսախոս են, եկել են ՌԴ և այլ քաղաքներից:
Այդ մի քանի օրերի ընթացքում նրանց գրաճանաչ եմ դարձնում և ամեն ջանք գործադրում, որ հնարավորինս լավ հայերեն խոսեն: Դասընթացը անցկացնում եմ իմ հեղինակած ռուսերեն-հայերեն և ռուսերեն-հայերեն-անգլերեն զրուցարանների հիման վրա:
Պարտադիր սովորեցնում եմ ՀՀ պետական օրհներգը՝ «Մեր Հայրենիք»-ը, «Տերունական աղոթքը», մեկ ազգային երգ-պար և մի քանի հայրենասիրական բանաստեղծություններ: Այս ծաղկաքաղի միջոցով՝ նրանց դասաժամը հագեցած եմ դարձնում:
Սփյուռքահայ երիտասարդներն այս ամենից հետո հայկական ոգով են լցվում. դա նկատելի է նրանց փայլող և կայծկլտացող աչքերից:
–Ի՞նչ փոփոխություններ եք նկատում երեխաների մոտ հայոց լեզվի դասընթացի ավարտից հետո:
-Նախ պետք է մենք՝ դասավանդող ուսուցիչներս, այդ փոփոխության համար բարենպաստ պայմաններ ստեղծենք, որպեսզի նրանք գիտակցաբար, լրջորեն մոտենան հայոց լեզուն սովորելուն:
Միշտ խորհուրդ եմ տալիս ոչ միայն դասերի, այլև շրջայցերի ժամանակ նույնպես ուշադիր լինեն: Ստուգելու համար, թե որքանով են հետևել խորհրդիս՝ հաջորդ օրը նրանց տպավորությունների, այցելած պատմամշակութային վայրերի մասին եմ հարցուփորձ անում: Այդ քայլով ոչ միայն գիտելիքներն եմ ստուգում, այլև նպաստում եմ, որ հիշողության մեջ հիմնովին ամրապնդեն այն ամենը, ինչ տեսել և լսել են:
Հինգ օրերի ընթացքում կարողանում են հայատառ իրենց անուն-ազգանունը գրել, միմյանց հայերենով ողջունել, մի քիչ խոսել և կարդալ:
Իսկ դասընթացների վերջում՝ որպես նվեր, արիտունցիներին հայկական այբուբենն եմ հանձնում, որպեսզի իրենց բնակության վայրերում սրտներին մոտ պահեն մեր ոսկեղենիկ տառերը և երբեք չմոռանան այն:
Ես խոնարհվում եմ սփյուռքահայ երիտասարդների ծնողների, տատիկների ու պապիկների առջև, որոնք ամեն գնով իրենց երեխաներին փորձում են հայեցի դաստիարակություն փոխանցել և թույլ չեն տալիս, որ մոռանան սեփական լեզուն:
–Ո՞ր երկրների երեխաներն են առավել հետաքրքրություն ցուցաբերում դասընթացների ժամանակ:
– Մի փոքր դժվար է այս հարցում տարբերություն դնել: Ինձ համար բոլորն էլ հավասար են և մեկ հարթակի վրա են գտնվում:
Այստեղ բոլորս մեկ գաղափարի շուրջ ենք հավաքված՝ սփյուռքահայ պատանիներին և աղջիկներին հայերեն սովորեցնել:
Սկզբում նախ անհատապես ծանոթանում եմ երեխաների հետ, հասկանում նրանց հոգեբանությունն ու մարդկային առաձնահատկությունները, հայերենի իմացության մակարդակը, ապա սկսում եմ աշխատանքը:
Նաև հորդորում եմ, որ միմյանց միջև ընկերական հարաբերություններ ձևավորեն, կապվեն Հայրենիքին՝ ուժ ստանալով հայոց հող ու ջրից:
Շփվելով «Արի տուն» ծրագրի մասնակիցների հետ՝ հասկացել եմ, որ Սփյուռքում բանիմաց և հայրենասեր սերունդ է մեծանում:
Արիտունցիներն անընդհատ հարցեր են տալիս ինձ, ուզում են հնարավորինս շատ գիտելիքներ ստանալ: Նրանց ոգևորությունն ինձ էլ է փոխանցվում:
–Տիկի՛ն Փահլևանյան, Մոսկվայում ի՞նչ գործունեություն եք ծավալում:
-Մոսկվայի «Վերածնունդ» հայկական կիրակնօրյա դպրոցի տնօրենն եմ, մեթոդիստը, հայոց լեզվի և գրականության ուսուցչուհին: Հիմնադրման առաջին օրից ես այնտեղ դասավանդում եմ:
Դպրոցը ստեղծվել է 1988 թվականին՝ Խորհրդային Հայաստանի Լուսավորության մինիստրության, Մոսկվայի հայ համայնքի և Մոսկվայում Հայաստանի մշտական ներկայացուցչության միասնական ուժերով: Ստեղծման առաջին օրվանից դպրոցը գտնվում է ՌԴ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանատան շենքում:
Դպրոցի ստեղծման նպատակը Սփյուռքում հայապահպան գործունեություն ծավալելը և մոսկվաբնակ երեխաներին օտարացումից զերծ պահելն է:
Դպրոց են հաճախում 200-ից ավելի աշակերտ, որոնց խմբավորում ենք՝ ըստ հայերենի գիտելիքների իմացության մակարդակի:
Ունենք նախադպրոցական, դպրոցական, միջին և բարձր դասարանների աշակերտներ, ինչպես նաև՝ ուսանողներ:
Դպրոց են գալիս 5-25 տարեկան տղաներ և աղջիկներ: Եթե լինում են ավելի բարձր տարիքի անձինք, որոնք ցանկանում են դպրոց հաճախել, նրանց նույնպես փորձում ենք օգտակար լինել:
–Ի՞նչ առարկաներ են դասավանդվում դպրոցում:
-Հայոց լեզու, հայ գրականություն և հայոց պատմություն ենք դասավանդում, սովորեցնում ազգային երգ ու պար:
Մեզ համար հիշարժան դարձավ 1988-1989թթ. ուսումնական տարին, երբ Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Առաջինը Հայրապետական այցով Մոսկվայում գտնվելու ժամանակ դպրոց այցելեց: Նա օրհնեց բոլորիս և հայապահպան գործունեության մեջ բեղմնավոր ընթացք մաղթեց: Սփյուռքում գտնվողներիս համար դա ոգևորության մեծ աղբյուր էր: Մինչև այժմ լուսավոր հիշողություններ են պահպանվել այդ հանդիպումից:
Մենք Վեհափառին երդում տվեցինք՝ ինչ պայմաններում էլ գտնվենք, չհրաժարվենք հայ երեխաներին Մայրենին, հայ մշակույթն ու պատմությունը սովորեցնելուց և ասացինք, որ ազգապահպան աշխատանքն ամեն գնով շարունակելու ենք:
–Տիկի՛ն Փահլևանյան, վաղո՞ւց եք համագործակցում ՀՀ սփյուռքի նախարարության հետ:
-ՀՀ սփյուռքի նախարարության ստեղծման առաջին տարիներից միշտ կապի մեջ եմ եղել: Մասնակցել եմ նախարարության կողմից կազմակերպվող բոլոր խորհրդաժողովներին, համաժողովներին, «Սփյուռք» ամառային դպրոցի «Հայոց լեզվի և պատմության ուսուցիչների, կրթական գործի կազմակերպիչների վերապատրաստում» դասընթացին: «Վերածնունդ» դպրոցի աշակերտները պարբերաբար մասնակցում են «Արի տուն» ծրագրին:
Կարծում եմ՝ ՀՀ սփյուռքի նախարարությունն ավելի հեշտացրեց Սփյուռքի կրթօջախների գործունեությունը: Այն, որ Հայաստանից մեզ դասագրքեր են առաքում և Հայաստանում ուսուցիչների վերապատրաստում իրականացնում՝ արդեն մեծ դրվատանքի է արժանի:
Երախտագիտությունս եմ հայտնում ՀՀ սփյուռքի նախարարությանը՝ հանձին նախարար Հրանուշ Հակոբյանի, որ անդադար ուղիներ է փնտրում՝ Հայաստանը Սփյուռքին մերձեցնելու ուղղությամբ:
Շնորհակալ եմ նաև նախարարության աշխատակիցներին, որոնք բարեխղճորեն կատարում են իրենց աշխատանքը: «Արի տուն» ծրագրում մեծ է Համահայկական ծրագրերի վարչության պետ պարոն Գագիկ Գյանջումյանի և Գիտակրթական ծրագրերի բաժնի պետ տիկին Սիրվարդ Համբարյանի դերը: Տիկին Համբարյանը դասավանդող ուսուցիչների հետ մշտական կապի մեջ է: Հաճախակի հանդիպումներ է կազմակերպում՝ քննարկելով դասընթացների արդյունավետ կազմակերպմանն առնչվող բազմաբնույթ հարցեր, ծանոթացնում է ՀՀ սփյուռքի նախարարության նորություններին:
Գևորգ Չիչյան