Կայացավ կերպարվեստի լավագույն ստեղծագործությունների մրցանակաբաշխությանը ներկայացված աշխատանքների ցուցահանդեսը և Նոր Հալեպ թաղամասի կառուցման նպատակով հայ նկարիչների նվիրաբերած նկարների ցուցահանդես-վաճառքը
Հոկտեմբերի 9-ին Հայաստանի նկարիչների միությունում տեղի ունեցավ ՀՀ սփյուռքի նախարարության,
Համաշխարհային հայկական կոնգրեսի, Ռուսաստանի հայերի միության և Հայաստանի նկարիչների
միության համատեղ կազմակերպած մրցանակաբաշխությանը ներկայացված կերպարվեստի լավագույն
ստեղծագործությունների ցուցահանդեսի բացումը: Կայացավ նաև Նոր Հալեպ թաղամասի կառուցման
նպատակով հայ նկարիչների նվիրաբերած նկարների ցուցահանդես-վաճառքի հանդիսավոր բացումը:
Միջոցառմանը ներկա էին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Համաշխարհային հայկական կոնգրեսի և Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը, փոխնախագահներ Վլադիմիր Աղայանը և Արամ Սարգսյանը, Հայաստանի նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը:
Նախարար Հրանուշ Հակոբյանը ողջունեց ցուցահանդեսին սփյուռքահայ նկարիչների մասնակցությունը:
Արա Աբրահամյանը շնորհակալություն հայտնեց ՀՀ սփյուռքի նախարարությանը համահայկական մրցանակաբաշխությունների կազմակերպման գործում արդյունավետ համագործակցության համար:
Ցուցահանդեսին ներկայացված է շուրջ 300 ստեղծագործություն: Ցուցահանդեսի արդյունքների ամփոփման նպատակով ստեղծված հանձնաժողովը կորոշի լավագույններին: Սիրիահայերի համար Նոր Հալեպ թաղամասի կառուցման նպատակով հայ նկարիչների նվիրաբերած նկարների վաճառքից ստացված հասույթը կտրամադրվի այդ նպատակով ստեղծված ֆոնդին:
Ներկաները շրջեցին ցուցասրահում, ծանոթացան նկարիչների ստեղծագործություններին: