Հռոմի պապի հետ Մերձավոր Արևելքի խաղաղության համար «աղոթող» պատանիները. Աղոթք առ Սիրիա
Հունիսի 25-ին Հանրապետության հրապարակում Հռոմի Ֆրանցիսկոս Պապի էկումենիկ արարողությանը կմասնակցեն Սիրիայում ծնված, սակայն Սիրիական պատերազմից հետո Հայաստան տեղափոխված՝ Սոնա Կարադանայանը, Վանա Վարդանյանը և Հակոբ Չոլաքյանը: Հալեպում, Դեր Զորում, Քեսապում ծնված պատանիներն իրենց ծննդավայրից բերված մեկ բուռ հողով մասնակիցը կդառնան ալեկոծյալ տարածաշրջանում խաղաղության հաստատման համար Հռոմի Պապի աղոթքին:
Ներկայացնում ենք սիրիահայ պատանիների մասին «Հայերն այսօրի» փոքրիկ անդրադարձը:
Սոնա Կարադանայան
13-ամյա Սոնա Կարադանայանը ծնվել է Սիրիայի Հալեպ քաղաքում: Սիրիական պատերազմը սկսվելուց հետո՝ 2012 թվականի օգոստոսին Սոնան ընտանիքի հետ տեղափոխվել է Հայաստան:
Հայոց ցեղասպանությունից հետո Սիրիան դարձել է այն երկիրը, որը ապաստան է տվել Սոնայի նախնիներին ու դարձել աղջկա ծննդավայրը:
Սոնայի նախապապը Կիլիկիայի Չորք-Մարզվան գյուղից է, նախամայրը՝ Այնթապից:
Ընտանիքում առ այսօր սերնդե-սերունդ փոխանցվում է Հայոց ցեղասպանությունը վերապրած Սոնայի նախամոր պատմությունը:
«Իմ նախամայրը նորածին է եղել, երբ սկսվել է Հայոց ցեղասպանությունը: Բազմանդամ ընտանիքը ստիպված է եղել թողնել Այնթապը ու փախչել Քիլիս, ծնողները նորածնին թոնրի մեջ են թաքցրել այն մտադրությամբ, որ հաջորդ օրը վերադառնան ու նրան էլ իրենց հետ տանեն: Վերադառնալ կարողացել են միայն երկու օր անց: Երբ բացում են թոնրի բերանը, տեսնում են, որ երեխան ողջ է, սակայն թոնիրը կամաց ծխում է, ինչի պատճառով այրվել էին նախամորս ոտքի մատները: Այդպես էլ՝ առանց ոտքի մատների, ապրեց նախամայրս: Ու ամեն անգամ՝ որպես Ցեղասպանությունից մնացած դառը հիշողություն, նա իր առանց մատների ոտքերն էր ցույց տալիս»,-«Հայերն այսօրին» պատմում է Սոնան ու հավելում՝ որ եթե նախամայրս այդ ժամանակ մահանար, մեր ընտանիքը դժվար թե գոյություն ունենար այսօր:
Սոնան այժմ սովորում է Երևանի Նելսոն Ստեփանյանի անվան թիվ 71 դպրոցում: Արդեն հասցրել է ինտեգրվել Հայաստանի կյանքին, նոր ընկերներ ձեռք բերել: Հանրապետության հրապարակում կայանալիք էկումենիկ արարողությանը մասնակցելու և Հռոմի Ֆրանցիսկոս պապին մոտիկից տեսնելու լուրը՝ շատ ուրախությամբ է ընդունել. «Շատ ուրախացա, երբ ասացին, որ ես պետք է մասնակցեմ Հանրապետության հրապարակում կայանալիք արարողությանը: Կարծում եմ՝ հպարտություն է, որ Հռոմի պապը քո հայրենիք է այցելում, իսկ դու պետք է նրան նվիրված միջոցառման մասնակիցը դառնաս: Ընկերներս երբ իմացան այդ մասին, ասացին՝ Երանի քեզ:»
Սոնան շատ բան չի հիշում Սիրիական պատերազմից, որովհետև պատերազմը սկսվելուց անմիջապես հետո՝ տեղափոխվել են Հայաստան: Բայց առ այսօր Սիրիայում են մնացել իր ընկերները, որոնց հետ մշտական կապի մեջ է. «Ես ուզում եմ, որ Սիրիայում խաղաղություն հաստատվի և իմ ծննդավայրը նորից իր հին կյանքին վերադառնա: Ես խաղաղություն եմ ուզում նաև իմ հայրենիքի՝ Հայաստանի համար: Չեմ ուզում, որ պատերազմ լինի իմ հայրենիքում: Կարծում եմ՝ ոչ մի մարդ չի ցանկանա, որ կորցնի իր հայրենիքը: Թեև շատ կցանկանայի, որ մի օր մենք կարողանայինք վերադարձնել նաև Արևմտյան Հայաստանը, մեր Արարատ սարը»:
Հակոբ Չոլաքյան
Հակոբ Չոլաքյանը բնիկ քեսապցի է, 13 տարեկան է: Ծնվել է Գարատուրան գյուղում, որտեղ դարեր ի վեր ապրել են իր հայրական և մայրական տոհմերը՝ Չոլաքյանները և Սաղտճյանները:
Հակոբը հատուկ հետաքրքրություն ունի իր հայրենի Քեսապի շրջանի հայոց պատմության, բարբառի և նիստուկացի նկատմամբ: Կրթությունը ստացել է Հալեպի և Քեսապի ազգային վարժարաններում: Հայրը Հալեպում հայերենի ուսուցիչ է եղել: 2012-ին նրանք վերջնականապես որոշել են հաստատվել Քեսապում: «2014 թվականի մարտ 21-ին, երբ Թուրքիայի կողմից պատերազմական խոշոր գործողություններ սկսվեցին Քեսապի շրջաններում, մեր ընտանիքն ամբողջ ժողովրդի հետ ստիպված թողեց տունն ու տեղը և պատսպարվեց Լաթաքիայի հայոց եկեղեցու բակում, որտեղ երկու շաբաթ մնալուց հետո՝ գնացինք Լիբանան, ապա վերջնականապես հաստատվեցինք Հայաստանում»,-«Հայերն այսօրի» հետ զրույցում ասաց Հակոբը և հավելեց, որ հաճախ էր ծնողների ցանկություն հայտնում, որ իրեն Հայաստան բերեն:
Հայաստանը Հակոբի համար երբեք օտար երկիր չի եղել: Այն իր հայրենիքն է: Նա բավականին շատ տեղեկություններ գիտի Հայաստանի բնության, Երևանի, ճարտարապետական կոթողների և Արցախյան պատերազմի մասին: Մինչ Հայաստան գալն էլ արևելահայերեն արդեն կարդում էր և հասկանում: Իսկ Երևանի Պուշկինի անվան դպրոցի ուսուցիչները, դասընկերները, որտեղ սովորում է Հակոբը, օտարական չեն համարել իրեն, ցանկացած հարցում օգնել են`ընտելանալու նոր միջավայրին:
Հակառակ այս ամենին՝ Հակոբը խորը կարոտ է զգում Միջերկրական ծովի ափին գտնվող հայրենի Գարատուրան գյուղի հանդեպ: Կարոտը ամոքելու պատճառով էլ Երևանում հաճախում է «Վարք Հարանց» պարախումբ, որտեղ Քեսապի ժողովրդական երգեր, պարերգեր և պարեր են սովորեցնում:
Հունիսի 25-ին Հակոբ Չոլաքյանը սփյուռքահայ երիտասարդների հետ Հանրապետության հրապարակում մասնակցելու է Էկումենիկ արարողությանը և Խաղաղության աղոթքին:
Մաղթում է, որ Հռոմի Պապի այցելությունը օրհնաբեր լինի Հայաստանի և Արցախի և Սիրիայի համար և ասում. «Հնարավորություն ունենալու դեպքում Հռոմի Պապին խնդրելու է աղոթել, որպեսզի Սիրիայում խաղաղություն հաստատվի»,- «Հայերն այսօրի» հետ զրույցում ասաց Հակոբը:
Վանա Վարդանյան
Գեղեցկուհի Վանայի ընտանիքը Սիրիայի Դեր Զոր քաղաքից է, մի վայր, որ դարձավ Ցեղասպանությունից մազապուրծ հայորդիների հանգրվանը: Վանայի նախպապը այդ հայորդիներից մեկն էր: Նրան հաջողվել է ողջ մնալ` 7 անգամ փրկվելով ջարդերի սարսափից: Վերջին` 7-րդ անգամը ճակատագրական էր, քանի որ այս անգամ նա ստիպված էր մեռած ձևանալ` իրական մահից խուսափելու համար:
Դեր Զորում Վարդանյանների ընտանիքը նոր բույն է հյուսում` վերընձյուղվելով ու դառնալով մի մեծ գերդաստան: Այդ գերդաստանի ամենաերիտասարդ շառավիղներից մեկի` Վանայի ընտանիքն այսօր ապրում է Հայաստանում: Հայաստան են տեղափոխվել մի քանի տարի առաջ, երբ Սիրիայում մոլեգնեց պատերազմը: Պատերազմի սկզբում ընտանիքը ապաստան գտավ Հալեպում, որն այն ժամանակ ավելի ապահով էր, քան Դեր Զորը, իսկ երբ Հալեպում էլ սկսեցին ռումբեր որոտալ, տեղափոխվեցին Հայաստան` այստեղ կառուցելու ընտանիքի ապագան:
15-ամյա Վանան այսօր հաճախում է «Քվանտ» վարժարան, ունի բազմաթիվ ընկերներ ու երազանքներ: Դրանցից մեկն ի կատար է ածվում այսօր` Հռոմի պապի մատուցած էկումենիկ արարողությանը` իր անմիջական մասնակցությամբ: Իսկ ամենամեծ երազանքն է, որ իր ծննդավայրը՝ Դեր-Զորը, որ յուրահատուկ խորհուրդ ունի հայ ժողովրդի համար, վերգտնի իր խաղաղությունը…