«ՌԱԿ-ը փորձում է դժվարությունները դյուրացնող կողմ լինել». Սևակ Հակոբյան

Մայիսի 26-27-ը Ռամկավար ազատական կուսակցությունը Երևանում գումարեց իր հերթական՝ 27-րդ  ընդհանուր պատգամավորական ժողովը:

Ժողովի ավարտին ընտրվեց կուսակցության նոր կենտրոնական վարչությունը, որի անդամները մայիսի 30-ին հանդիպեցին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի հետ:

Ներկայացնում ենք «Հայերն այսօրի» հարցազրույցը նորընտիր վարչության ատենադպիր, Լիբանանի «Զարթոնք» օրաթերթի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանի հետ:

– Պարո՛ն Հակոբյան, ինչպե՞ս կամփոփեք 27-րդ  ընդհանուր պատգամավորական ժողովը:

– Մայիսի 26-27-ը Երևանում գումարվեց Ռամկավար ազատական կուսակցության 27-րդ պատգամավորական ժողովը, որին ներկա էին 19 տարածաշրջաններից 16 ներկայացուցիչներ: Ինչպես սովորաբար է լինում՝ ժողովի ընթացքում ընտրվում է նոր կենտրոնական վարչություն, որը համարվում է կուսակցության խորհուրդը:

Ժողովի ավարտին ընտրվեց նոր ղեկավարություն, կենտրոնական վարչության նոր անդամներ՝ առաջիկա երեք տարիների համար: Կենտրոնական վարչության ատենապետ ընտրվեց Արգենտինայից Սերխիո Նահապետյանը: Կարևոր է, որ նորընտիր վարչության մեջ ներկայացված են կուսակցության գրեթե բոլոր շրջանակներն ու շրջանները:

Այս ժողովի առանձնահատկությունն այն էր, որ 1921 թվականից ի վեր առաջին անգամ էր կազմակերպվում Հայաստանում: Երկու օրերի քննարկումների արդյունքում՝ միասնաբար ուղենշվեցին առաջիկա երեք տարիների ծրագրերը, և հարցերը միասնաբար քննարկելու, լուծումներ գտնելու, որոշումներ կայացնելու մեխանիզմները: Կարևոր էր նաև այն առումով, որ առաջին անգամ է, որ համեմատաբար ավելի երիտասարդ անդամներ են ընդգրկվել վարչության կազմում: Միաժամանակ կուսակցության պատմության մեջ երկրորդ դեպքն է, երբ կին անդամ է ընտրվում կենտրոնական վարչության կազմում:

– Առաջիկա տարիներին կուսակցության առջնահերթությունները որո՞նք են լինելու:

– Առաջնահերթությունների մեջ են ինչպես նախկինում եղած, սակայն տակավին չիրականացված, այնպես էլ նոր ծրագրեր:

Ժողովի ավարտին ՌԱԿ-ն իր զորակցությունը հայտնեց Հայոց բանակին, Հայաստանի և Արցախի քաջարի զինվորներին, հայրենի պետականությանը և իր նվիրումը Հայաստանում, Արցախում և Սփյուռքում ապրող հայ ժողովրդին:

Վերահաստատեց, որ ՌԱԿ-ի դավանանքն ու մտասևեռումը եղել ու մնում է մշտապես ծառայել հայ ժողովրդի գերագույն շահերին: Կուսակցությունը հաստատեց իր ազգային հանձնառությունը՝ շարունակելու պայքարը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, հայ ժողովրդի պահանջատիրության իրականացման, ինչպես նաև՝ Արցախի ճանաչման ուղղությամբ:

Ժողովը կարևորեց ջավախահայության խնդիրները, վերահաստատեց սիրիահայերին օգտակար լինելու պատրաստակամությունը:

ՌԱԿ-ը նաև պատրաստակամություն հայտնեց, առաջնորդվելով հայ ժողովրդի գերագույն շահերին ծառայելու նախանձախնդրությունից, գործակցելու Սփյուռքի բոլոր այն կառույցների հետ, որոնք ունեն միևնույն մտասևեռումը՝ համադրելու, ներդաշնակելու և արդյունավետ դարձնելու իրականացվող աշխատանքները:

– Պարո´ն Հակոբյան, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը ՌԱԿ-ի ներկայացուցիչների հետ հանդիպմանը կարևորեց Հայաստանի զարգացման, Լեռնային Ղարաբաղի ճանաչման և հայապահպանության խնդիրները: Ռամկավար ազատական կուսակցությունն այս ուղղությամբ ի՞նչ աշխատանքներ է իրականացնում:

– Հայրենիքի ամենադժվար, անգամ 180 աստիճանի տարբեր գաղափարախոսություն ունենալու օրերին Ռամկավար ազատական կուսակցությունը միշտ եղել է հայրենիքի կողքին այն պարզ տրամաբանությամբ, որ վարչակարգերը, իշխանություններն անցողիկ են, սակայն  հայրենիքը հավերժ է:  Հայաստանն այսօր անկախ է, ինչը մեզ ավելի է պարտադրում հայրենիքի կողքին լինել անկախ բոլոր դժվարություններից, և փորձել դժվարությունները դյուրացնող կողմ լինել:

Անշուշտ, դժվարությունները, աղմուկը շատ է այսօր, նկատի ունենալով երկրի հասարակական-տնտեսական պայմանները, արդարության պակասը, սակայն մենք հասկանում ենք, որ այս երկիրը տակավին երիտասարդ է, շատ ավելի հին երկրներ դեռ ունեն նմանօրինակ հարցեր, խնդիրներ: Մենք լավատես ենք. միմյանց օգնությամբ, փոխհասկացողությամբ՝ հայրենի իշխանությունները ելքեր կգտնեն:

Իսկ ցանկացած փոփոխություն պետք է տեղի ունենա հայրենի հողի վրա: Հայրենիքից հեռու լոզունգներ արձակելը, իշխանություններին դասեր տալը, փոփոխությունների կոչերը մենք գիտենք ինչի կարող են հանգեցնել: Դրսում ունենք արդեն նման փորձառություն. օրինակ՝ Արաբական գարունը և այլն: Մենք բնավ չենք ուզում հայրենիքն այդ վիճակում տեսնել: Ցանկացած փոփոխություն պետք է տեղի ունենա հայրենիքում, ներսից, օրենքով և իր տրաբանության սահմաններում:

Ինչ վերաբերում է ԼՂՀ խնդիրին, ապա այդ հարցը պետք է իր ցանկալի լուծումը ստանա դիվանագիտական աշխարհում: Միջազգային ընտանիքն այլևս պետք է պատասխանատվություն վերցնի՝ ճանաչելով արցախցի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, ինչպես մյուս ազգերի: Հատկապես, որ Արցախն արդեն 25 տարի անկախ է, և ժողովուրդն է ընտրել իր ինքնորոշման իրավունքը, իր ճակատագիրը:

Մեզ համար ուրախալի երևույթ է, որ եթե ոչ պետական, ապա քաղաքների, նահանգների մակարդակով արդեն Արցախի ճանաչման գործընթացը սկսել է տեղի ունենալ: Յուրաքանչյուրիս պարտականությունն է՝ մեր ապրած երկրներում Արցախի ճանաչման լոբբինգը անել: Սա ազգային, ավանդական, համահայկական կազմակերպությունների պարտականությունն է: Ռամկավար ազատական կուսակցությունը ևս, ինչպես մյուսները, պետք է օգտվի իր ունեցած ծանոթություններից, քաղաքական կյանքում ունեցած ներկայությունից՝ այս բոլորը ծառայեցնելով Արցախի անկախության ճանաչմանը:

– Պարո՛ն Հակոբյան, ԶԼՄ-ներն ի՞նչ կարող են անել այս հարցերում:

– Լրատվամիջոցներն ամենակարևոր խոսափողն են՝ այս մտքերը տարածելու և հանրության սեփականությունը դարձնելու առումով: Հետևաբար, մենք մեր կարելի ենք անում, իհարկե՝ մեր կարողությունների սահմանում:

Նախ պետք է ժամանակի փոփոխությանը ենթարկվել, համահունչ քայլել: Օրինակ՝ «Հայերն այսօր» պարբերականն առաջին իսկ օրից էլեկտրոնային կայք-էջ է: «Զարթոնքը» տպագիր թերթ է՝ իր ավանդական մտածողությամբ, ավանդական աշխատանքային ձևով և իր ավանդական պատասխանատուներով:

Ես համեմատաբար երիտասարդ խմբագիր եմ և իմ, թերթի պատասխանատուների համար դեռ շատ անելիքներ կան առջևում: Բարեբախտաբար, վստահությունը մեծ է, և մենք ժամանակակից միջոցներն օգտագործելով՝ դեպի առաջ կգնանք: «Զարթոնքը» Ռամկավար ազատական կուսակցության օրգանն է, և բնական է, որ պետք է ծառայի նաև կուսակցության ռազմավարության տարածմանը և նրա խոսափողը լինի, ինչն էլ փորձում ենք մեր կարելիությունների սահմանում կատարել:

– Ինչքա՞ն ժամանակ է, որ ղեկավարում եք «Զարթոնքը»:

– Ես «Զարթոնքի» աշխատակից եմ եղել դեռ փոքր տարիքից, բայց պաշտոնի եմ անցել շուրջ երկու տարի:

Հայկական թերթերը, որոնք գոյատևել են  Սփյուռքում, հիմնականում ազգային կուսակցությունների օրգաններ են: Անձնական նախաձեռնությունները, դժբախտաբար, ժամանակի ընթացքում դադարել են գոյություն ունենալ հասկանալի պատճառներով: Միութենականն ու կուսակցականն թերթերն են, որոնք իրենց կռնակին ունենալով հաստատություն կամ կուսակցություն՝ ամեն տեսակ զոհողության  գնով շարունակում են գոյատևել:

Այս պատճառով է, որ համարվում է կուսակցական խոսափողը, բայց դա, անշուշտ, թերթին իր առաքելությունից ոչ մի մետր չի շեղում: Իսկ Սփյուռքի մամուլի հիմնական առաքելությունը հայապահպանությունն է. եթե մեկ ընթերցող էլ մնա, մենք պետք է շարունակենք թերթեր հրատարակել և ընթերցողին հասցնել, որպեսզի այդ թերթերի միջոցով զգա իր հայկականությունը և հայկական լուր ստանա:

Դժբախտաբար ժամանակները փոխվել են, որոնք մեր առջև նոր մարտահրավերներ են դրել: Օրինակ՝ «Հայերն այսօրը» արևելահայերենից և արևմտահայերենից բացի, ունի նաև ռուսերեն և անգլերեն տարբերակ, որն  իր կարևորությունը և տրամաբանությունն ունի: «Զարթոնքի», «Նոր օրի» պարագայում ևս այդպես է, իսկ «The Armenian Mirror-Spectator»-ը միայն անգլերեն է:

Դժբախտաբար, բոլորս գիտենք և սա գաղտնիք չէ, որ Սփյուռքում հայախոս երիտասարդների թիվը գնալով քչանում է: Լիբանանի օրինակով կարող եմ ասել, որ մինչև 30 տարեկան երիտասարդների ավելի քան կեսը հայերենով ընթերցել չգիտեն. նրանց մեջ է նաև տղաս: Սա ցավ է մեզ համար, մենք, իհարկե, պատասխանատու ենք, սակայն ժամանակներն են այդպիսին, և այդ ամենի առաջն առնելը շատ դժվար է:

Այս նպատակով է, որ մենք փորձում ենք շաբաթը մեկ անգամ անգլերեն տարբերակով հրապարակում իրականացնել, որպեսզի այդ երիտասարդները թերթին կապված մնան, հայկական լուրեր կարդան:

Պարո՛ն Հակոբյան,, որպես վերջաբան՝ ինչ կհավելեք:

– Ուզում եմ  հաջողություն մաղթել «Հայերն այսօրին»: Այն շատ կարևոր կայք-էջ է: Ինչպես մեր ներկայացուցիչների հանդիպման ժամանակ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ասաց, հատվածական բնույթ չունի: «Հայերն այսօրը» այն լրատվական միջոցն է, որտեղ Սփյուռքի բոլոր կազմակերպությունները, կուսակցությունները արդարորեն են ներկայացված:

Լուսինե Աբրահամյան

Scroll Up