Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված խաչքարի բացում Լեհաստանի Պոլանուվ քաղաքում
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2016/06/Xachkar.jpg)
Հունիսի 4-ին Լեհաստանի Պոլանուվ քաղաքից ոչ հեռու գտնվող Սուրբ Լեռ եկեղեցու բակում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված խաչքարի բացման և օծման հանդիսավոր արարողությունը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից:
Միջոցառմանը մասնակցում էին Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը, Պոլանուվի և Կոշալինի տեղական իշխանությունների ներկայացուցիչներ, Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու Լեհահայոց հոգևոր հովիվ Տաճատ Աբեղա Ծատուրյանը, Լեհաստանի Կաթոլիկ եկեղեցու ներկայացուցիչներ, Լեհաստանի հայ համայնքի անդամներ:
Միջոցառմանը ելույթով հանդես եկավ Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը, ով, մասնավորապես, կարևորեց այն հանգամանքը, որը Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված խաչքարը զետեղվում է Լեհաստանի սրբավայրերից մեկում: Դեսպանի խոսքերով՝ հիշատակի խորհրդանիշ լինելուց զատ այն խորհրդանշում է նաև քրիստոնեական արժեքների վրա հիմնված հայ և լեհ ժողովուրդների դարավոր բարեկամությունն ու համերաշխությունը:
Խաչքարի պատրաստման և տեղադրման գործում իրենց նշանակալի ավանդի և աջակցության համար դեսպան Ղազարյանը Լեհաստանում ՀՀ դեսպանության անունից շնորհակալագրեր հանձնեց խաչքարի հեղինակ Գրիգոր Ասլանյանին, Սուրբ Լեռ սրբավայրի հոգևոր սպասավոր Յանուշ Յենդրիշեկին և նախաձեռնության կազմակերպիչ Մարեկ Մաժիկին:
Այնուհետև Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու Լեհահայոց հոգևոր հովիվ Տաճատ Աբեղա Ծատուրյանի կողմից իրականացվեց խաչքարի օծման կարգ, որին հետևեց Էկումենիկ աղոթք՝ Լեհ Կաթոլիկ եկեղեցու հոգևորականների հետ միասին: