Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդը հյուրընկալվեց ՀՀ սփյուռքի նախարարությունում
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2016/06/Ruminia.jpg)
Հունիսի 29-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Տաթև եպիսկոպոս Հակոբյանին:
Ողջունելով հյուրին՝ նախարարն արժևորեց հոգևոր առաջնորդի հայանպաստ գործունեությունը, բարձր գնահատեց վերջին տարիներին նրա իրականացրած աշխատանքը։
Սրբազան Հայրը շնորհակալություն հայտնեց ընդունելության համար, նշեց, որ Արցախյան քառօրյա պատերազմի օրերին եղել է Արցախում, հայ զինվորի կողքին: Հոգևոր առաջնորդը համոզված է, որ զինվորը նաև հոգևոր զորակցության կարիք ունի:
Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց համայնքի խնդիրներին, նախարարության ծրագրերին համայնքի մասնակցության ակտիվացմանը, քննարկվեցին և նախանշվեցին անելիքները:
Իր գործունեության ընթացքում Տաթև եպս. Հակոբյանը հիմնել է Շվեյցարահայ երիտասարդաց միությունը: Եղել է Հոլանդիայի Հայոց թեմի հոգևոր հովիվ, հիմնել է հինգ եկեղեցական ծխեր՝ Արնհեմ, Տոտրեխդ, Ասսըն, Այնթհովեն և Մաստրիխդ քաղաքներում, հիմնադրել է Ալմելոյի «Գեղարդ» երգչախումբը, կիրակնօրյա վարժարանը, Սուրբ Գրոց լսարանը և Հայ եկեղեցասիրաց կազմակերպությունը ( VAJA ):
2010թ. Ամստերդամի վարչության նախաձեռնությամբ Ամստերդամի Տիմըն գերեզմանոցում կանգնեցրել է խաչքար-հուշարձան` նվիրված Հայոց Ցեղասպանության նահատակների հիշատակին: Հրատարակել է Հոլանդիայի Հայոց հոգևոր հովվության պատկերազարդ եկեղեցական օրացույցը, կազմակերպել է Սուրբ Պատարագի հոլանդերեն թարգմանությունը: