«Շնորհակալությու՛ն, Հայաստան, շնորհակալությու՛ն, Սփյուռքի նախարարություն». Այսիմա Լարիսա Քըլըչեր
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2016/06/Արի-տուն1.jpg)
«Արի տուն-2016» ծրագրի մասնակիցները, բացի Հայրենիքի տեսարժան վայրերում լինելուց, մայրաքաղաքի Եղ. Չարենցի անվան դպրոցում մասնակցում են նաև հայոց լեզվի դասընթացների՝ այդ ժամանակահատվածում հնարավորինս գիտելիքներ ձեռք բերելով մայրենիից ու գրականությունից: Դասընթացն անցկացնող մայրենիի ուսուցչուհու հանձնարարությամբ նրանք իրենց կարծիքներն են շարադրել Հայաստանի մասին, ինչպես նաև իրենց շնորհակալական խոսքն են հայտնել ջերմ ընդունելության համար:
«Առաջին օրերին շատ էի հուզված՝ ընտանիքիցս հեռու լինելու պատճառով, բայց Հայաստանում շրջելուց հետո տրամադրությունս բարձրացավ և շատ ուրախ եմ, որ այստեղ եմ: Իմ հողի ծառերին ու իմ երկրի ճաշերին սիրահարվեցի: Այսօր վերջին օրն է, դրա համար շատ եմ տխրում: Հայաստանն այսպիսին, այսքա՜ն գեղեցիկ դարձնելու համար հայերը շատ ջանք թափեցին, որպեսզի այն փոխանցեն նոր սերնդին: Շա՛տ շնորհակալություն հայաստանցիներին. շնորհակալությու՛ն Հայաստան, շնորհակալությու՛ն Սփյուռքի նախարարություն»,- գրել է 2-րդ փուլի մասնակից Այսիմա Լարիսա Քըլըչերը՝ Թուրքիայից:
«-Հայաստա՛ն, բարև: Այս ի՜նչ գեղեցիկ է Արարատի տեսարանը:
-Ի՞նչ է, դու չե՞ս տեսել Արարատն այս կողմից:
-Չէ, չեմ տեսել, շատ հեռու է ինձնից:
-Նայի՛ր, այնքան էլ հեռու չէ, տեսա՞ր:
-Այո՛… գեղեցիկ է, օրերով կարող եմ նայել ու չկշտանալ: Հիմա հասկացա, թե ինչու այստեղ ամեն ինչի անունն Արարատ է…»,- այսպիսի փոքրիկ մի զրույցով է Հայաստանի մասին իր զգացումներն արտահայտել Թուրքիայից եկած երեխաների խմբի ղեկավար, 24-ամյա Նադիա Դուրաքօղլուն:
«Շնորհակալությու՛ն ՀՀ սփյուռքի նախարարությանն՝ այս գեղեցիկ ծրագրի համար. այն մեզ հնարավորություն է ընձեռում ճանաչել մեր Հայրենիքի մշակույթը, ավելի մոտիկից ծանոթանալու ավանդույթներին ու պատմամշակութային արժեքներին: Շա՛տ շնորհակալություն տիկին Շողիկին, ով կարճ ժամանակահատվածում մեզ սովորեցրեց հայոց այբուբենը, սովորեցրեց երգեր, պարեր: Այդ ամենը մեզ համար շատ հետաքրքիր նորություն էր»,- իր հիացական վերաբերմունքն է արտահայտել Մոսկվայից եկած 15-ամյա Արթուր Մանուկյանը:
«Ես շատ շնորհակալ եմ «Արի տուն» ծրագրի բոլոր կազմակերպիչներին: Ծրագրի շնորհիվ ես տեսա իմ Հայրենիքը, սովորեցի հայերեն խոսել, սովորեցի իմ Հայրենիքի պատմության կարևոր դրվագները: Շնորհակալություն եմ հայտնում հայոց լեզվի ուսուցչուհուն: Շատ ուրախ եմ, որ ընդգրկվեցի այս կարևոր ծրագրում»,-գրել է ծրագրի 2-րդ փուլի մասնակից Մոսկվայից եկած 13 տարեկան Մերի Պետրոսյանը:
«Արի տուն» ծրագրի շնորհիվ ես հրաշալի ամառ անցկացրի Հայաստանում, շփվեցի տարբեր երկրներից եկած հայ երեխաների հետ: Անսահման շնորհակալ եմ ՀՀ սփյուռքի նախարարությանը՝ մեզ այսպիսի հնարավորություն ընձեռելու համար»,- այսպես է գրել ՌԴ-ի Օբնինսկ քաղաքից 14 տարեկան Լիանա Թադևոսյանը՝ շարադրանքի վերջում իր նկարած խորհրդանշական սրտիկների պատկերով ասես ցանկանալով մեկ անգամ ևս ընդգծել Հայրենիքի ու ծրագրի հանդեպ տածած իր ջերմ վերաբերմունքն ու երախտագիտությունը:
Կարինե Ավագյան